«Գլխին կրակելը վնասազերծել չէ». իրավապաշտպաններն ասում են, որ ամռանը մահացած Արման Ենգիբարյանի հանդեպ ոստիկանների գործողությունները իրավաչափ չեն եղել
00:00, October 26, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | ՈստիկանությունԱյս տարի ամռանը հետապնդման ժամանակ ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Արման Ենգիբարյանի հայրը դիմել է դատարան` պահանջելով, որ վերսկսվի ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության քննությունը:
2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:
Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տվյալներով` Ենգիբարյանը կասկածվել էր որպես այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երևանում բնակարաններ ավազակային հարձակումներ կատարած անձ ու հետապնդվել, չենթարկվելով ոստիկանների պահանջներին` Արմանը մարդաշատ վայրում զենք էր կիրառել` ոստիկանների դեմ օգտագործելով օրինական կերպով իրեն պատկանող գազային ատրճանակը:
Թեպետ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը պարզելուն միտված նախաքննության ժամանակ որոշ տուժողներ հաստատել էին, որ ջրմուղի աշխատակից ներկայացած ու իրենց բնակարան ներխուժած մարդը Արման Ենգիբարյանն էր եղել, նրա հայրը համոզված է` գործը հավուր պատշաճի չի քննվել, և իր որդուն պարզապես սպանել են:
«Որդուս սպանողը պիտի պատասխան տա: Ո՞նց թե օրինական են արել: Գլխին կրակելով սպանել են, դրա օրինականը ո՞րն է»,- բողոքում է հայրը` Սերգեյ Ենգիբարյանը:
Հոր ներկայացուցչի` փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքը ներկայումս քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որով նրանք պահանջում են անվավեր ճանաչել ՀՔԾ հատուկ կարևոր գործերով քննիչ Գ. Գևորգյանի` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
ՀՔԾ-ից «Մեդիալաբին» հայտնում են, որ Արման Ենգիբարյանի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով 2011 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հետապնդում չիրականացնել, քանի որ նախաքննությամբ պարզվել է, որ Արման Ենգիբարյանին վնասազերծած ոստիկանության ծառայողների գործողությունները եղել են իրավաչափ:
Մինչդեռ Մարուքյանը պնդում է, որ քննիչի կայացրած որոշումը անհիմն ու անօրինական է, ավելին` ըստ փաստաբանի, նախաքննության մարմինը խախտել է Արման Ենգիբարյանի և նրա հոր` ազգային և միջազգային իրավանորմերից բխող իրավունքները:
«Մինչ օրս Արման Եգիբարյանին տուժող, Սերգեյ Ենգիբարյանին` տուժողի իրավահաջորդ և ինձ` որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ չեն ճանաչել»,- տեղեկացնում է Մարուքյանը` նշելով, որ Արման Ենգիբարյանին տուժող չճանաչելը սահմանափակել է նրա հարազատների կողմից սույն գործով նախաքննությանը մասնակցելու հնարավորությունը:
Փաստաբանը բացատրում է, որ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելով` այն է, հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի սպանությունը…, ՀՔԾ-ն ոչ միայն խախտել է անմեղության կանխավարկածը, այլ նաև որոշել է, որ Արման Ենգիբարյանը հանցանք կատարած անձ է, ով սպանվել է անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ:
«Նախաքննության մարմինը պարտավոր էր ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածով քրեական գործ հարուցելուց հետո անմիջապես Արման Ենգիբարյանին ճանաչել տուժող, ինչը չի կատարել»,- ասում է փաստաբանը` հավելելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Աշոտ Աղասյանն Արման Ենգիբարյանին սպանել է ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում:
«Կարող էր ոտքին կամ առողջության համար կենսական նշանակություն չունեցող հատվածների կրակել, գլխին կամ որովայնին կրակելը վնասազերծել չէ»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ` տեղի ունեցածը արտադատարանային մահապատիժ է, քանի որ առանց դատարանի որոշման մարդուն մահապատժի են ենթարկել.
«Խախտվել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը: Գլխին կրակել չի թույլատրվում, որովհետև վնասազերծումը հաստատ գլխին կրակելով չեն անում: Կարող էր կա´մ ոտքին կրակել, կա´մ այնպիսի մասերի, որ ընդամենը Արմանի շարժունակությունը թուլանար»:
Աղբյուրը՝ www.medialab.am
Անուշ Բուլղադարյան