«Դավաճան պիտակը կիրառվում էր ավտորիտար երկրներում, երբ կարծում էին՝ զինվորը ոչ թե մարդ է, այլ՝ ստրուկ»
13:38, October 1, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՎերջերս ֆեյսբուքում քննարկման առիթ դարձավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ ԼՂՀ-ադրբեջանական սահմանը հատելու, ադրբեջանական կողմին հանձնվելու եւ երրորդ երկիր տեղափոխվելու հարցը: Կարծիքներ հնչեցին, որ Հակոբը դավաճանել է հայրենիքին: Կային նաեւ տեսակետներ, որ գերության մեջ գտնվող զինծառայողի հասցեին ոչ ոք իրավունք չունի քննադատություններ հնչեցնել: «Ասպարեզը» Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նապագահ Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կարծում, արդյո՞ք հայ զինծառայող Հ.Ինջիղուլյանի՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնելու հանգամանքները պարզելու վերաբերյալ ՊՆ-ն բավարար հետաքննություն իրականացրել է:
Ըստ իրավապաշտպանի, ռազմագերիների, անհայտ կորածների վերաբերյալ խնդիրն ունի երկու կողմ: «Մեկը պատճառների եւ հանգամանքների ուսումնասիրությունն է, երբ զինվորը կամ քաղաքացիական անձը հայտնվել է գերության մեջ կամ անհետ կորել: Ռազմագերու դեպքում երկրորդ գործողությունը մյուս կողմի հետ (որի մոտ զինվորը գտնվում է գերության մեջ) աշխատանքների իրականացումն է: ՊՆ-ն առնվազն պարտավոր է ծառայողական քննություն անցկացնել՝ պարզելու այն հանգամանքները, որոնց պատճառով Հակոբը հայտնվել է գերության մեջ, նաեւ բացահայտել նրա անմիջական հրամանատարների պատասխանատվությունը: Ինքը զինվոր է, ով գտնվել է հրամանատարության ենթակայության ներքո: Սկսած դասակի, ջոկի հրամանատարությունից մինչեւ վաշտի, գումարտակի հրամանատար, այս ամբողջ շղթայի գործողությունները կարեւոր են»: Ըստ Ա.Սաքունցի, կարեւոր է նաեւ՝ արդյո՞ք զինվորի ծառայության նկատմամբ պատշաճ հսկողություն եղել է եւ որո՞նք են եղել այն խախտումները, որոնց պատճառով Հակոբը հայտնվել է սահմանի հակառակ կողմում: Ոչ ճիշտ վերահսկողությու՞նը, հրամանը:
Իրավապաշտպանը կարծում է՝ դեպքի վերաբերյալ քննություն իրականացվել է, բայց պարտավոր էին առնվազն դրանց արդյունքները ներկայացնել Հակոբի ծնողներին: Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիայնի, զինծառայողը մոլորվել եւ հայտնվել է սահմանի հակառակ կողմում, ասացի զրուցակցիս:
«Միայն ասելով չէ, հետաքննություն ասվածի վերաբերյալ նաեւ նյութեր են ներկայացվում, որի շրջանակներում տարբեր մարդիկ բացատրություներ են տալիս: Համածառայակիցներ, հրամանատարներ եւ այլն: Գնահատվում են դրանց իսկությունը եւ համապատասխանությունը իրականությանը: Եթե ասում են՝ մոլորվել է, պետք է ներկայացնեն՝ ինչ հանգամանքներում: Ուրեմն՝ կամ պետք է մտածել, որ հրամանատարական հսկողությունն է թույլ եղել, որովհետեւ զինվորը հո ինքնակամ չի՞ թողել զորամասը եւ դուրս եկել: Եթե մոլորվել է, նշանակում է՝ որեւէ մեկը հրաման է տվել, որ Հակոբն ինչ-որ տեղ գնա եւ պատշաճ հրահանգավորում չի եղել»:
Ա.Սաքունցը կարծում է, որ մի շարք հարցերի այդպես էլ պատասխաններ չեն գտնվում: «Ժնեւյան կոնվենցիաների համաձայն, ռազմագերիների փոխանակման հարցերով հակամարտության մեջ գտնվող կողմերը պետք է միմյանց հետ առնվազն տեղեկատվական կապ ունենան, բայց հիմա՝ չունեն: Պաշտոնապես Ադրբեջանն ու Հայաստանն իրար հետ հակամարտության մեջ չեն գտնվում, սա է հարցը»:
Սաքունցի խոսքերով, հիմա տեղեկատվություն փոխանակելու միակ տարբերակը եւ ռազմագերիների փոխանակման հարցերով միջնորդը հանդիսանում է «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն». «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորմամբ, առնվազն կարող է բարձրացնել ռազմագերու վերադարձման հարցը: Գերության մեջ գտնվող անձի վերաբերյալ ոչ ոք իրավունք չունի քննադատություններ հնչեցնել. գերեվարված զինծառայողի համար առաջնայինը նրա առողջության պահպանման խնդիրն է: Դավաճան կամ նման պիտակներն ավելի շատ կիրառվում էին ավտորիտար պետություններում, երբ կարծում էին՝ զինվորը ոչ թե մարդ է, այլ՝ ստրուկ»:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/razmageriner-hy/