«Եթե Հայրիկյանը նման որոշում է կայացրել, նշանակում է՝ մարդու խելքը տեղն է»
20:23, February 5, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքՆշենք, որ փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ հունվարի 31-ին հրազենային հարձակում էր տեղի ունեցել, հայտարարել է, որ չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան՝ նախագահի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Այս հայտարարություններից անմիջապես հետո եղան մեկնաբանություններ, թե Պարույր Հայրիկյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ կամ վախեցել է:
Արթուր Սաքունցին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք խախտվո՞ւմ է Պարույր Հայրիկյանի իրավունքը, եթե ընտրությունները հետաձգելու պահանջով նա չի դիմում ՍԴ: Արթուր Սաքունցը շեշտեց՝ միայն Պարույր Հայրիկյանն իրավունք ունի որոշելու՝ անհաղթահարելի խոչընդոտ կա՞, թե՞ ոչ, և եթե թեկնածուն նման որոշում է կայացրել, որևէ օրենք չի խախտում:
Նրա կարծիքով՝ Հայրիկյանի որոշումը քաղաքական ուժերը փորձում են շահարկել՝ իրենց շահերից ելնելով: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, իր շահերից ելնելով, իր նպատակներին հարմարեցնելու համար՝ գնահատական է տալիս: Բայց, կներեք, թող բարի լինեին իրենք իրենց նպատակների համար իրենց ռեսուրսներն օգտագործեն, ոչ թե Հայրիկյանի մահափորձը: Ես դա անբարոյականություն եմ համարում»,- նշեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցին զայրացրել է այն մոտեցումը, որ բոլորն արդեն մոռացել են մահափորձի, դրա պատճառների և նպատակների մասին, և հիմա հարցը տեղափոխում են այն հարթություն, թե ինչո՞ւ Հայրիկյանը չի դիմել ՍԴ:
Աղբյուրը՝ http://168.am/2013/02/05/176393.html
Տե՛ս նաև՝
Պարույր Հայրիկյանի գործը չի բացահայտվի. իրավապաշտպան – mardik.am
Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը երկու նպատակ էր հետապնդում. Ա. Սաքունց – galatv.am