«Խոշտանգումներ իրավական համակարգում»
00:00, June 24, 2010 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2010 թվականի հունիսի 22-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ կայացավ “Խոշտանգումներ իրավական համակարգում” թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի, քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամներ, տեղական իրավապաշտպան հասարակական կազմակերպություների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ:
Աշխատանքային քննարկման սկզբում կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը մասնակիցներին ներկայացեց քննարկման նպատակը:
Կազմակերպությունն ակնկալում է հավաքել իրավապահ համակարգում առկա խոշտանգման փատերը և հաշվի առնելով Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հերթական այցը` ներկայացնել այլընտրանքային զեկույց:
Հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցները պետք է քննարկեին զեկույցի կառուցվածքը, ներկայացնեին իրավապահ համակարգում իրենց հայտնի խոշտանգման փաստերը, ընդհանուր համակարգային խնդիրները:
Մասնակիցների ներկայացմամբ` ամենահիմնական համակարգային խնդիրն այն է, որ որևէ վերահսկողություն չկա մինչև ձերբակալումը ոստիկանություն բերման ենթարկված և ոստիկանությունում գտնվելու ընթացքի նկատմամբ:
Ձերբակալված անձանց պահելու վայրերում դիտորդություն իրականացնող խումբն իրավասություն չունի տեսակցել կամ զրուցել ոստիկանությունում գտնվող այն քաղաքացիների հետ, որոնց ձերբակալման վերաբերյալ որոշում չկա: Այս խմբի անդամները չեն կարող ուսումնասիրել նաև համապատասխան փաստաթղթերը:
Մասնակիցները նշում են, որ ոստիկանություն բերման ենթարկելու վերաբերյալ գրառումներ օրենքով սահմանված կարգով չեն իրականացվում: Սա պրակտիկայում դրսևորվող հիմնական խնդիրն է, որի հետևանքով էլ տարածվում են իրավապահ մարմինների չարաշահումները` քաղաքացիներին ապօրինի անազատության մեջ պահելու, նրանց բռնության ենթարկելու մասով:
Հաջորդ խնդիրը արձանագրված խոշտանգումների փաստերի առթիվ պետության կողմից պատշաճ քննության բացակայությունն է:
Մասնակիցները ներկայացրեցին դեպքեր, երբ դատաքննության ժամանակ ամբաստանյալը հայտարարել է նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին, սակայն որևէ միջոցառում այդ կապակցությամբ չի ձեռնարկվել:
Քննարկման արդյունքում մասնակիցները պայմանավորվեցին ներկայացնել իրենց պրակտիկայում դրսևորված խոշտանգման կոնկրետ փաստերը, որոնք կներառվեն զեկույցի մեջ: