«Ծոմակի» շահերի ներկայացուցիչը քրգործի ընթացքով առայժմ բավարարված է
06:12, May 25, 2012 | Նորություններ | Սեփականության իրավունք | ՈստիկանությունԱրդեն հայտնի է, որ մայիսի 8-ին Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող եւ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող «Դիայվայ»՝ DIY ակումբի հրկիզման փաստի առիթով ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ակումբի սեփականատիրոջ՝ Արմինե Օգանեզովա-«Ծոմակի» փաստաբան Լիզա Գրիգորյանը, քրգործը հարուցվել է բացառապես ակումբի հրկիզման փաստով եւ ՔՕ 185-ի 3-րդ մասով՝ գույքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելը: Ոստիկանությունում ակումբը դիտավորությամբ հրկիզելու համար եղբայրներ՝ 1992 թ. ծնված Արամե եւ 1993 թ. ծնված Համբիկ Մ.-երին մեղադրանք է առաջադրվել, բայց երկուսն էլ այսօր ազատության մեջ են, որովհետեւ մեկի նկատմամբ գրավ է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Սրա համար տղաները պարտական են բացառապես հայրենի մի երկու պատգամավորի: Ինչ վերաբերում է հրկիզմանը հաջորդած եւս մի քանի ոտնձգություններին՝ ինչպես ակումբի, այնպես էլ նրա սեփականատիրոջ եւ այցելուների դեմ, որոնք միասին վերցրած՝ բավականին մեծ աղմուկ բարձրացրին ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային իրավապաշտպան կառույցներում, ապա այդ մասով քրգործեր դեռ չեն հարուցվել. ասում են՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Փաստաբան Լիզա Գրիգորյանին հարցրինք՝ իր վստահորդին բավարարո՞ւմ է, որ քրգործ է հարուցվել հրկիզման փաստի ու հիշյալ մեղադրանքի շրջանակներում, երբ այդ հրկիզումը փաստորեն զուգորդվել է իրավական տեսանկյունից նաեւ այլ հանցագործությունների հատկանիշներով՝ սեփականության անձեռնմխելիություն, հաշվեհարդարի սպառնալիք եւ այլն: «Մեղադրանքն առայժմ դա է: Այս պահին դեռ մի քիչ դժվարանում եմ ասել՝ բավարար ապացույցներ կա՞ն, թե՞ չէ, բայց մենք այս պահին նյութեր ենք հավաքում»,- հայտարարեց DIY-ի սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ փաստաբանը՝ հավելելով, որ երբ քրեական գործի նախաքննությունը որոշակի փուլի հասնի եւ ապացույցներ ձեռք բերվեն, նոր միայն կմտածեն դրա մասին:
Լիզա Գրիգորյանը նաեւ դժվարացավ ասել, թե որն է իր եւ իր վստահորդի պահանջը կամ ակնկալիքը իրավապահ, քննչական մարմիններից: «Այս պահին դժվարանում եմ որեւէ բան ասել, որովհետեւ փորձաքննություններ են նշանակված, որոնց պատասխանները դեռ չկան: Այսինքն՝ կարելի է ասել, որ գույքը դիտավորյալ ոչնչացնելու փաստը կա, հիմքերն ու ապացույցները կան, բայց մնացած մասով, թե դա ի՞նչ կարելի է որակել՝ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ քննություն է գնում, վկաների են լսում: Երբ այդ ամենն ավարտվի, նոր հնարավոր կլինի ամփոփ որեւէ բան ասել»:
Իրավապաշտպաններն այս գործով շեշտում էին, թե խախտվել է նաեւ ակումբի սեփականատիրոջ եւ այցելուների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի սահմանադրական դրույթը: Արդյոք բավարար պայմաններ կա՞ն նաեւ այդ մի իրավունքի ոտնահարման փաստի մասին բարձրաձայնելու: «Դժվարանում եմ ասել: Այս պահին միայն կարող եմ փաստել, որ նրանց նկատմամբ եւ հեռուստատեսությամբ, եւ տարբեր լրատվամիջոցներով մի տեսակ գրոհի նման բան կա: Բայց մյուս կողմից՝ իրենք էլ են ԶԼՄ-ներով հայտարարություններով ու մեկնաբանություններով հանդես եկել, դժվարանում եմ ասել, չեմ ուզում ոչ օբյեկտիվ բան ասել: Պարզ է, որ իրենք զգում են, որ իրենց նկատմամբ ագրեսիա, հարձակում կա, վատ վերաբերմունք կա: Բայց ես ավելի կողմ եմ դա իրավական շրջանակներում ձեւակերպել: Այն, որ որոշակիորեն հասարակական կարծիքը նրանց դեմ տրամադրվեց եւ որոշակի սեռական կողմնորոշման ինչ-որ վերագրումներ եղան՝ բացասական հետեւանքներ, իհարկե, ունեցավ, բայց թե դրանք որքանո՞վ է հնարավոր տեղավորել իրավական հարթությունում եւ որքանո՞վ են իրավաչափ՝ այս պահին դժվարանում եմ որեւէ բան ասել: Երբ նախաքննությունը գոնե մոտ լինի ավարտին՝ հնարավոր կլինի հստակ ասել, թե ինչ է տեղի ունեցել, եւ մեր օրենսդրությունը որքանով է հնարավորություն տալիս տեղի ունեցածի համար քրեորեն պատժել կամ պատասխանատվության ենթարկել»,- հայտարարեց փաստաբանը: Ի հավելումն մեր հարցին, թե՝ պնդելո՞ւ են, որ քրգործ հարուցվի նաեւ այն փաստով, որ հրկիզումից հետո էլ երիտասարդները գալիս էին ակումբ ու անհանգստացնում, սպառնում էին դրա տերերին ու այցելուներին՝ Լիզա Գրիգորյանն ասաց. «Դեռ նյութերը նախապատրաստվում են, երբ վերջացնեն եւ ինչ-որ վերաբերմունք ցույց տան՝ այդ ժամանակ մենք կարող ենք որեւէ բան ասել»:
Իսկ ահա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս միջադեպերին անդրադառնալով՝ ասաց, թե DIY ակումբի դեմ կատարված գործողություններում մի քանի հատկանիշներով է քրեորեն հետապնդելի արարքներ կատարվել, ու առաջինն այն է, որ խախտվել է մարդու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, որը պետք է դառնա քննարկման առարկա: Սաքունցի ասելով՝ նախ՝ առկա է սեփականության իրավունքի ոտնահարման փաստը, նաեւ վնասի փոխհատուցման խնդիր կա, ու ոչ միայն գույքին պատճառված վնասի, այլեւ բիզնեսի մասով, որովհետեւ «ակումբը բիզնես-գործունեություն է, եւ ենթադրաբար դրանից եկամուտներ են ստացվում, որոնք ակումբը չի ստացել հարձակումների եւ չգործելու հետեւանքով, ուստի՝ պիտի նաեւ կրած նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացվի: Նաեւ բարոյական վնասի փոխհատուցման խնդիր կարող է առաջանալ, որովհետեւ ակումբի վերաբերյալ տարածվել է բացասական տեղեկատվություն, որն անխուսափելիորեն կազդի դրա հաճախելիության ու եկամուտների նվազման վրա»: Իրավապաշտպանն ասաց, թե մենք չունենք բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն, բայց դա կարող է Եվրոպական դատարանի քննարկման առարկա դառնալ:
Նա մատնանշեց նաեւ ակումբի սեփականատիրոջ նկատմամբ ոտնձգությունների, նրա պաշտպանվածությանն ու նաեւ իրավապահ մարմինների կողմից ակումբի՝ որպես բիզնեսի, անվտանգության ապահովման գործում ոչ համաչափ գործողությունների կամ անգործության փաստը՝ հայտարարելով, որ դա եւս կարող է վիճարկման առարկա դառնալ: «Եթե մարդիկ զանգում են ոստիկանություն եւ ասում են՝ էլի եկել են, թքել են կամ ոտնձգություն են կատարել բարի նկատմամբ, իսկ ոստիկանությունն ասում է՝ եկեք հայտարարություն գրեք, կամ ասում են՝ եթե մյուս անգամ էլ գան, նոր կմիջամտենք: Սա այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում բուտիկների պաշտպանվածությունն ու այս դեպքում բարի պաշտպանվածության միջոցառումների բացակայությունն ուղղակի անհամաչափ են: Ոստիկանությունը Մաշտոցի պուրակում ամեն կերպ պաշտպանում էր բուտիկների սեփականատերերի շահերը»,- ասաց Սաքունցը: Իրավապաշտպանն ասաց, թե DIY-ի նկատմամբ հարձակումն ու դրան հաջորդած միջադեպերն արդեն դուրս են եկել միայն մասնավոր շահ լինելու շրջանակներից եւ հայտնվել են ոչ միայն մեր հանրության, այլեւ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, ու դրա հետ կապված կոշտ քննադատություններ կլինեն Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված միջազգային կառույցների տարեկան զեկույցներում:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/05/24/73865/