«Կառավարությունը չպետք է որոշի, թե երբ պետք է գնամ ննջեցյալների շիրիմին»
13:36, September 25, 2012 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՀՀ կառավարությամբ որոշմամբ, Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են: Դա արված է նրա համար, որ աշխատողներին հնարավորություն տրվի իրենց հարազատների շիրիմներին այցելել: Առաջին հայացքից դրական թվացող որոշումը, շատերի կարծիքով, իր բացն ու թերությունը ունի. 27-ամյա Արմենը նշում է. «Ի՞նչ օգուտ նրանից, որ երկուշաբթին ոչ աշխատանքային օր է, եթե, այսպես թե այնպես, բացը լրացվելու է շաբաթ օրվա հաշվին»: Իսկ 30-ամյա Աննան հարցն ավելի շատ կրոնական է համարում.
-Ոչ աշխատանաքային օր լինելը նպաստում է նրան, որ ժողովուրդը տոն օրով գերեզմանոց չգնա ու չսգա: Ամեն ինչ իր ժամանակն ունի, իսկ մեզ մոտ շատ հաճախ տոնն ու սուգը խառնվում են:
Հարցին այլ տեսանկյունից է նայում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը. նա գտնում է, որ կառավարության տվյալ որոշումը միջամտություն է իր, որպես քաղաքացու, խղճի ազատությանը, եւ ցանկանում է դատական կարգով բողոքարկել այն.
-ՀՀ եկեղեցին, ըստ Սահմանադարության, անջատ է պետությունից, իսկ տվյալ դեպքում կառավարությունը եկեղեցուն տալիս է մոնոպոլ դիրք, ըստ էության, որոշումը մեկ եկեղեցու տրամաբանությամբ է: Այսինքն, որոշումը պետության կողմից միջամտություն է եկեղեցական կառույցների գործունեության դաշտում եւ մեկին մյուսի համեմատ առավելություն տալիս է:
Արթուր Սաքունցը նշում է, որ որոշումը պարունակում է խտրականություն, որովհետեւ Հայաստանում գործում են այլ եկեղեցիներ եւս, որոնք ունեն տոնական ու հիշատակի օրեր:
-Ինչու՞ մեկ այլ եկեղեցու, օրինակ` բողոքականի, տոների հիման վրա չեն սահմանում ոչ աշխատանքային օրեր: Ո՞րն է այդ տարբերությունը:
Որպես այս հարցի պատասխան` հաճախ նշվում է, որ Առաքելական եկեղեցին եկել է դարերից եւ գոյություն է ունեցել անգամ պետության բացակայության ընթացքում: Սրան էլ ի պատասխան` ոմանք նշում են. ուրեմն` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը հաշվի չառնե՞լ: Այնպես որ, ստացվում է բավականին կնճռոտված խնդիր մեր իրականության, գործող օրենքների, որոշումների հակասության շնոհիվ:
Ի դեպ, վերը նշված խնդրին անդրադառնալով` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի ղեկավարը կրոնական խտրականության խնդրից բացի` նշում է նաեւ, որ կառավարության որոշմամբ սահմանվում են օրեր, թե երբ պետք է հիշեն ննջեցյալներին. «Վերջին հաշվով, կառավարությունը չպետք է որոշի այն օրերը, թե ես երբ պետք է գնամ իմ ննջեցյալների շիրիմին: Նման որոշմամբ ինքը կանխորոշում է իմ ազատությունը, ինչն էլ ես համարում եմ ոչ անհրաժեշտ միջամտություն»: