«Կարող ա քեզ բռնաբարեմ…». Նարեկը Ս. Սարգսյանին խնդրում է պաշտպանել ոստիկաններից
08:20, August 28, 2012 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՎանաձորի բնակիչ Արմենակ Ափինյանը «Առաջին լրատվական» կայքի միջոցով ահազանգում է, որ իր ընտանիքին կարող են վնասել ոստիկանները, ովքեր չեն համակերպվում այն մտքի հետ, որ տղան ցուցմունք է տվել ոստիկանությունում իր նկատմամբ դրսևորած բռնի և ստորացուցիչ վերաբերմունքի մասին: Պատճառն այն է եղել, որ Նարեկը ինչ-որ ծեծկռտուքի գործով հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ո՛չ դեպքի վայրում է եղել և ո՛չ էլ տեղյակ է եղել:
«Իմ որդին՝ Նարեկ Ափինյանը, օգոստոսի 17-ի գիշերվա 12-ից մինչև առավոտվա 5-ը գտնվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժնում և այդ ընթացքում ոստիկանների կողմից ենթարկվել է խոշտանգումների և ստորացման, որի մասին գրված է Նարեկ Ափինյանի ցուցմունքի մեջ: Բողոքից երեք օր անց նրան համոզել են բողոքը փոխել և տղաս, գտնվելով վախի և հոգեկան խախտվածության մեջ, փոխել է ցուցմունքը, բայց հաջորդ օրը իմ հետ խորհրդակցելուց հետո եկավ այն գիտակցության, որ այդ բարբարոսներին պետք է ենթարկել պատասխանատվության, և նորից գործին ընթացք տվեց: Ու քանի որ մեր քաղաքը փոքր է և ձեր աչքից հեռու, մեզ կարող են վնասել այդ հանցագործ ոստիկանները, ուստի, որպես ՀՀ նվիրյալ և օրինապաշտ քաղաքացիներ …, խնդրում եմ ապահովել մեր անվտանգությունը և հնարավորինս շուտ»,- սա Արմենակ Ափինյանի նամակն է՝ ուղղված նաև Սերժ Սարգսյանին:
Մինչ մեզ դիմելը՝ Ա. Ափինյանը դիմել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ խնդրելով դիմել իրավասու բոլոր ատյաններին՝ Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, իրենց անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Կազմակերպությունն էլ օրերս հանցագործության մասին հաղորդում է ուղարկել նշյալ պաշտոնատար անձանց՝ Նարեկ Ափինյանին Վանաձորի ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգելու, նրա նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վարվեցողություն ցուցաբերելու վերաբերյալ: Ըստ Նարեկ Ափինյանի՝ 2012թ. օգոստոսի 17-ին ոստիկանության աշխատակիցները իրեն իր աշխատանքի վայրից՝ «Պանտեռա» գիշերային ակումբից, երեկոյան ժամը 11:30-ին 12:00-ի սահմաններում բերման են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզություն: Նարեկ Ափինյանը պատմել է, որ իրեն տարել են ինչ-որ մեկի աշխատասենյակը, որտեղ նստած է եղել ոստիկանության աշխատակից Արամ Ղազարյանը, Երևանից ոստիկանության ինչ-որ աշխատակից, Արտյուշա Հարությունյանը, Գևորգ անունով ինչ-որ թաղային, Սպիտակ քաղաքից ինչ-որ ոստիկան:
Ի սկզբանե ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը Ն. Ափինյանի նկատմամբ եղել է անհարգալից: Նրան ասել են, որ ինքը մասնակից է եղել ինչ-որ ծեծկռտուքի և առաջարկել են, որ բացատրություն գրի տվյալ միջադեպի վերաբերյալ: Տեղյակ չլինելով միջադեպից՝ Ն. Ափինյանը հրաժարվել է և հայտնել է, որ ինքը տեղեկություններ չունի, որից հետո ոստիկանության աշխատակիցները սկսել են հայհոյանքներով և սպառնալիքներով խոսել նրա հետ: Նրանց՝ այդ պահվածքից անհանգստացած Նարեկը ցանկացել է իր հեռախոսից զանգահարել, որպեսզի օգտվի փաստաբան ունենալու իրավունքից, և փաստաբանը ներկա լինի հարցաքննությանը: Սակայն նրան արգելել են և ստիպել են բացատրություն գրել: Ն. Ափինյանը հրաժարվել է՝ ասելով, որ իր փաստաբանի ներկայությամբ կգրի: Ոստիկանության աշխատակիցները նրան համոզել են, որ Ն. Ափինյանը դրա իրավունքը չունի և պարտավոր է բացատրություն գրել, հակառակ դեպքում նրան թույլ չեն տա, որ գնա: Ամբողջ հարցաքննության ընթացքում Ն. Ափինյանն ասել է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, իսկ ոստիկանության աշխատակիցները նրան սպառնացել են՝ ասելով. «Բա պատմի՝ խի՞ ես ստիպում, որ մենք քու հետ վատ վարվենք, երդում կեր, որ չես խաբում»: Այդ ժամանակ աշխատասենյակ մտած թաղային Գևորգը, բռնել է Ն. Ափինյանի ձեռքից և ասել՝ «խի ես տղեքին խաբում, գողակա՞ն ես գնում…»:
Ղազարյան Արամը նստած է եղել Ն. Ափինյանի կողքին և անընդհատ, մոտավորապես 10 անգամ ձեռքով հարվածել է Ն. Ափինյանի գլխին և պարանոցին: Նրան ստիպել են երդվի, որ այդ ամենի հետ կապ չունի և սեռական բնույթի հայհոյանքներ են տվել: Ն. Ափինյանին ասել են` «քո վդից երևում ա, որ բեսամտ կայֆարիկ ես, մեզ մի խաբի, քֆուր կեր, որ մեզ մի բառ չես խաբել»: Երևանցի քննիչը նրան ասել է՝ «տաբուրետկեն գլխիդ կջարդեմ» և սպառնացել՝ «կարող ա քեզ բռնաբարեմ», և հայտնել է, որ նա շատերին է տենց արել, ովքեր իրեն խաբել են, իսկ Արամ Ղազարյանը ասել է՝ «կարող ա հեսա քեզ քաշեմ ոտերիս տակ, այ ճիճու»:
Ըստ Ն. Ափինյանի ոստիկանության աշխատակիցները բռնի ձևով ցանկացել են, որ նա ընդունի չկատարած հանցագործությունը:
Ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունները, Ն. Ափինյանի նկատմամբ կիրառված խոշտանգումները, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը տևել են 2012թ. օգոստոսի 17-ի 11:30-ի սահմաններից մինչ 2012թ. օգոստոսի 18-ի 00:05-ը: Բացատրությունը գրելուց հետո՝ ժամը 00:05-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները վերցրել են Ն. Ափինյանի բջջային հեռախոսի համարը, որից հետո միայն թողել են, որ նա գնա:
Ըստ Ն. Ափինյանի՝ նա մինչ այս պահը գտնվում է ծանր սթրեսի մեջ գիշերն ապրած հոգեբանական ճնշումների պատճառով:
«Ելնելով վերոգրյալից` դիմում եմ Ձեզ, քրեական գործ հարուցելու և Ն. Ափինյանին խոշտանգած և հոգեբանական ճնշումների ենթարկած ոստիկանության աշխատակիցներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջով»,- նման պահանջով ՀՔԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազին է դիմել ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցը:
Իսկ Սերժ Սարգսյանին գրած նամակը Արմենակ Ափինյանն այսպես է եզրափակել. «Տղաս ծառայել է Լեռնային Ղարաբաղում` որպես օրինակելի սահմանապահ և այսքանից հետո ենթարկվում է խոշտանգումների ու ստորացման ոստիկանության աշխատակիցների կողմից: Մեր թշնամիներն այդ օրենքի ներկայացուցիչներն են, որ ատելություն են ներարկում հայ քաղաքացուն դեպի իր կառավարությունը, և ժողովուրդը հայհոյում է ոչ թե նրանց, այլ Ձեզ, պարո’ն նախագահ, քանի որ առջևում Դուք եք:
Պահանջում եմ պատժել անօրեն ոստիկաններին (մասնավորապես` Արամ Ղազարյան, Արտյուշա Հարությունյան և այլոք)՝ մասսայական և խիստ, որպեսզի դաս լինի և մյուսներին…»: