«Կարող եմ ենթադրել, որ կամ ոստիկանությունը անգրագետ է, կամ ստում է»
12:04, August 14, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԻնչպես հայտնի է, երեկ քաղաքապետարանին հարող տարածքից ակտիվիստ Միհրան Մելքոնյանին ոստիկանները բերման են ենթարկել: Ոստիկանությունը պարզաբանել էր, որ բերման ենթարկվածը կալանավայրում է եղել և 2012 թվականի դեկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ վաղաժամկետ պայմանական ազատման որոշում է կայացրել: Մելքոնյանը պարտավորվել է վեց ամիսը մեկ ներկայանալ պատժի այլընտրանքային կրման հաստատություն: Սակայն ինչպես ԳԱԼԱ-ին հայտնում է որպես իրավապաշտպան Մելքոնյանին այցելած Արթուր Սաքունցը, 2013 թվականի ապրիլի 4-ից նրան չի տեսել անգամ մայրը. վերջինս չի իմացել տղայի գտնվելու վայրի մասին, իսկ տղան չի ներկայացել նաև պատժի կրման այլընտրանքային հաստատություն:
Միհրան Մելքոնյանի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշում է կայացրել, համաձայն որի վերջինս կկրի իր պատժի չկրած 6 ամիսը:
Արթուր Սաքունցը նշում է, որ եթե Մելքոնյանը չի գնացել ոստիկանություն, ինչը պարտավոր էր անել, ապա նշանակում է՝ կարգ է խախտել, և բնական է, որ պիտի հետախուզում հայտարարվեր նրա նկատմամբ ոստիկանության կողմից: Սակայն իրավապաշտպանը գտնում է, որ ոստիկանությանն այնուամենայնիվ պետք է որոշ հարցեր ուղղել. նախ` երբվանի՞ց է ոստիկանությունը այդ հետախուզումը հայտարարել, հետո` երբ հետախուզումը հայտարարվում է, ապա հետախուզվող անձի տվյալները պետք է հայտնվեն ՀՀ ոստիկանության բոլոր բաժիններին, ուստի պետք է ճշտել` հայտնվե՞լ են Մելքոնյանի տվյալները բոլոր բաժիններում, թե՞ ոչ: Հաջորդը` եթե հետախուզվող անձի տվյալները հայտնվել են, հետախուզման մասին որոշումը եղել է, հետևաբար յուրաքանչյուր ոստիկանի պետք է ծանուցվեր այդ մասին:
Այս պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ նստացույցի ընթացքում Մելքոնյանը մի քանի անգամ առնչություն է ունենում ոստիկանության հետ, բայց որևէ մեկը չի հասկանում, որ սա հետախուզվող անձ է: «Հետևաբար ես կարող եմ ենթադրել, որ կամ ոստիկանությունը անգրագետ է, կամ ստում է, այսինքն` հայտարարել է հետախուզում, բայց հետախուզման վերաբերյալ որոշումն է ավելի ուշ ժամկետում եղել, այսինքն` պատժի կրման այլընտրանքային հաստատությունն է իր աշխատանքում թերացել, կամ եթե վերջինս չի թերացել, ապա ոստիկանությունը ճիշտ ժամանակին հետախուզում չի հայտարարել, կամ եթե ոստիկանությունը ճիշտ ժամանակին է հայտարարել, ապա հետախուզման մասին որոշումը ճիշտ ժամանակին չի ծանուցվել ոստիկանության բոլոր բաժիններին: Իսկ եթե ծանուցվել է, ապա գուցե հանձնարարականը չի տրվել ոստիկաններին»,- նկատում է պարոն Սաքունցը և կարծիք հայտնում, որ չի բացառվում, որ ոստիկանությունը գիտակցաբար է թույլ տվել, որ Միհրան Մելքոնյանը շարունակի ակցիայի մասնակիցների թվում մնալ, որպեսզի իր համար անհրաժեշտ պահին հետախուզման «քարտն» օգտագործի ակտիվիստների դեմ: