«Հակաստվեր» ՀԿ-ի հակակոռուպցիոն նախաձեռնությունները Վանաձորում
00:00, November 6, 2006 | Քննարկումներ | Կոռուպցիայի կանխարգելում2006թ. նոյեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ սեմինար քննարկում՝ «Տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցությունը ՀՀ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ուղղությամբ» թեմայով:
Քննարկումը նպատակ ուներ պարզել հակակոռուպցիոն զարգացումներն ու խնդիրները Լոռու մարզում:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչը:
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Գայանե Սիմոնյանը ներկայացրեց ԵԱՀԿ գործունեությունը հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նա նշեց, որ ՀԿ-ների հակակոռուպցիոն գործունեությանն աջակցելու նպատակով ստեղծվել է 12 ՀԿ-ներից կազմված կոալիցիա:
Լոռու փոխմարզպետ Զոհրաբ Թորոսյանը նշեց, որ ՀՀ Կառավարության հակակոռուպցիոն կառավարման ծրագրին առաջինն արձագանքել է Լոռու մարզպետարանը: Մարզպետարանի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար ստեղծվել է մարզպետարանի ինտերնետային կայքը: Բացի այդ, Լոռու մարզպետը յուրաքանչյուր եռամսյակի վերջում ներկայացնում է ընթացիկ գործունեության հաշվետվությունը: Վերջինս լուսաբանվում է տեղական հեռուստատեսությունների կողմից, տպագրվում տեղական մամուլում: Մարզպետարանի գործունեության թափանցիկությունը հնարավորություն է տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից:
Այնուամենայնիվ, խնդիրն այն է որ այսօր ոչ բոլոր քաղաքացիներն են ընդունակ օգտվել համակարգչից, շատերն էլ հնարավորություն չունեն օրաթերթեր գնելու:
Վանաձորի քաղաքապետարանի քարտուղար Գագիկ Սիմոնյանը հավաստում է, որ քաղաքացիների այն բողոքները, որոնք վերաբերում են համայնքային խնդիրներին, իրավական ակտի տեսք են ստանում և լուծվում քաղաքացու օգտին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համաձայն չէ այդ կարծիքի հետ: Նա նշում է, որ Վանաձորի քաղաքապետի և ավագանու որոշումներին ծանոթանալը այդքան էլ մատչելի չէ: Քաղաքապետարանի կողմից տպագրվող տեղեկագիրն էլ ամբողջական տեղեկություն չի հաղորդում: Ավելին՝ համայնքի ղեկավարի ու ավագանու որոշումները չեն փակցվում քաղաքապետարանում, քաղաքացիների համար մատչելի այլ վայրերում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառումն, ըստ Արթուր Սաքունցի, պետական և հասարակական մարմինների գործունեության թափանցիկության ապահովման լավագույն մեխանիզմը կարող է լինել:
Նա գտնում է, որ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման գործում նախ և առաջ պետք է հետևողական լինել:
Քննարկման մասնակիցները համակարծիք են, որ կոռուպցիան ընդունելի է մեր հասարակության կողմից և նրա դեմ պայքարելուց առաջ պետք է մարդկանց գիտակցության մեջ կոտրել ստերեոտիպը: Այդ գործում կարևորվում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների դերը:
Լրագրող Գայանե Հովսեփյանը նշում է, որ տեղեկատվություն տարածելն այն ձեռք բերելուց դժվար է: Ըստ նրա՝ լրագրողական հետաքննությանն այսօր խանգարում է հենց լրագրողի անհամարձակությունը. լրագրողը գիտակցում է, որ իր ապահովությունը երաշխավորված չէ: Բացի այդ կոռուպցիոն երևույթները տարածված են նաև շատ ԶԼՄ-ների ներսում: Կան լրագրողներ, ովքեր պատկառելի «հոնորար» ստանալով պատվիրված հոդվածներ են գրում:
«Երբ վերևից չկա համապատասխան գործունեություն, մնում է ներքևից, ժողովրդի միջոցով, հանրային ուժերով և բոլոր հնարավոր ջանքերով պայքարել կոռուպցիյի դեմ»-մասնկիցների կարծիքն ընդհանրացրեց «Հակաստվեր» ՀԿ նախագահ Վ. Ամիրխանյանը:
Քննարկումը կազմակերպվել էր «Հակաստվեր» ՀԿ կողմից՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: