«Հավատքով հայը կհավատա իր եկեղեցուն»
08:48, November 20, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ասպարեզը» Երկրապահ կամավորների Միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանից եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե վերջիններս ի՞նչ են մտածում վերջերս հասարակական բուռն քննարկման առարկա դարձած Ասողիկ քահանայի արտահայտած այն մտքի վերաբերյալ, ըստ որի, աթեիստ հայը հայ չէ եւ Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այն տեսակետի մասին, թե՝ «Հայ Առաքելական եկեղեցին» հայի ինքնության 80 տոկոսն է կազմում: Որեւիցէ մեկն, ով ուրանում է այդ 80 տոկոսը, որքանո՞վ կարող է հայ նկատվել»:
Յ.Ալեքսանյան.«Միանշանակ համաձայն եմ մեր թեմի առաջնորդի հետ: Ես մտածում եմ, որ հավատքով հայը կհավատա իր եկեղեցուն, հավատքին, ազգությանը, իր գոյությանը, երկրին, բարեկամին, եթե չի հավատա, էլ ի՞նչ հայ: Քանի որ մենք առաջնորդվում ենք Հայ առաքելական եկեղեցով, դրա համար ես միանշանակ կողմ եմ առաքելական եկեղեցուն»:
Ա.Սաքունց. «Ինձ համար ընդհանրապես մարդն է կարեւոր, անկախ իր էթնիկական, ազգային կամ կրոնական պատկանելիությունից եւ մարդու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքը: Դրա համար այդ դիսկուրսի մեջ, ով ինչ է համարում, ինչ չի համարում, ինձ համար կարեւոր չէ, ես անընդունելի եմ համարում մարդկանց տեսակավորելը եւ ըստ տեսակավորման նրանց հանդեպ վերաբերմունք ձեւավորելը»: