«Հարսնաքար»-ի գործով քննչական գլխավոր վարչության գործելակերպն արհամարհական է. Ա. Սաքունց
09:43, August 11, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Ոստիկանություն«Հարսնաքար»-ի գործով քննչական գլխավոր վարչության գործելակերպն արհամարհական է. այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը` անդրադառնալով նախաքննության ավարտի մասին քննչական գլխավոր վարչության որոշմանը:
Ըստ իրավապաշտպանի` նման գործելակերպով գնում են գիտակցված կոծկման ճանապարհով, որովհետև, ըստ էության, պատշաճ և անհրաժեշտ ժամանակ չի տրամադրվում փաստաբաններին, փաստաբանները պետք է կարողանան ուսումնասիրել գործերը, միջնորդություններ ներկայացնել նախաքննության ընթացքում ձեռք բերված նյութերի վերաբերյալ: Արթուր Սաքունցի խոսքով` միտումն այն է, որ այն սխալները, որոնք թույլ են տվել նախաքննության փուլում, այս քայլով քիչ հավանական է դառնում, թե կուղղվեն, քանի որ դատաքննության փուլում շատ ավելի դժվար է ապացույցներ ձեռք բերելը, քան նախաքննության փուլում, որովհետև նախաքննության փուլում կարող են լինել միջնորդություններ, լրացուցիչ վկաների ներգրավվում։ Որպեսզի ամբողջական օբյեկտիվ լինի նախաքննությունը, պետք է հենց նախաքննության փուլում լինեն միջնորդությունները և այլ քննչական գործողությունները:
«Իրենք տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին զրկում են պատշաճ իրավական պաշտպանության հնարավորությունից: Այդ ժամկետի ողջամտությունը որոշվում է նրանով, թե մարդն ինքանով կարող է ծանոթանալ այդ նյութերին, կարդա, ուսումնասիրի, հասկանա և կարողանա միջնորդություններ ներկայացնել, քանի որ դա ստեղծագործական աշխատանք է, և մեկ օրվա ընթացքում ծանոթանալ հասցնելն ու մեկ օրվա ընթացքում միջնորդություններ ներկայացնելն անհնար է:
Սովորաբար 7-ից ոչ պակաս օր են տրամադրում: Նման հասարակական հնչեղություն ունեցող գործի նկատմամբ այսպիսի վերաբերմունքն արհամարհական է հասարակության նկատմամբ և տուժածների իրավունքների կոպիտ ոտնահարում է»,- մեկնաբանեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը համարել է, թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին՝ դրանց ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին: