«Հարսնաքարի» դեպքում ամենաշատը դատապարտելի է ՊՆ լռությունը. Արթուր Սաքունց
07:18, June 20, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք | Զինված ուժեր, Ոստիկանություն«Հարսնաքարի» միջադեպի դեպքում ամենաշատը դատապարտելի է ՀՀ Պաշտպանության նախարարության լռությունը, քանի որ տուժողները ՊՆ աշխատակիցներ են, երեքն էլ` սպաներ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Դեպքի հետ կապված ես նախ դատապարտում եմ Պաշտպանության նախարարության լռությունը, քանի որ երբ սահմանին մի միջադեպ է լինում, միանգամից հայտարարություն են անում, իսկ այս դեպքում լռում են: Դուրս է գալիս, որ մի անպատժելի չինովնիկ Ադրբեջանից ուժեղ է»,- նշեց Ա. Սաքունցը:
Իրավապաշտպանը դատապարտում է քննչական մարմինների գործողությունները, նշելով, որ արդեն 2 օր է անցել, սակայն գործով դեռ ձերբակալվածներ կամ կասկածյալներ չկան: Վերջինս նշեց նաև, որ որևէ զինվորականի ավտովթարի դեպքում գործը միանգամից ուղղարկվում է ՊՆ քննչական ծառայություն, սակայն այս դեպքում ՊՆ քննչական ծառայությունից գործը կրկին հետ է ուղղարկվել ՀՀ Ոստիկանության քննչական վարչություն:
«Սա դատապարտելի արարք է, որն անպատժելիության մթնոլորտի հետևանքն է: Հեռու չգնանք ՀՀԿ-ական մարզպետը կնոջն ապտակում է, գործը փակում են` ասելով, որ ցավ չի զգացել, կամ նույն պատգամավորը օրը ցերեկով լրագրողին հայհոյում է, ասում են` վիրավորանք չկա: Այդ ամեն ինչը գալիս է հենց անպատժելիության մթնոլորտից»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հարցին, թե վերջինս հակվա՞ծ է մտածելու, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել հենց պատգամավորի ցուցումով, Արթուր Սաքունցն ասաց. «Խնդիրն այստեղ այն է, որ այդ նույն թիկնապահը հենց սկզբից, երբ ընդունվել է աշխատանքի ցուցում է ունեցել ցանկացածն անելու: Կոնկրետ այս դեպքում պատգամավորն է ասել, թե ոչ, կապ չունի, բայց հենց պատգամավորն է, որ նրան այդպես հրահանգել էր, մնացածը թող պարզի նախաքննական մարմինը: Գիտե՞ք վատը որն է, որ այդ ամենը կատարողներն ասել են, որ չեն իմացել, թե ՊՆ աշխատակիցներ են եղել, այսինքն, եթե ՊՆ աշխատակիցներ լինելն իմանային՝ չէին անի նման բան, իսկ եթե նրանք լինեին սովորական քաղաքացի, կարող էին նման բան անել»:
Արթուր Սաքունցը նշեց նաև, որ այս դեպքում պետք է հայտարարությամբ հանդես գա նաև ՀՀ ԱԺ նախագահը. «Վերջ ի վերջո դեպքը տեղի է ունեցել պատգամավորի ռեստորանում, և ԱԺ նախագահն էլ պետք է որևէ հայտարարություն անի»,-նշեց Ա. Սաքունցը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ենթարկվել է նյարդավիրաբուժական վիրահատության: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
Նշենք նաև, որ գործի առնչությամբ Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից: Հարցին, թե ՊՆ-ն արել կամ անելո՞ւ է որևէ հայտարարություն, լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանն ասաց. «Եթե հայտարարություն լինի, կտեղեկացվեն բոլորը, այս պահին դեռ ոչինչ չկա»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ Tert.am-ին ասացին, որ քրեական գործի վերաբերյալ իրենք հայտարարություն չեն տարածում, իսկ տուժող կողմի հարազատների հետ հանդիպումներ դեռ չեն եղել. «Մենք էլ դեռ հետևում ենք նախաքննությանն ու լրատվությանը»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշալյանը:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2012/06/20/harsnaqar-saqunc/