«Ճիշտ չէ՞ր լինի՝ օֆշորային սկանդալին առնչվող Տիգրան Սարգսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը»
18:34, August 19, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Քաղաքացիական վերահսկողություն«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը հարցում էր ուղարկել դատական դեպարտամենտ, թե 2008-2012 թվականներին եւ մինչեւ 2013 թվականի հունիսի 1-ը մեր դատարանները քանի՞ որոշում են կայացրել քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ գաղտնիության իրավունքի սահմանփակման այլ միջոցների վերաբերյալ: Ա.Սաքունցին հետաքրքրում է, թե արդյոք պետությունն այս հարցով վիճակագրություն իրականացնու՞մ է, ինչը պետության քաղաքականությունը գնահատելու միջոց է: Նա համոզված է, որ ցանկացած իշխանության ավտորիտար բնույթը չզարգանալու համար այս բնագավառը եւս պետք է վերահսկել: «Մենք նաեւ նոր հարցում ենք ուղարկել, թե գաղտնալսումների մասին քանի՞ միջնորդություն է ներկայացվել դատարան եւ քանի՞սն է բավարարվել, դրանցից քանիսի՞ հիման վրա է քրեական գործ հարուցվել»,-մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Դատական դեպարտամենտից գրասենյակ եկած պատասխանում նշված է. «Նամակագրության, հեռագրական, փոստային հաղորդումների հսկողության վերաբերյալ միջնորդություններից 2008 թվականին բավարարվել է 664, 2009-ին՝ 852, 2010-ին՝ 778, 2011-ին՝ 748, 2012-ին՝ 604-ը: Հեռախոսային կապի եւ այլ միջոցներով տարվող խոսակցությունների (խոսքը խոսակցությունների լսման մասին է) գաղտնալսման եւ ձայնագրառման մասին միջնորդություններն առանձին կատեգորիա են: Այս մասով 2008-ին 107 միջնորդություն է բավարարվել: 2009-ին՝ 327-ը, 2010-ին՝ 236, 2011-ին՝ 381, 2012-ին՝ 299, 2013 թվականի առաջին կիսամյակում՝ 53: Հեռախոսային համարների մասին, թե ինչ համարներից են զանգահարել, 2008-ին այս մասով բավարարվել է 1840, 2009-ին՝ 2427, 2010-ին՝ 2680, 2011-ին՝ 2649, 2012-ին՝ 2402, 2013 թվականի առաջին կիսամյակին՝ 1236 միջնորդություն»,-պարզաբանեց Ա.Սաքունցը:
Նրա կարծիքով, համացանցի վերահսկումը պետք է լինի իրավաչափ: «Պետք չէ ելնել այն բանից, որ ամեն մեկը պոտենցիալ հանցագործ է, այդպիսի բան չի կարելի. եթե չունես տեղեկատվություն, որ տվյալ քաղաքացին կասկածելի է, ո՞նց կարող էս նրան հսկողության տակ պահես: Պետք է հիմնավոր հիմքեր ունենաս, որ գաղտնալսես»: Նա նաեւ նշեց, որ գաղտնալսումների վերաբերյալ քրեական գործերի դեպքում դատական նիստերը հիմնականում դռնփակ են անցկացվում. «Եթե մեղադրող կողմն այնպիսի հիմնավորումներ է ներկայացնում, որ տվյալ գործի մեջ պարունակվում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, դատարանին միջնորդում է, որ դռնփակ անցկացվի: Մենք լուրջ մտահոգություններ ունենք նման միջնորդությունների հիմնավորվածության տեսանկյունից»,-ասում է զրուցակիցս:
Ա.Սաքունցը նաեւ բարձրաձայնում է, որ քրեական օրենսգրքով սահմանված հոդվածներում պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների դեպքում սահմանված պատժատեսակն անհամեմատ ավելի մեղմ է, քան սովորական քաղաքացիների: «Անձի նկատմամբ պաշտոնատար անձանց իրականացրած հանցագործությունների դեպքում օրենսդիր մարմինը շատ ավելի մեղմ է մոտենում, քան քաղաքացիների կատարած հանցագործությունների: Օրինակ, ոստիկանի նկատմամբ բռնության գործադրման դեպքում կարող է անձին 6-7 տարի ազատազրկեն: Սա պաշտոնական խուլիգանություն է»: Ա.Սաքունցի խոսքերով, «Հարսնաքարի» դեպքերից հետո, որի արդյունքում սպանվեց բժիշկ Վահե Ավետյանը, մեղադրյալների հեռախոսային խոսակցությունների վերծանումը բավարարվեց, սակայն գաղտնի պահվեց Նեմեց Ռուբոյի խոսակցությունների վերծանումը, մինչդեռ նա եւս ինչ-որ առնչություն ուներ գործի հետ»:
Գաղտնալսումը նաեւ քաղաքական նպատակներով է օգտագործվում: Ըստ իրավապաշտպանի, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ազգային անվտագության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն ասաց. «Լավ ենք արել, որ գաղտնալսել ենք (խոսքն ընդդիմադիրների հեռախոսների գաղնալսման մասին է): «Ոստիկանապետ, ազգային անվտանգության պետ, գլխավոր դատախազ, զինդատախազ, բոլորինը պետք է լսած լինեին, եթե չեն լսել, նշանակում է՝ կողմնակալ մոտեցում են ցուցաբերել, հենց քրեական գործ հարուցեն մարտի 1-ի հանցագործների նկատմամբ, այդ ժամանակ կիմանանք գաղտնալսե՞լ են, թե՞ չէ»:
Իրավապաշտպանը նաեւ պարզաբանում է. «Եթե ես մեղադրյալ եմ կամ կասկածյալ, իմ մասին օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերին կարող եմ ծանոթանալ, եթե իմ նկատմամբ քրեական գործը կասեցվել կամ կարճվել է: Սակայն եթե քրեական գործի մեջ ներգրավված չեմ, որեւէ կարգավիճակ չունեմ, իմ նկատմամբ իրականացված օպերատօվ-հետախուզական տեղեկություններ չեմ կարող ծանոթանալ: Քննչական մարմինները կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար պետք է գաղտնալսումներ իրականացնեն: «Օրինակ, օֆշորային սկանդալի հետ կապված՝ Տիգրան Սարգսյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումը կամ գաղտնալսումը»:
Ըստ իրավապաշտպանի, գաղտնալսումների բացահայտումը իրենցից նաեւ վտանք են ներկայացնում: Նրա խոսքով, Գերմանիայում այսօր գործում են թանգարաններ, որոնք նախկին ԳԴՀ ժամանակաշրջանի անվտանգության ծառայության փաստաթղթերին՝ ֆիզիկական անձանց գաղտնալսելուն են վերաբերվում: «Անձը Գերմանիայում կարող է ստանալ տեղեկատվություն, թե իր վերաբերյալ անվտանգության ծառայության մարմիններն ի՞նչ տվյալներ են հավաքել, սակայն այդ տվյալները ստանալու ձգտում ունեցողների հերթն այնքան շատ է, որ շատերն իրենց մասին տեղեկատվությունը 3 տարի հետո հազիվ կարողանան ստանալ: Շատ ցավալի բաներ են բացահայտվել, պարզվել է, որ անձի վերաբերյալ տվյալները տվել է կինը կամ ամուսինը, հայրը, մայրը, այսինքն՝ մատնության սինդրոմը, շատ է տարածված եղել, շատերը հոգեկան ցնցումների տակ են ընկել, քանի որ չեն պատկերացրել, որ իրենց անձնական տվյալների գաղտնալսման հարցում նաեւ հարազատներն են ներգրավված եղել»:
ՀԳ: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունն ապօրինի խախտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` http://www.asparez.am :