«Մատաղիսի» հանցագործը «Գելն» է, նրան հովանավորում են Ռոբերտը, Սերժը, Սեյրանը
06:57, December 5, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է «Մատաղիսի» գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստի ժամանակ պետմեղադրողն ընթերցել էր մեղադրական ճառի ներածական մասը, որով պնդել էր գործով երեք ամբաստանյալների դեմ առաջադրված մեղադրանքը, այնուհետև դատարանից ժամանակ խնդրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:
Այսօրվա դատական նիստի ընթացքում պետմեղադրողները դատարանին միջնորդել են փոխել ամբաստանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները, համաձայն որի` գործով երեք ամբաստանյալները մեղադրվում են ոչ թե դիտավորյալ, այլ անզգույշ սպանության մեջ:
Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարո՛ն Սաքունց, Ձեր կարծիքով ինչո՞ւ փոխվեց մեղադրանքը. հիմա գործով երեք ամբաստանյալներին մեղադրում են անզգույշ սպանության մեջ:
-Ասօրվա դատական նիստը ցույց տվեց, որ դատախազությունը, մեղադրող կողմը, այնուամենայնիվ, գտնում է, որ մեղադրանքի հիմքում ընկած հոդվածը ճիշտ չի եղել: Եվ դրա համար պետք էր 8 տարի, որպեսզի դա հասկանան: Հիմա իրանք պարտավոր են մի քանի հարցերի պատասխանել: Արդարադատության սեղանի վրա կա 2006 թ. դեկտեմբերի 22-ի վճռաբեկ դատարանի որոշումը, որում կա տրված արդեն իրավական գնահատական մեղադրանքի հիմքում եղած ապացույցների վերաբերյալ, որ դրանք բավարար և հիմնավոր չեն՝ մեղադրանք առաջադրելու և մեղադրելու սպանության մեջ: Բայց դատաքննության ընթացքում պարզվեց ավելին, որ վճռաբեկ դատարանի իրավական գնահատականն առավել քան հիմնավոր է:
Դատախազությունը ի՞նչ պետք է անի, ինչ-որ քայլ պիտի կատարի, որովհետև էշի համառությամբ նույնը կրկնելը առավել քան հիմարություն է: Հիմա որպեսզի ցույց տա, որ, այնուամենայնիվ, հաշվի է առնում իրավիճակը, մի հետաքրքիր տրյուկ է անում. սա իրավաբանության հետ կապ չունի:
-Ի՞նչ կտան այդ «տրյուկները»: Ի՞նչ խնդիր է լուծում, այսպիսով, դատարանը:
-Ինքը փորձում է հոդվածի փոփոխությամբ մի քանի հարցեր լուծել: Նախ, որ այնուամենայնիվ, հաշվի է առնվում վճռաբեկ դատարանի գնահատականը, բայց ոչ ամբողջությամբ, հաշվի են առնվում դատաքննության ընթացքում նոր ի հայտ եկած հանգամանքները՝ վկաների նկատմամբ ճնշումներ, բռնություններ, բայց և հաշվի է առնվել այս երիտասարդների նկատմամբ 3 տարվա ազատազրկումը, որովհետև, եթե պարզվի, որ անմեղ են, ո՞վ պիտի էդ երեք տարվա համար պատասխան տա: Այստեղ գալիս-հանգում են փոխհատուցման խնդրի, կոմպեսացիայի:
Իսկ պետությունը սարսափում է էդ հարցից. կարևոր է բյուջե հասկացողությունը, որ իրենց կերակրատաշտն է, դրա համար իր թուքը, այնուամենայնիվ, չի լիզում և ասում է, որ սրանք մեղավոր են:
-Այնուամենայնիվ, իրական հանցագործության բացահայտման, փաստորեն, չի տանում նաև այդ դատաքննությունը. այդպե՞ս է, թե՞ ոչ:
-Ամենակարևորը՝ այստեղ մի հարց լուծվում է՝ հիմնական և բուն մարդասպանին հովանավորելու հարցը. այն է՝ Իվան Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելը: Սա իրավաբանության հետ կապ չունի, այլ կոմերցիոն գործողություններ են իրավական հոդվածների մանիպուլյացիաների միջոցով:
-Դատական այս սցենարը ինչի՞ կհանգեցնի:
-Իրանց սցենարով դատարանը նորից տղաներին կճանաչի մեղավոր, 3 տարին արդեն կրել են, դուրս կգան, և ոնց որ ասենք… գայլերն էլ են ողջ ու կուշտ լինում, գառները՝ ողջ են լինում, բոլորը սենց պետք ա հորթի հրճվանքով ուրախանան՝ ինչ լավ արդարադատություն եղավ: Բայց այդպես չէ. Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը անմեղ են, և դատավորը պարտավոր է բավարարել պաշտպանության պահանջը և ճանաչել անմեղ և էն ցուցմունքների վրա, որ վկաները տվել են բռնության մասով, նոր քրեական գործեր հարուցի, և իրական հանցագործությունը բացահայտվի: Մարդկանց ծեծելով սպանել են, և դա կատարել է Իվան Գրիգորյանը ու նա պետք է դատապարտվի անազատության, ազատազրկման:
Քրեական գործում կա հստակ ՊՆ նախարար, նախկին հրամանատար, Սեյրան Օհանյանի կողմից այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հասցեագրված մի գրություն, որով Սեյրանը խնդրում է մեղմ մոտենալ Իվան Գրիգորյանին, որովհետև նա գործում զղջացել է և ազգային հերոս է: Սեյրան Օհանյանը պարտավոր է պատասխան տալ՝ ինչու համար է էդ գրությունը տվել, ընչի՞ համար է էդ գործում Իվան Գրիգորյանը զղջացել, իրա՞ն է զղջացել, …ինքը՝ Սեյրան Օհանյանն է հովանավորում իսկական հանցագործին: Իսկ Սեյրան Օհանյանին հովանավորում է Սերժ Սարգսյանը: Անունը փոխվում է ռեժիմի՝ Սերժ, Ռոբերտ, բայց արդյունքը նույնն է մնում. հովանավորում են նույն հանցագործին, որովհետև էդ հանցագործություն կատարողը իրանց լավագույն գործիքն է «Գել» մականունով: