«Մարզպետարանը ճնշել է ուսուցիչներին». հայտարարում է ՀՔԱ-ն
06:02, February 7, 2013 | ՆորություններՓետրվարի 5-ին Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) տարածած հայտարարության համաձայն` 2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում կազմակերպվելու է «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները: Դասընթացին մասնակցելու համար տարածվել է մրցույթի մասնակցության հայտարարություն, որին դիմել են ուսուցիչներ նաեւ Լոռու մարզից: Ըստ այդ հայտարարության` ուսուցիչների նկատմամբ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվել են ճնշումներ՝ պահանջելով հրաժարվել դասընթացին մասնակցությունից:
«Այն ուսուցիչները, որոնք պիտի մասնակցեին այդ սեմինարին, երեկ երեկոյան բոլորը տարբեր պատճառաբանություններով հայտնել են, որ չեն կարող մասնակցել: Հետաքրքրվելով պարզեցինք, որ տնօրենները, ամենայն հավանականությամբ, մարզպետարանի կրթության եւ մշակույթի բաժնի հրահանգով, արգելել են ուսուցիչներին մասնակցել: Ուսուցիչները ասում են` իբր մեկի հայրն է հիվանդ, մեկը օլիմպիադայում հանձնաժողովի նախագահ է լինելու, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ բոլոր դպրոցները դասերը դադարեցրել էին, եւ այդ ժամանակ ուսուցման պրոցեսի մասին մտահոգություն չկար մարզպետարանի համապատասխան բաժնի կոմից»,- ասում է ՀՔԱ վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա կարծիքով` «մարզպետարանն ուղղակի ուզում է ավելի կաթոլիկ երեւալ, քան Հռոմի պապը»` դեմ դուրս գալով իշխանության որդեգրած քաղաքականությանը. «ՀՀ պաշտոնյաները քանիցս նշել են, որ իրենք կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակիցներ են: Սա ուղղակի անգրագետ քայլ է մարզպետարանի կողմից»,- նշում է պրն Սաքունցը:
Լոռու մարզպետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Մինաս Սայադյանը այդ հայտարարությունը հերյուրյանք է համարում ե նշում. «Ես լսել եմ, որ կա նման նախաձեռնություն, բայց ինձ ոչ հետաքրքիր է, ոչ էլ խառնվում եմ: Եթե ուսուցիչը մասնակցության հայտ է ներկայացրել, թող դիմի իր տնօրենին եւ օրենքի սահմաններում ստանա իր թույլտվությունը»: Մինաս Սայադյանի խոսքով` թույլտվությունը օրինական կլինի այն դեպքում, երբ բացակայությունից դասապրոցեսը չի տուժի:
Ծրագրին մասնակցելու համար ուսուցիչներ դիմել են Վանաձոր թիվ 4, թիվ 12 եւ Ղուրսալի համայնքի դպրոցից: Թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Համլետ Ղումարյանի հավաստմամբ` մարզպետարանից ոչ մի նման ճնշում ոչ ոք իրենց վրա չի գործադրել. «Մեր դպրոցի ռուսաց լեզվի ուսոցչուհի Կարինա Հարությունովան, ով մասնակցելու է ծրագրին, այսօր ինձ դիմում է ներկայացրել, ու որպես չվճարվող արձակուրդ, ես արդեն այն հրամանագրել եմ: Կա՛մ փոխարինող ուսուցիչ կպարապի, կա՛մ ուսուցչուհին հետո կլրացնի իր բաց թողած դասերը»:
Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոցի կազմակերպչական գծով տնօրեն, դպրոցի անգլերենի ուսուցչուհի Նունե Հովհաննիսյանը պնդում է, որ իրենց դպրոցը նույնպես ճնշումների չի ենթարկվել: Նա մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն հիմա, բարձրացած այս աղմուկի պատճառով, հրաժարվում է մասնակցությունից. «Ես ՀՔԱ-ում աշխատող շատ ընկերներ ունեմ, եւ պետական կառույցում աշխատելով, երբեւէ չեմ դավաճանում իմ սկզբունքներին, բայց այսօր բարձրացած այս աղմուկի պատճառով ես չեմ դիմում իմ տնօրենին` թույլտվություն խնդրելու համար»,- ասում է Նունե Հովհաննիսյանը: Նրա պնդմամբ` ՀՔԱ-ում այդ մասին արդեն տեղյակ են:
Արթուր Սաքունցի հետ ունեցած հեռախոսազրույցից տեղեկացանք, որ նա չգիտեր Նունե Հովհաննիսյանի որոշման մասին եւ մեզանից է միայն իմանում` ուսուցչուհին այլեւս չի ցանկանում մասնակցել. «Ստախոս են բոլորը: Ինչպե՞ս կարելի է դիմել ծրագրին եւ երկու օր առաջ հայտարարել, որ չենք ուզում մասնակցել դրան»,- ասում է Արթուր Սաքունցը ու ավելացնում, որ ստիպված պետք է այլ ուսուցիչներ գտնել` ծրագրին ներկայանալու համար:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/marzpetaran_chnshele_usucichnerin-hy/
Տե’ս նաև`
«Մարզպետարանը ճնշել է ուսուցիչներին». հայտարարում է ՀՔԱ-ն – http://operativ.am