«Ներկայացումը ձախողվեց»
00:00, April 9, 2010 | ՀայտարարություններՂրղզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները քաղաքացիների վերջին եւ միակ ճանապարհն էին: “Ա1+”-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեցին իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանն ու Արթուր Սաքունցը:
Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն ողջունելի է համարում ղրղզ ժողովրդի ընդվզումը իշխանությունների դեմ. “Եթե ժողովուրդն է որոշել իշխանությունը փոխել, դա նորմալ է: Ես չգիտեմ` ով է հրահրել կամ ֆինանսավորել այն, սակայն կարեւոր է, որ ժողովուրդն ինքն իր մեջ կարողացել է ուժ գտնել ընդվզելու”:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով` Ղրղզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցայտուն օրինակն են այն բանի, որ իշխանությունների անօրինական դաշտ մտնելն ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ: Ըստ նրա` Ղրղզստանում արդեն նախադեպ է ձեւավորվել իշխանափոխություն ոչ թե ընտրությունների, այլ հեղաշրջման ճանապարհով:
Վկայակոչելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանը` ասաց. “Հռչակագրի նախաբանում հստակ նշված է` իշխանությունը ոչ մի անգամ չպետք է ընդունի այնպիսի օրենքներ, որոնք քաղաքացիներին իբրեւ վերջին միջոց` թողնի միակ ճանապարհը` ապստամբել”:
“Արդյո՞ ք իշխանության ղեկն իր ձեռքը վերցրած ընդդիմությունը հետագայում կկարողանա ձեւավորել մի միջավայր, որ այլեւս չլինեն նման հեղաշրջումներ: Սակայն հիմա թիվ մեկ խնդիրն է` դադարեցնել խժդժությունները”,-շարունակեց Արթուր Սաքունցը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ղրղզական սցենարի կրկնություն, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նշեց. “Ամեն դեպքում հնարավոր է հեղափոխություն, միայն ժողովրդի շատ լուրջ կամք է հարկավոր եւ շատ նորմալ ընդդիմություն, որ կարողանա ժողովրդին իր ետեւից տանել”:
Իսկ Արթուր Սաքունցը կարծում է. “Հայաստանում ընդդիմադիր ուժերն ավելի սկզբունքային, հետեւողական պայքարի ճանապարհ են ընտրել եւ ապստամբության ճանապարհով չեն գնա հեղափոխության, ինչպես տեղի ունեցավ Ղրղզստանում”:
Ինչ վերաբերում է Հայաստանում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին, ապա նրա կարծիքով` դրանք համակարգային բնույթ են կրում, որտեղ “դատական մարմինները պատժիչ գործիք են դարձել իշխանությունների ձեռքին”:
Իսկ թե արդյոք Երեւանում անցկացվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը (FIDH) կբերի դրական փոփոխություններ, Միքայել Դանիելյանը նշեց. “Եվրոպայի խորհուրդը մարտի 1-ից մինչ օրս Հայաստանի մասին 4 բանաձեւ է ընդունել, ինչ-որ բան փոխվե՞ց: Երբ կասեցնեն Հայաստանի ԵԽ անդամակցությունը, այն ժամանակ ինչ-որ բան կարելի է սպասել”:
Արթուր Սաքունցի համոզմամբ` համաժողովի հետ կապված իշխանությունների ծրագրավորված “ներկայացումը” ձախողվեց: “Ձախողվեց իշխանությունների այն իմիտացիան, թե իբր իրենք կամք ունեն մարդու իրավունքների ասպարեզում կատարելու փոփոխություններ”: