«Ոչ թե փոխանակում, այլ` վերադարձ»
00:00, November 4, 2010 | ՆորություններԱյսօր Հայաստանում գերի ընկած Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւի եւ Ադրբեջանում գերի ընկած եւ սպանված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի դիակի վերադարձը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գնահատում է ՀՀ իշխանությունների թուլությունը:
Այս պահին Ադրբեջանում մենք դեռ ունենք 6 զինծառայող գերի եւ մեկ հայկական ընտանիք: «Մարդասիրական տեսանկյունից անկախ այն հանգամանքից, թե կողմերը քանի գերի ունեն, այսօր բոլորը պետք է վերադարձվեին: Եթե այսօր Ադրբեջանը իր մեկ քաղաքացու դիմաց մեզ վերադարձնում է մեկ դիակ, դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները չեն մտածում կենդանի մարդկանց մասին, որոնք դեռ գերի են Ադրբեջանում»,- «Ա1+»-ին ասաց պարոն Իշխանյանը:
ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որը երկար տարիներ զբաղվել է ռազմագերիների խնդրով, կոչ է անում չօգտագործել «գերիների կամ դիակների փոխանակում» արտահայտությունը. «Ոչ թե փոխանակում են, այլ վերադարձնում են: Այս պարագայում չի կարելի խոսել համարժեքության մասին: Դատապարտելի է այն, որ այսօր չվերադարձրեցին մեր բոլոր գերիներին: Մենք ողջունում ենք այսօրվա վերադարձը եւ պահանջում ենք, որ շուտափույթ վերադարձնեն այսօր Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիներին»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ այսօր տեղի ունեցածը պետք է դիտարկել ոչ թե որպես հոկտեմբերի 27-ին Աստրախանում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հռչակագրի առաջին քայլ, այլ Մարդու իրավունքների ժնեւյան կոնվենցիայի պահանջ, որին միացել են ՀՀ-ն ու Ադրբեջանը. «Ոչ թե թվաքանակով պետք է տեղի ունենա գերիների եւ զոհվածների աճյունների վերադարձը, ոչ թե պետք է դարձնել քաղաքական շահարկման առիթ, այլ անմիջապես բոլորին պետք է վերադարձնել»:
Մեզ մոտ այլեւս գերի չկա, կա±
որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը բարի կամք կդրսեւորի եւ կվերադարձնի մեր 6 զինվորներին եւ մեկ ընտանիքին` «Ա1+»-ի հարցին` Արթուր Սաքունցը պատասխանեց. «Եթե Ադրբեջանը չվերադարձնի մեր գերիներին, դա նշանակում է` նա իր վրա պատասխանատվություն է վերցնում, ոչ միայն ՀՀ-ի, գերիների հարազատների, այլեւ Ժնեւյան կոնվենցիայի առաջ: Ես ցավում եմ, որ այսօր տեղի ունեցած արարողությունը անվանում են «փոխանակում» եւ ոչ թե «վերադարձ»:
Իրավապաշտպանին մտահոգում է այն փաստը, որ Աստրախանում ստորագրված հռչակագիրը ունի մեծ թերություն. «Հռչակագրից դուրս է մնացել ԼՂ-ն: Այսինքն, եթե գերիները ԼՂՀ զինվորներ են, ապա Ադրբեջանը կարող է այդ գերիներին չվերադարձնել: Մինչդեռ Ժնեւյան կոնվենցիայով ԼՂ-ն ճանաչվել է հակամարտության կողմ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի նաեւ ԼՂՀ գերիներին: Նման պարտավորություն ունի նաեւ ԼՂՀ-ն»:
Ի դեպ, այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը հաղորդագրություն Է տարածել եւ հայտնում է, որ տեղի ունեցած հայրենադարձությունները տեղի են ունեցել ԿԽՄԿ-ի հովանու ներքո:
«Մենք ցանկանում ենք վերստին հաստատել չեզոք միջնորդ հանդիսացող մեր կազմակերպության պատրաստակամությունը հայրենադարձումներ իրականացնելու գործում։ Սակայն, հարկ եմ համարում նշել, որ ԿԽՄԿ-ն հայրենադարձում է ազատ արձակված գերիներին, միայն համոզվելուց հետո, որ նրանք վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով»,- նշված է հայտարարության մեջ։
Աղբյուրը`
http://www.a1plus.am/am/politics/2010/11/4/captives