«Պացիենտների իրավունքների միջազգային ստանդարտները» թեմայով հերթական դասընթացները
00:00, February 1, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Պացիենտների իրավունքներ2010 թ. հունվարի 29-ին եւ 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձոր եւ Իջեւան քաղաքներում կազմակերպվել էին «Պացիենտների իրավունքների միջազգային ստանդարտները» թեմայով հերթական դասընթացները:
Վանաձորում դասընթացին մասնակցում էին Վանաձորի թիվ 4, թիվ 5, «Գուգարք» պոլիկլինկաների, թիվ 2 հիվանդանոցի բուժաշխատողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային պաշտպաններ, ինչպես նաեւ Բաց հասարակության ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի «Հանրային առողջապահություն» ծրագրի ղեկավար Անահիտ Պապիկյանը, «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Պոտոսյանն ու նույն կազմակերպության իրավաբան Վիոլետա Զոփունյանը:
Իջեւանում կազմակերպված դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոսներ:
Դասընթացները վարում էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Վերջինս ներկայացրեց «Մարդու իրավունքներ», «Առողջության իրավունք» հասկացությունները, «Պացիենտների իրավունքների Եվրոպական խարտիան», ինչպես նաեւ այլ միջազգային ու տարածաշրջանային փաստաթղթեր, որոնք կարգավորում են առողջության իրավունքին առնչվող հարցերը:
Դասընթացների ընթացքում մասնակիցների կողմից ձեւակերպվեցին առողջապահության ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնք դասակարգվեցին ըստ «Պացիենտների իրավունքների խարտիայում» ամրագրված իրավունքների: Մասնավորապես՝ որպես հիմնախնդիրներ նշվեց անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը, նեղ մասնագետների պակասը, դեղորայքի թանկությունը, պետ.պատվերի շրջանակներում արդյունավետ դեղորայքի բացակայությունը, որոշ բուժհիմնարկներում սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարությունը, գյուղական ամբուլատորիաներում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, պացիենտների իրազեկվածության ցածր մակարդակը, պետպատվերի շրջանակներում բուժվող պացիենտների իրավունքների ոտնահարումները եւ այլն:
Մասնակիցների կողմից նշվեցին նաեւ պացիենտների իրավունքների ոտնահարման կանխարգելման համար անհրաժեշտ մի շարք գործողություններ: Մասնավորապես՝ կարեւորվեց հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նեղ մասնագետների որակավորման բարձրացումը, օրենսդրական փոփոխությունները, առողջապահական ծառայություն մատուցող օղակների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:
Դասընթացները կազմակերպվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ”Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին” ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը պացիենտների իրավունքների և դրանց պաշտպանության հնարավոր մեխանիզմների մասին:
Ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: