«Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է». վերլուծաբաններ
10:58, June 7, 2013 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Լիսկա) չպատժելը Սերժ Սարգսյանի անձնական քաղաքականությունն է, այստեղ քաղաքական կամքի հարց չկա: Այս կարծիքին է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով նշում է, որ այս քաղաքականության հետևանքով մարզպետները հասկանում են, որ Սերժ Սարգսյանի թիմի անդամներին շատ բան ներվելու է, և նրանք չեն պատժվելու, որովհետև աշխատանքից հեռացումը, այն էլ՝ իր դիմումի համաձայն, նշանակում է, որ նա քրեական պատասխանատվության չի ենթարկվելու:
«Իր դիմումի համաձայն»-ը այն երաշխիքն է, որ նրան չեն հեռացնում, այլ ըստ իր դիմումի են ազատում, ինչը նշանակում է, որ քրեական պատասխանատվության չի ենթարկվի»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մարզպետի՝ աշխատանքից ազատվելու դիմումը կապված է հունիսի 1-ի կեսգիշերին նրա առանձնատան մոտ կատարված արյունալի միջադեպի հետ, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ:
Դեպքի առնչությամբ կալանավորվել են Սուրեն Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, և մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ովքեր տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Դեպքից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ մինչև նախաքննության ավարտը դադարեցնում է իր լիազորությունները: Եվ ահա, երբ հանրությունը սպասում է, որ Սուրեն Խաչատրյանը պետք է պատժվեր, նրան պարզապես ազատում են աշխատանքից՝ դա ներկայացնելով իր դիմումի համաձայն:
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ այն իրավիճակն է, որ եթե մարզպետներն իրականացնում են Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, բնականաբար, նրանք պետք է նաև պաշտպանված լինեն:
«Տարիների ընթացքում Սյունիքի մարզպետի մասին մամուլը գրում էր, որ երեխա են ծեծել, որ նրա տղաներն ու եղբոր տղաները իրենց շատ վատ են պահել, և այդ դեպքերի նկարագրությունը կա: Սակայն նա չէր պատժվում, և Սյունիքի բնակչությունը վախի մթնոլորտում էր ապրում: Հիմա խնդիրը հետևյալն է. մենք ունենք ռազմավարական նշանակության տարածք, որտեղ կան զինվորական ստորաբաժանումներ, որտեղ կան ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներ: Եվ, իմ կարծիքով՝ Սյունիքի մարզպետն այդքան հզոր դեմք չէ, որ կարողանա ի հեճուկս այդ կառույցների անել այն, ինչ ուզում է»,- ասում է քաղաքագետը:
Նա հավելում է, որ Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, իսկ Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է:
«Լիսկային պաշտոնանկ չեն արել, այլ սեփական դիմումի համաձայն են ազատել: Այսինքն՝ եթե Լիսկան դիմում չգրեր, կառավարությունը չէ՞ր ազատելու: Ոչ մի քաղաքական կամքի մասին խոսք չի կարող լինել»,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նշում է, որ իշխանությունների քաղաքական կամքի մասին կարելի էր խոսել, եթե ՀՀ կառավարությունը հիմնավորեր, թե՝ այս-այս հիմքերով նման մարդը չի կարող պաշտոնավարել, և կառավարությունը որոշեր նրան հեռացնել պաշտոնից:
«Դա կլիներ կամքի արտահայտություն: Իսկ տվյալ դեպքում Լիսկան փրկեց ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս ստիպված չլինի հիմնավորել նրան պաշտոնից ազատելը: Սա համարում եմ ոչ համարժեք, նաև հովանավորության կամ անգործության դրսևորում»,- ասում է նա:
Արթուր Սաքունցը Սուրեն Խաչատրյանի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելը կապում է վերջին սպանության հետ, որպեսզի հանրային դժգոհությունը մեղմվի, և, այսպես կոչված, գոնե մեկ զոհաբերում կատարի՝ ամբողջը չկորցնելու համար:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ իշխանություններն այս դեպքում փոխզիջումային որոշում են կայացել:
«Այսօր Հայաստանում չկա այն մթնոլորտը, որը կստիպի նման կարգի դեպքերի համար լուրջ պատժամիջոցներ սահմանել»,- արձանագրում է քաղաքագետը:
Միաժամանակ նա կարծում է, թե Սյունիքի մարզպետին չպատժելը կարող է նախադեպ լինել, որ մյուս մարզպետներն էլ իրենց նման կերպ դրսևորեն ու անպատիժ մնան:
Այն, որ իշխանությունները մտադիր չեն պատժելու Սյունիքի մարզպետին, հաստատում է նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի անունը շահարկվեց, այդ պատճառով նա հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը կարելի է դրական գնահատել:
«Եթե դիմում չներկայացներ, նա չէր ազատվելու, որովհետև այսօրվա դրությամբ ես, դուք, մյուսներն ինչքան անմեղ ենք, այնքան էլ ինքն է անմեղ»,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը:
Աղբյուրը՝ http://medialab.am/news/id/4246