«…Այլ նրանում, որ կան թուրքանման հայեր»
00:00, December 1, 2011 | Մամլո հաղորդագրություններԱնցյալ շաբաթ սահմանին երկու հայ երիտասարդների սպանության լուրը դժգոհության ալիք բարձրացրեց Հայաստանում և Արցախում` կտրուկ արդիականացնելով ադրբեջանական իշխանությունների և անձամբ այդ երկրի նախագահի պատասխանատվության հարցը` տարածաշրջանի ռազմականացման և անկայունացման առումով:
Սակայն ինչպես պարզվում է, մեր երկրում կան մարդիկ, որոնք իրավիճակն ընդունում են բոլորովին այլ կերպ` սպառազինության մրցավազքի սրացման մեջ մեղադրելով … Հայաստանին: Եվ օգտվում են ցանկացած հարմար իրավիճակից` սեփական պետությունը բարձրաձայն պախարակելու և բարձրաձայնելու վարկածներ, որոնք շոյում են ոչ միայն պոտենցիալ հակառակորդի լսողությունը, այլ որ ամենակարևորն է, նրանց, ովքեր շռայլորեն դրամաշնորհներ են տրամադրում յուրաքանչյուր թերացման համար:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (բավականին երկակի համբավով կազմակերպություն, ի դեպ ոչ միայն Հայաստանում)` իրեն իրավապաշտպան անվանող ղեկավար Արթուր Սաքունցը, ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի սեմինարին, Հայաստանին մեղադրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԺՈՒ) պայմանագրի խախտման մեջ: Կարելի է վստահորեն պնդել, որ այս պարոնը նման և ավելի ստոր հայտարարություններով առաջին անգամ չէ հանդես գալիս, բայց այս անգամ, շնորհիվ այնտեղ գտնվող այլ հայազգի մասնակիցների, Սաքունցի վարքը հայտնի դարձավ. մամուլում և սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ: Այն մասին, որ Հայաստանում գոյություն ունի գործիչների 5-րդ շարասյուն, որոնք իրենց իրավապաշտպաններ են անվանում, իսկ գործնականում պատրաստ են սեփական ազգի նկատմամբ ցանկացած ստորության, բազմիցս ասվել և գրվել է: Քաջ հայտնի է նաև նրանց գործողությունների շարժառիթը` փողը, փողը և ուրիշ ոչինչ կամ ծայրահեղ դեպքում` թմրանյութ դարձած արտասահմանյան ճանապարհորդությունները: Այս մարդկանց անունները նույնպես քաջ հայտնի են: Այլ հարց է, որ նրանց ոչ բոլոր հայտարարություններին ու արարքներին է հասարակությունն արձագանքում, ընդ որում ոչ միայն բնական նողկանքի զգացումից: Խնդիրը նաև նրանում է, որ այդպիսի գործիչների վերաբերյալ ցանկացած դատապարտում կամ քննադատություն անմիջապես աղմուկ է առաջացնում իբր «իրավապաշտպանների նկատմամբ հալածանքների» վերաբերյալ, ինչը բնական է և ձեռնտու սաքունցներին: Նախ՝ դա նրանց հնարավորություն է տալիս խաղադրույքները բարձրացնել, երկրորդ` գերազանց “PR” է հանդիսանում: Ընդ որում, այդ աղմուկի Բաքվի ակցենտը նրանց բոլորովին չի շփոթեցնում:
Ստացվում է մի պարադոքսային պատկեր. այս մարդկանց կարելի է երկրի և նրա քաղաքացիների մասին ասել ինչ ուզում են, առանց ամաչելու ստորաբար խաբել և զրպարտել մեր հայրենիքը: Բայց պետք է միայն իրերը կոչել իրենց անուններով, որ դա անառարկելիորեն կհայտարարվի արտահայտվելու ազատության իրավունքի խախտում: Այսինքն նրանք կարող են լիովին օգտագործել իրենց իրավունքները, իսկ հասարակության բնական պաշտպանական ռեակցիան «այլախոհների հետապնդում է»:
Այս ամբողջ երկարատև պատմության մեջ, մեր կարծիքով, երկու առավել կարևոր ասպեկտներ կան: Առաջին`աչքի առաջ հանդգնող սաքունցների գործունեությունը, ինչպես երևում է Բրյուսելի սեմինարի հայտարարությունից, արդեն վտանգավոր է դառնում երկրի ազգային անվտանգության ու միջազգային հեղինակության տեսանկյունից: Մի բան է քննադատել իշխանությանը ներքին և արտաքին քաղաքականության համար՝ առաջին հերթին հետևելով սեփական պետության և նրա քաղաքացիների շահին և բոլորովին այլ բան է ամենուր անարգել երկիր` չխորշելով ամենակեղտոտ ստից: Իսկ Սաքունցի «ԵՍԺՈՒ-ի խախտումների» վերաբերյալ հայտարարությունը հենց այս կարգի է:
Քանի անգամ և էլ ինչ կեղծ ու երկրի համար վնասակար հայտարարություններով է նա հանդես եկել` շրջագայելով տարբեր սեմինարներով ու համաժողովներով և միաժամանակ ներկայանալով որպես «հայ իրավապաշտպան», հարցը հռետորական է: Բայց կոնկրետ խնդիրն այն է, որ նման մարդկանց պետք է զրկել երկիրը և նրա հանրությանը ներկայացնելու իրավունքից` թող ասեն ինչ ուզում են և որտեղ ուզում են (հասկանալի է, որ հենց այս տիպի հայտարարությունների համար են նրանց հաճույքով հրավիրում և կշարունակեն հրավիրել արտասահման), բայց որպես անձնական կարծիք, այն պարզ պատճառով, որ բազմաթիվ էական հարցերում հասարակության դիրքորոշումը կտրուկ տարբերվում է սաքունցների վերարտադրածից (ինչը հեշտ է նկատել մամուլի հրապարակումներից և սոցիալական ցանցերում տիրող տրամադրություններից), նշանակում է՝ նրանց հայտարարությունները կարող են ուղղակի համարվել «հատուկ կարծիք» մի երկրում, որտեղ ամենևին էլ չի արգելվում սեփական տեսակետ ունենալն ու այլ ազատ արտահայտելը:
Երկրորդ խնդիրն այն է, որ սաքունցները հաջողության են հասել նաև այլ ասպարեզում` բուն իրավապաշտպան հասկացության վարկաբեկում: Նրանց բազմամյա ջանքերի և գրանտատուների` առաջին հերթին քաղաքական շահերից «իրավապաշտպանության» բովանդակության բացարձակ կախվածության շնորհիվ Հայաստանում այսօր գրեթե չեն մնացել այնպիսի կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների իրական, պրակտիկ, ուղղափառ պաշտպանությամբ, այն դեպքում, երբ այդ իրավունքները խախտվում են ամեն անկյունում: Իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների նեղ խումբը կլոր տարի շրջագայում է ֆորումներով, սեմինարներով և համաժողովներով և միայն երբեմն հայտնվում սեփական երկրում, որտեղ նրանք ուղղակի ժամանակ չունեն և հավես էլ չունեն զբաղվելու հասարակ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Իսկ ամենակարևորը` միջազգային դոնորներն այսօր հազիվ թե փող տան դրա համար: Նրանց բոլորովին այլ բան է պետք, իսկ սաքունցները պատրաստ են ամեն ինչի, միայն թե դրամաշնորհների հոսքը չդադարի: Դրա համար նրանք պատրաստ են իրենց վրա վերցնել նաև ադրբեջանական քարոզչության ֆունկցիաները` միջազգային հարթակներում բարձրաձայնելով ադրբեջանական քարոզչության հակահայկական կանխադրույթները: Ի դեպ, այս կապակցությամբ հնչող այն հարցերը, թե ինչու է Սաքունցը լռում մարտական գծում հայ զինվորների սպանության մասին, ես համարում եմ ոչ իրավաչափ և հայրենիքի սահմանների անվտանգության համար իրենց կյանքը տված 19-ամյա հերոսների հիշատակին անհարիր:
Ճիշտ ժամանակն է հիշել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»: Ահա այս դժբախտության դեմ պետք է պայքարել մարդու, ազգի իրավունքների նորմերին և պետության շահերին համապատասխան:
Աղբյուրը՝ http://www.golosarmenii.am/ru/20199/home/15089/
Թարգմանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի