Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, իսկ դրա վերսկսումը ձեռնտու է Ռուսաստանին. Արթուր Սաքունց
06:51, June 14, 2012 | ՆորություններԱդրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողությունների, հայկական կողմի պատասխան գործողությունների և միջազգային կառույցների արձագանքի շուրջ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
-ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը հակամարտող կողմերին, Երևանում կոչ արեց` զերծ մնալ ուժի և դրա սպառնալիքի կիրառումից, ընդ որում` շեշտվեց, որ Հայաստանն իր հերթին պետք է զերծ մնա պատասխան գործողություններից: Ի՞նչ եք կարծում՝ այս հայտարարությունը կզսպի Ադրբեջանին և առհասարակ, կցանկանայի ձեր գնահատեիք Ադրբեջանի դիվերսիոն և հայկական կողմի պատասխան գործողությունները:
-Ժամանակն է, որ ԵԱՀԿ-ն ոչ միայն հայտարարություններ անի, այլև` գործնական լուրջ քայլեր, որպեսզի շփման գծում միջադեպերը չկրկնվեն: Պետք չէ լինելուց հետո ասեն, որ ինչ-որ բան կանեն, «խառնվեն», այլ` կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն: Չնայած կարծում եմ, որ ԵԱՀԿ-ի մանդատը սահմանափակ է, «փափուկ» է, իսկ ԵՄ-ի ներգրավածությունն այս գործում առավել արդյունավետ կլինի, քանի որ ԵՄ-ի ձեռքում առավել ծանրակշիռ քաղաքական, տնտեսական և իրավական լծակներ կան: Կարծում եմ փոխհատուցման պահանջ պետք է ևս դրվի միջազգային հանրության առջև: Այս համատեքստում, ողջունում եմ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, թե չի բացառում, որ ադրբեջանական կողմից ռազմական դիվերսիայի առնչությամբ, հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմի: ԵԱՀԿ գործող նախագահի հետ համաձայն եմ, իրար վրա կրակելով և վրեժխնդրությամբ հարցը չի լոււծվի: Ի պաշտպանության նախարարությունը զուսպ գտնվեց և թույլ չտվեց, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Չի կարելի պղտոր ջրում ձուկ որսալ, շփման գծում լարված իրավիճակը պսեվդոհայրենասերները փորձեցին օգտագործել: Դրանից միայն սրվելու էր իրավիճակը:
-Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտարարեց, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին համարժեք և կոշտ պատասխան է տրվելու:
-Ես հարց եմ տալիս, երբ 3 զինվորի փոխարեն 10-ից ավելին է ոչնչացվել, դա համարժե՞ք է : Իհարկե , ձեր հարցին պատասխանելով, պետք է նշել, որ Ժնևյան կոնվենցիան համապասխան դրույթ ունի` հարձակումների դեպքում, թե ինչ պատասխան գործողությունների գնալ: Մենք պիտի ձգտենք խաղաղության: Ամեն ինչ պիտի արվի, որ մարդկային կորուստներ չլինեն, ինձ համար, որպես իրավապաշտպանի, մարդկային կյանքն է կարևոր:
-Բայց հայկական կողմի քայլերն ուղղված են հակառակորդին լռեցնելուն և խաղաղություն պարտադրելուն և ոչ թե շատ մարդ սպանելուն, տվյալ պարագայում այլընտրանք չկա:
-Մենք իրար վրա կրակելով առաջ չենք գնա, հասկանում ե՞ք, դրա համար պետք է հակամարտության կարգավորման հարթությունում և տեղի իշխանությունները, և միջազգային կառույցները մեծացնեն հասարակական սեկտորի դերակատարումը: Հասարակական շփումների ակտիվացմամբ, կարելի է ինչ-որ բանի հասնել:
-ԵԱՀԿ գործող նախագահն առաջարկեց նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակել: Ինչպե՞ս եք դա պատկերացնում Ադրբեջանի որդեգրած ապակառուցողականության պարագայում, երբ վերջինը ԵԱՀԿ դիտարկումների ժամանակ հրաժարվում է անմիջական շփումներից, ԵԱՀԿ ներկայացուցիչներին շատ հաճախ դուրս չի բերում ճակատային գիծ, անտեսում է միջազգային հորդորներն ու նախագահների եռակողմ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը չի կարելի ասել հայկական կողմի վերաբերյալ:
-Իսկապես, շփման գծում արձանագրվող միջադեպերը պետք է պատշաճ և լիարժեք հետաքննության ենթարկվեն: Պետք է ստեղծվի հակամարտող կողմերի և ԵԱՀԿ ներկայացուցիչներից կազմված եռակողմ անկախ հանձնաժողով և յուրաքանչյուր դեպք հատուկ քննվի: Այս գործում կարող են լուրջ աջակցություն ցուցաբերել նաև ԵՄ-ն և ԵԽ-ն: Այլապես Ադրբեջանն ասում է` հայկական կողմն է մեղավոր, հայկական կողմը` հակառակորդը:
-Հայկական կողմն իր մեղադրանքները փաստերով ապացուցում է, ադրբեջանական կողմը` ոչ: Մենք ԵԱՀԿ ներկայացուցիչներն անձամբ եղան Մովսես-Այգեպար ճանապարհահատվածում, որտեղ սպանվել էին պայմանագրային հայ զինծառայողները,լուսանկարեցին և նկարահանեցին դիվերսիոն հարձակման հետքերը և հետո, մենք քաղաքացիական անձանց վրա չենք կրակում:
-Այո, Ադրբեջանը փաստեր չի ներկայացնում, Ադրբեջանը թաքցնում է նաև բանակի ներսում մահվան դեպքերը: Մենք մահվան դեպքերը բանակի ներսում չենք թաքցնում, բայց մենք էլ լավ և անաչառ հետաքննություն չենք իրականացնում և եթե Ադրբեջանից առաջ ենք այս հարցում, չի նշանակում, թե չպետք է փորձենք ավելի լավը լինել: Ւնչ վերաբերում է ոչ հենակետերի ուղղությամբ կրակելուն, ապա ես չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետև ՊՆ-ն է այդպես ասում: Դրա համար շփման գծում միջադեպերի հետաքննությունն ասում եմ անհրաժեշտ է, որը նաև լույս կսփռի ներզորամասային դեպքերի վրա:
-«Տեղափոխվելով» շփման գիծ, որքանո ՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը:
-Նախ մինչ այդ պիտի ասեմ, թե ում է ձեռնտու պատերազմի վերսկսումը: Դա Ռուսաստանն է: ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որովհետև էներգետիկ շահեր ունի, իսկ Ռուսաստանը կողմերին առաջարկելու բան չունի, բացի զենքից և նրան շահեկան է այդ առումով իրավիճակի լարումը, իսկ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, որովհետև թաղված է նրա բանակը կոռուպցիայի մեջ:
-Իսկ որոշ փորձագետներ նշում են, թե ԱՄՆ-ին է ձեռնտու շփման գծում լարումը, որպեսզի խաղաղարար երևա և այդ ֆոնին ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում:
-Դա պռոռուսական փորձագետների կարծիք է, ովքեր ՌԴ-ի պատվերն են կատարում:
-Քանի, որ խոսեցիք ԱՄՆ-ից, տեղյակ ե՞ք ԱՄՆ-ի զինված ուժերում ինքնասպանությունների թվի աճից: Չխոսենք նաև ԱՄՆ-ի խաղաղապահների դիակների անարգման փաստերը: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է , երբ մենք նրանց մոտ բողոքում ենք մեր բանակից: Նրանց մոտ ևս «թուլություն» է համարվում ռազմական հոգեբաններին դիմելը:
Կա նման բան, բայց կա նաև լավը և ինչպես ասացի, մենք պետք է փորձենք ավելի լավը լինենք: Իսկ մենք հիմա ուրիշի աչքի փուշը կամ գերանը տեսնում ենք, մերը` ոչ: Ի դեպ, ես դեմ էի ԱՄՆ-ի Իրաքի վրա հարձակմնանը, որի հետևանքով անմեղ մարդիկ զոհվեցին, սպանվեցին:
-Պարոն Սաքունց, վերջին հարցը` Ադրբեջանում ձեզ գաղփարակից իրավապաշտպաններ շատ կան: Ժամանակին, անգամ ընդդիմադիր պատգամավորները Երևանում չէին քննադատում իրենց իշխանություններին, հատկապես ` ռազմական հարթությունում:
Այնտեղ իրավիճակն իհարկե շատ վատ է, նախապես իմացվում է, 10 օր հետո կայանալիք որևէ հանդիպման մասին և երկրի, քաղաքի ներսում խոչընդոտվում է տեղաշարժը: Ժամանակները փոխվել են և Ադրբեջանում կան կազմակերպություններ, մարդիկ, ովքեր դեմ են ալիևյան կլանին, չշփվե ՞նք նրանց հետ, չփորձե ՞նք երկխոսություն ստեղծել, հատկապես ` հակամարտության կարգավորման հարթությունում: Ի դեպ, շատ կարևոր է այս պարագայում, որ գործածենք հակառակորդ և ոչ թե` թշնամի ձևակերպումը:
-Իսկ դուք բողոքում եք:
-Մենք պիտի մի բան իմանանք, եթե տնտեսապես զարգացած լինենք, ժողովրդավար լինենք, մարդու իրավունքները հարգենք, բանակում մահվան դեպքերի մեղավորները պատժվեն, Ադրբեջանը չի համարձակվելու դիվեսիաներ անել: Մեր մոտ նման բան չկա, բայց անելիքներ կան:
Աղբյուրը՝ http://haynews.am/hy/1339606274