Ազատ և արդար ընտրությունների ապահովման համար նախադրյալները բացակայում են. Արթուր Սաքունց
14:30, May 5, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ` իրական ազատ և արդար ընտրությունների ապահովման համար անհրաժեշտ նախադրյալները բացակայում են:
«90-ական թվականներին մենք ունեինք վատ օրենք, սակայն տեղի ունեցած ընտրությունների նկատմամբ վստահությունը մեծ էր քաղաքական կամքի առկայության պատճառով: Սակայն այժմ մենք ականատես ենք լրիվ այլ պատկերի` թվում է, թե լավագույն օրենց ունենք, սակայն վստահությունը շատ ցածր է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց Արթուր Սաքունցը` նշելով, որ ըստ էության այս ընտրություններում քաղաքական կամքը բացակայում է:
Նրա համոզմամբ` նոր ընտրական օրենսդրությունը պարզապես բարեհաջող կերպով քողարկում է նախընտրական գործընթացներին առնչվող այն հարցերը, որոնք նախկինում «անհարմար» հարցեր էին առաջացնում կուսակցությունների համար:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ իր հերթին նշեց, որ վարչական ռեսուրսի չարաշահումը շարունակում է մնալ հայկական քարոզարշավի անխուսափելի արատը: «Խոսքը գնում է ոչ այնքան միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված դրսևորումների մասին, այլև` շատ վտանգավոր երևույթների», – ընդգծեց նա:
Մասնավորապես`ըստ Վարուժան Հոկտանյանի, լայն տարածում է ստացել գյուղապետերի վրա «պլան» դնելը մարզպետի կողմից իր կուսակցության (որպես կանոն ՀՀԿ-ի) համար գյուղի ընտրողների ձայների գերակշիռ մեծամասնությունը: «Այսպիսի չարաշահումը լուրջ ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա», – նշեց նա:
Աղբյուրը՝ http://archive.hcav.am/wp-admin/post-new.php?post_type=events