Ազգականները չեն հավատում զինծառայողի ինքնասպանությանը
06:16, January 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՆախաքննության վարկածով` մահվան օրը մարտական հենակետում հերթապահող 19-ամյա Սարգիս Սահակյանին ծառայակիցներն ինքնասպանության են հասցրել մեկ «Սնիկերս»-ի պատճառով:
Ժամկետային զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է 2012 թվականի նոյեմբերի լույս 5-ի գիշերը Մեղրիում:
Սարգսի մայրը` Մարգարիտա Սահակյանն այսօր էլ չի կարողանում լսել միակ որդու մահվան պաշտոնական ձևակերպումը. – «Ուտելիքի համար մարդ կսպանե՞ն»:
Տիկին Մարգարիտային Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում որդու մահվան գործով անցկացվող նիստերի մանրամասներին ամուսինն ու մյուս ազգականները չեն իրազեկում: Մայրը համոզված է, որ իր որդին ինքնասպանություն չէր գործի. նրան սպանել են. – «Հետո էլ ասում են` զինվորներին լավ ենք տեր կանգնում: Է՞ս ա տեր կանգնելը: Թող գային-ասեին` թուրքի գյուլլեն կպել ա… թող չասեն ինքնասպանություն»:
Ազգականների բնութագրմամբ` Սարգիսը հանգիստ, հավասարակշռված տղա էր, ծառայությունից երբեք չէր բողոքում: Նախաքննական մարմինը միայն մեկ վարկած է առաջ քաշել ու պաշտպանել` ինքնասպանությունը:
Երիտասարդի հարազատները, սակայն, խիստ վիճելի են համարում այդ վարկածը: «Ավտոմատի կրակելուց տենց թեթև վերքեր չէին լինի: Ամբողջ դեմքը կցխեր: Ես կասկածում եմ, որ դա ատրճանակի կրակոց ա: Քննիչին հարցնում եմ` գնդակը գտե՞լ եք: Ասում ա` չէ: Ասում եմ` իսկ գիլզեն գտե՞լ եք: Ասում ա` գիլզեն էլ չենք գտել: Զենքի վրա մատնահետքերը չեն կարողանում պարզել, հստակ մատնահետքեր չկան», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսի հորեղբայրը:
Ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող երկու ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը: Սահակյանների ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Խչեյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նրանք պնդում են, թե իրենցից ցուցմունքները կորզվել են ծեծ ու ջարդով ռազմական ոստիկանությունում:
Հարկ է նշել, որ ոչ միայն երկու ամբաստանյալները, այլև գործով անցնող բոլոր ութ վկաները դատարանում հրաժարվել են նախաքննական ցուցմունքներից: Սարգսի հորեղբոր փոխանցմամբ` բոլորը պնդում են, որ ցուցմունքները ծեծով են կորզվել:
Սահակյանները հույս ունեն, որ դատաքննության ընթացքում իրականությունը կպարզվի: Կարողացել են հասնել նրան, որ Առողջապահության նախարարության փորձագիտական կենտրոնում նոր փորձաքննություն անցկացվի:
Զոհված երիտասարդի մոր ցանկությունը մեկն է` միայն թե անմեղին չպատժեն:
«Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե պիտի չլսեր որդուն, այլ աներ այն, ինչ ծրագրել էր` վաճառեր տունն ու որդուն բանակից ազատեր. – «Ասի, բալես, տունս էլ կծախեմ, փայ կհավաքեմ… Էլ ի՞նչ տղա, որ չծառայեմ, մամ ջան, ինձ ի՞նչ ա եղել: Ցանկանում էր ծառայել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, անցած տարվա ընթացքում բանակում 31 զինծառայող է մահացել: Նրանցից 8-ը, ըստ պաշտոնական տվյալների, ինքնասպանություն են գործել: Իրավապաշտպան կազմակերպությունը, սակայն, կարծում է, որ նախաքննական մարմինը սպանությունն ինքնասպանություն է ներկայացնում: