Ալիևը կողմ էր Ղարաբաղի հետ բանակցություններին
00:00, September 4, 2006 | ՆորություններLեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն իր երկիր այցելած ադրբեջանցի իրավապաշտպան Արզու Աբդուլաևային նվիրեց Ադրբեջանի հետ բանակցությունների թղթապանակը: Թղթապանակում պահվում են Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև հաճախ առանց Հայաստանի մասնակցության ստորագրված համաձայնագրերը: Դրանցից մեկով Հեյդար Ալիևը լիազորում է իր ներկայացուցչին «ուղղակի բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի հետ»:
«Երբ Ադրբեջանին պետք էր դադարեցնել ռազմական գործողությունները, այդ դեպքում նա ակտիվորեն հաղորդակցվում էր Ղարաբաղի հետ»,-հայկական ու ադրբեջանական իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արկադի Ղուկասյանը: Իսկ հիմա Ադրբեջանը Արկադի Ղուկասյանի հավաստմամբ, չի ուզում լսել Ղարաբաղին, լսելու դեպքում էլ սպառնալիքներ է տեղում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Ադրբեջանի, Հայաստանի կոմիտեների, Վանաձորի գրասենյակի, Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն 92» ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի նախագահը խոսեց հակամարտության լուծման հնարավոր ուղիների, բանակցություններին՝ Ղարաբաղի մասնակցության, անհայտ կորածների խնդիրների, թշնամական հարաբերությունների հետևանքների ու փոխվստահության ձևավորման անհրաժեշտության մասին:
«Եթե ես լինեի ադրբեջանական իշխանությունների փոխարեն, ամեն օր սեր կխոստովանեի ղարաբաղցիներին»,-դեռ ավելին՝ կհամոզեր, որ Ադրբեջանի հետ ապրելն ավելի լավ է, քան առանձին, կկիսվեր նավթային եկամուտներով և ավելի լավ առաջարկներ կաներ: Մինչդեռ ներկա իրավիճակում, երբ Ադրբեջանը չի ուզում հաշվի նստել ղարաբաղցու ցանկության հետ ու սպառնում է հարցը լուծել պատերազմով, դժվար է նստել սեղանի շուրջ ու խոսել:
«Այսօր մենք իրար հետ չենք խոսում»,-ասում է ԼՂՀ նախագահը: Ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչությունն ու ապատեղեկատվությունն ավելի են սրում իրավիճակն ու խոչընդոտում երկու հասարակությունների հաշտեցմանը:
«Կա Ադրբեջան-Ղարաբաղ փոխհարաբերությունների խնդիր ու այն հարկավոր է լուծել սեղանի շուրջ՝ առանց սպառնալիքների»:
Ղարաբաղյան հակամարտության լուծման ամենակարևոր նախապայմանը ԼՂՀ նախագահը համարում է փոխվստահության մթնոլորտի ձևավորումը՝ թշնամու կերպարը վերափոխել հակառակորդի ու լսելի դարձնել նաև ղարաբաղցու ձայնը:
«Ղարաբաղցին Ադրբեջան չի ուզում վերադառնալ: Ադրբեջանի Հանրապետությունը չի համարվում Խորհրդային Միության իրավահաջորդը, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս է եկել այն օրենքով, որով և Խորհրդային Միությունից դուրս է եկել Ադրբեջանը: Ուրեմն, ի՞նչ առնչություն ունի Ղարաբաղը անկախ Ադրբեջանի հետ»:
Նման դիրքորոշման առկայությունը Արկադի Ղուկասյանը ամենևին չի համարում պատերազմ սկսելու ցանկություն: ԼՂՀ նախագահը առաջարկում է քննարկել այն ու միաժամանակ լսել Ադրբեջանի փաստարկները, այդ թվում՝ միջանկյալ կարգավիճակի, տարիներ հետո անցկացվելիք հանրաքվեի հարցերը: Բայց որ ամենակարևորն է, Լեռնային Ղարաբաղը պետք է ընդգրկվի բանակցություններում: Այնինչ բանակցությունների ընթացքում, ըստ ԼՂՀ նախագահի, ստեղծվել է հետևյալ վիճակը. Ադրբեջանն ասում է՝ վերադարձրեք տարածքները, Ադրբեջանի փախստականները պիտի վերադառնան, համաձայնեք, որ դուք Ադրբեջանի քաղաքացիներ եք: «Այս դեպքում, ինչի՞ մասին խոսել, եթե կարգավիճակի հարցը սրանով լուծվում է»,-հարցնում է Ա. Ղուկասյանը: Լեռնային Ղարաբաղը հիմա չի հավակնում իրավական տեսակետից ԼՂՀ ճանաչման, չնայած դա ղարաբաղցու երազանքն է: Արկադի Ղուկասյանի համար այս փուլում կարևորն այն է, որ Ղարաբաղը այսօր անկախ է, համարվում է կոնֆլիկտի կողմ ու պետք է ընդգրկվի բանակցություններում:
«Ի վերջո, Ադրբեջանից ու Հայաստանից առավել շատ Ղարաբաղն է տուժել»,-ասում է Արկադի Ղուկասյանն ու նկատում, որ ռումբերը Ստեփանակերտ էին ընկնում, ոչ թե Երևան կամ Բաքու: Ուստի բանակցություններում ընդգրկվելը հարկավոր է ոչ թե Ղարաբաղին, այլ՝ կարգավորման գործընթացին:
Արկադի Ղուկասյանն այն կարծիքին է, որ եթե նույնիսկ ստորագրվի ինչ-որ փաստաթուղթ, միևնույն է, ժողովուրդները պետք է պատրաստ լինեն պատմական հաշտեցման: Հակառակ դեպքում, «եթե չես բացառում, որ 10-15 տարի հետո կվերսկսվի պատերազմը, ապա դու ոչ մի զիջումների չես գնա: Զիջումների կարելի է գնալ, եթե վստահ ես, որ վաղը պատերազմ չի լինի»:
Նա հիշում է պատերազմի տարիները, երբ իրավիճակն ավելի մեղմ էր, շփումը ադրբեջանցիների հետ ավելի սերտ: Այն ժամանակ դաշտային հրամանատարները կարող էին կապվել միմյանց հետ ու պայմանավորվել չկրակել: Հիմա երկու կողմերը խոսում են այլ բառապաշարով, որր «չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը»:
Նաիրա Բուլղադարյան