Ահաբեկում իրավապաշտպան քաղաքացու հանդեպ
00:00, May 22, 2008 | Հայտարարություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՀայտարարություն
2008թ. մայիսի 21-ին հրազենային և ֆիզիկական ուժի կիրառմամբ հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը:
Հարձակումն իրականացվել է մի խումբ մարդկանց կողմից, որոնց գլխավորել է ՀՀ Ազգային առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանը:
Հարձակվողները սկզբում հրազենային զենք են օգտագործել /գազային ատրճանակ/, այնուհետև կիրառել նաև ֆիզիկական բռնություններ՝ հարձակումն ուղեկցելով հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, որոնք ուղղակիորեն կապված են եղել Մ. Դանիելյանի իրավապաշտպանական գործունեության հետ:
Կատարված փաստի վերաբերյալ ընթանում է քննություն:
Գտնում ենք, որ կատարվածը հանդիսանում է ֆիզիկական հաշվեհարդար ոչ միայն մարդու իրավունքներով զբաղվող անձի, այլև՝ ամբողջ իրավապաշտպանական գործունեության նկատմամբ: Նկատի ունենալով մարտի 1-ից ՀՀ-ում մարդու իրավունքների զանգվածային խախտումները և նրանց կանխարգելման ուղղությամբ իշխանությունների ոչ համարժեք և միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների չկատարումը՝ գտնում ենք, որ իրավապաշտպանի նկատմամբ հարձակումը հետևանք է երկրում ստեղծված իրավիճակի:
Սա երկրորդ դեպքն է, երբ Մ.Դանիելյանը ենթարկվել է հարձակման: Նախորդ անգամ հանցագործներն այդպես էլ մնացին չբացահայտված:
Դատապարտելով իրավապաշտպան Մ.Դանիելյանի նկատմամբ զինված հարձակումը՝ պահանջում ենք իրավապահ մարմիններից ապահովել անաչառ և հիմնավոր քննություն և պատասխանատվության ենթարկել հանցագործությունը կատարողներին:
Երկրի հեղինակության վերականգնումը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանության համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ