Ամեն մի քաղաքացի պոտենցիալ Շանթ է
13:57, November 6, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՇանթ Հարությունյանն իր երեկվա գործողություններով ցույց տվեց Հայաստանում առկա իրավիճակի ամբողջ լրջությունը: Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ իշխանությունը Մաշտոցի պողոտայում երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հերթական անգամ օգտագործեց սադրիչներին:
«Շանթն ասաց՝ ոչ, մենք չենք պատրաստվում հպատակվելու: Հայաստանի Հանրապետությունում այսօր ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ամեն մի քաղաքացի ինքը պոտենցիալ Շանթ է: Ժամանակի ընթացքում այդ շանթերը կարող են դրսևորվել և այդ շանթերի դեմ պայքարն ապօրինի մեթոդներով ոչ համարժեք է այսօրվա իրավիճակին, որն իշխանությունները ստեղծել են»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով ոստիկանության այն հայտարարությանը, թե բախման ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություններ են կիրառվել, Արթուր Սաքունցը հարցադրում է անում. «Ոստիկանն ինչո՞ւ պետք է այնտեղ հայտնվի: Շանթ Հարությունյանը որևէ քաղաքացու նկատմամբ գործողությո՞ւն է մտադրված եղել կատարելու, ոչ: Ինքը հստակ ասել է՝ Բաղրամյան 26, որպես իշխանության խորհրդանիշ, իշխանության, որն ապօրինի է, իշխանության, որն օրենքից դուրս է: Ինչպե՞ս անենք, որ օրինական գործի»:
Իրավապաշտպանի խոսքով՝ երեկվա դեպքերի գնահատման համար առաջին հերթին պետք է հաշվի անել, թե Շանթ Հարությունյանն ի՞նչ հիմնավորմամբ է իրականացրել իր բողոքի ակցիան: «Ինքը պարզ ասում է, որ այդ ամենը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ստեղծվել է համակարգ, որը նվաստացնում է մարդու արժանապատվությունը, սահմանափակում է ազատությունները, և ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, այլևս չի կարող իրեն թույլ տալ ապրել նման նվաստացուցիչ պայմաններում: Կարծում եմ, որ գործողությունները գնահատելիս պետք է անպայման հաշվի առնել այդ հանգամանքը, որովհետև ոչ իրավական պետությունում, որտեղ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, իրավունքի գերակայության սկզբունքը, սահմանադրական բոլոր նորմերը խախտվում են, նման պայմաններում քաղաքացու նկատմամբ օրենքի կիրառումը այն հիմնավորմամբ, որ կատարվել է հակաօրինական գործողություն, ինքը սոփեստություն է, կեղծիք»,- ընդգծեց Սաքունցը:
Նա հիշեցնում է, որ Շանթ Հարությունյանը միշտ էլ մասնակցել է պայքարին, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով ձերբակալվածներից է: Եվ հիմա այդ համատեքստից կտրել երեկվա գործողությունները և գնահատել նրա գործողությունների իրավաչափությունը կամ համապատասխանությունն օրենսդրությանը, շատ ծիծաղելի կլինի և հակաօրինական:
«Օրենքը կիրառողներն իրենք արդեն իրենց օրենքից դուրս են դրել և նրանք որևէ հիմք չունեն այդ օրենքը կիրառել Շանթ Հարությունյանի նկատմամբ»,- ընդգծեց նա: Սաքունցը հիշեցնում է, որ այս իշխանությունները բռնությամբ են իշխում, օրինականացնում են բռնություններն իրենց որոշումներով, իսկ այդ ապօրինի որոշումների դեմ մարդիկ չունեն որևիցե իրավական մեխանիզմ և երբ դրսևորում են իրենց բողոքը նման կերպ, իշխանությունները դա համարում են ապօրինի: Ըստ նրա՝ այդ ապօրինության դեմ այլ տարբերակ, քան ընդվզել, չկա:
«Առանձին վերցնել ներկայացնել այն դրվագը, որ եղել են փայտեր, պայթուցիչներ, եղել է հասարակական կարգի խախտում կամ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ և դրանով սահմանափակել գործողությունների գնահատականը՝ առանց հաշվի առնելու այն իրավիճակը, որում այդ գործողություններն իրականացվել են, նշանակում է կեղծել իրականությունը, խնդրին չմոտենալ համակողմանի ու օբյեկտիվ: Նշանակում է վերստին շարունակել այն պրակտիկան, երբ մարդկանց օրինական բողոքը, որը համարժեք է իշխանությունների ապօրինությունների մակարդակին, դատապարտվում է: Դա նշանակում է զրկել մարդկանց իր երկրում ապրելու հույսից, ապօրինության դեմ ընդվզելու իրավունքից»,- ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ ttp://www.lragir.am/index/arm/0/country/view/90492#sthash.DCdoCwAe.dpuf