ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցն անդրադառնում է ՀՀ բանակում կատարվող սպանություններին
12:38, May 25, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերՄիացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումներին վերաբերող իր ամենամյա զեկույցը: 2011 թվականին վերաբերող զեկույցի համաձայն, ամենաշատը մարդու իրավունքների խախտումներ գրանցվել են Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Իրանում:
Անդրադարձ է արվում` «Արաբական գարնան» հեղափոխություններին:
Զեկույցն, ինչպես ամեն տարի, տվյալներ է ներկայացրել նաեւ Հաստանում մարդու իրավունքների խախտումների մասին:
«Առավել ցայտուն խախտումներ գրանցել է կառավարությունը՝ խոսքի եւ մամուլի ազատությունը, իրավական համակարգի անկախությունը փոխելու՝ մարդկանց իրավունքի սահմանափակումների տեսքով»,- ասվում է զեկույցում:
«Կառավարությունն ազատ արձակեց 2008 թվականին անվտանգության մարմինների եւ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված վերջին 6 ներկայացուցիչներին, ապրիլի 28-ից կառավարությունը սկսեց արտոնել սրանից առաջ մայրաքաղաքում արգելված ցույցերն ու ընդդիմության հավաքները, սակայն սահմանափակումներ են գրանցվել այս ցույցերին մասնակցելու ցանկություն ունեցող մարդկանց նկատմամբ, մասնավորապես, նրանց, ովքեր փորձել են մայրաքաղաք գալ շրջաններից: Կառավարությունն ապաքրեականացրել է զրպարտությունը, սակայն սահմանել է նոր՝ ավելի բարձր վարչական տուգանքներ, որոնք դրդում են լրագրողներին եւ լրատվամիջոցներին կիրառել ինքնագրաքննություն»:
Զեկույցում ասվում է նաեւ, որ թվային հեռուստատեսությանն անցնելը հանգեցրեց մեդիայի բազմակարծության նվազեցմանը:
«Դատարանները շարունակում են մնալ քաղաքական ուժերի ճնշման տակ, դրանք որպես գործիք հիմնականում ծառայում են գործադիր իշխանության համար»,- ասվում է զեկույցում: Անդրադարձ է կատարվել նաեւ բանակում գրանցված մահվան դեպքերին։
«Թեեւ կոնկրետ փաստեր չեն եղել, որ կառավարությունը կամ իրեն հարող մարդիկ միտումնավոր կամ անօրինական սպանություններ են իրականացրել, սակայն զինված ուժերում ոչ պատերազմական պայմաններում գրանցվող սպանությունները դեռեւս խնդիր են ներկայացնում: Ըստ կառավարության տվյալների` 2011 թվականին 15 զինծառայող է սպանվել բանակում»,- ասված է Պետքարտուղարության զեկույցում, որտեղ միեւնույն ժամանակ նշվում է, որ այս ցուցանիշը նախորդ՝ 2010 թվականի համեմատ, նվազել է:
Աղբյուրը՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=7345#.T78-KXxOQd4.facebook
Կից ներկայացվում է Զեկույցը: