Նախագահական ընտրությունները ՀՀ-ում արժեզրկվել են. Արթուր Սաքունց
09:03, February 16, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2013 թ. փետրվարի 16-ին Մեդիա Կենտրոնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց Հանրապետության Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության արդյունքների հիման վրա կազմված զեկույցը:
2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների նախընտրական փուլում ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացրել է դիտորդություն Լոռու մարզի Վանաձոր և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում: Դիտորդությունը Վանաձորում իրականացվել է 7, իսկ Իջևանում` 4 դիտորդների կողմից:
Դիտորդները մասնակցել են Իջևան և Վանաձոր քաղաքներում ՀՀ Նախագահի թեկնածուների հանդիպումներին, զրուցել հանդիպման մասնակիցների հետ, հնարավորության դեպքում՝ ՀՀ Նախագահի թեկնածուի կամ նրա ներկայացուցչի հետ, այցելել են թեկնածուների նախընտրական շտաբներ, զրուցել շտաբների ղեկավարների հետ:
Զեկույցի մեջ ներկայացված է քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, ինչպես նաև բարեգործության և քողարկված ընտրակաշառքների մասին:
Ասուլիսի ընթացքում Արթուր Սաքունցը, անդրադառնալով վարչական ռեսուրսների չարաշահմանը, նշեց, որ նախընտրական քարոզչության փուլում գործող Նախագահ, ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանիպումների ժամանակ քաղաքացիներին, հատկապես դպրոցների աշխատակիցներին պարտադրել են մասնակցել հանդիպմանը` խաթարելով կրթական գործընթացը:
Իսկ երեկ` 2013 թ. փետրվարի 15-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից դասապրոցեսի ընթացքում քարոզչություն իրականացնելու համար կարգապահական տույժի է ընթարկվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը:
Արթուր Սաքունցը նաև նշեց, որ քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգեր են ստանում ընտրակաշառքների վերաբերյալ: Կազմակերպության կողմից հաղորդում է ներկայացվել Լոռու մարզի դատախազություն, սակայն համապատասխան ջանք ու աշխատանք չի կատարվել այդ դեպքերը բացահայտելու համար:
Անդրադառնալով նախընտրական շտաբների թվին՝ բանախոսը հայտնեց, որ Նախագահի թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանն ունի նախընտրական շտաբներ, իսկ Րաֆֆի Հովհանիսյանը՝ մեկական շարժական շտաբներ Վանաձոր և Իջևան քաղաքներում:
Ամփոփելով նախընտրական քարոզչության արդյունքները՝ Ա. Սաքունցը հայտնեց, որ ՀՀ Նախագահի թեկնածու, գործող նախագահ Ս.Սարգսյանն ունեցել է ակնհայտ մեկնարկային առավելություն մյուս թեկնածուների համեմատ թե՛ վարչական, թե՛ ֆինանսական և թե՛ մարդկային ռեսուրսների տեսակետից: Լայնորեն օգտագործվել են նաև վարչական լծակները նրա նախընտրական հանդիպումներին քաղաքացիների ստիպողաբար և պարտադրաբար մասնակցության համար:
Համեմատելով 2008 թ. ՀՀ Նախագահի ընտրությունների հետ՝ Ա. Սաքունցը նշեց, 2008 թ. ընտրական դաշտում կար ակնհայտ մրցակցություն, ինչը հիմա բացակայում է: Այս ընտրությանը, բացի Սերժ Սարգսյանից, թեկնածուները անպատրաստ մտան նախընտրական քարոզչության մեջ:
2008 թ. հանրային ուշադրությունը, հանրային մասնակցությունը շատ ավելի մեծ էր և դրանով էր պայմանավորված, որ ռեժիմը ուժային մեթոդները կիրառում էր սաստելու, կանխելու քաղաքացիական, քաղաքական ցանկացած ակտիվություն, որը դրսևորովում էր ակտիվիսներին բերման ենթարկելով, հանդիպումները խոչընդոտելով:
«Նախագահական ընտրությունները արժեզրկվել են ՀՀ-ում, քանի որ չկա որևիցէ ծրագիր կամ գաղափար, միայն առաջարկում են փող, փող, և դա բարոյազրկում է ոչ միայն ընտրազանգվածը, այլ նաև ընտրական ինստիտուտը»,-եզրափակեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարի 1-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է «Քաղաքացիական վերահսկողության իրականացում 2013 թ. նախագահական ընտրությունների նկատմամբ» ծրագիրը Լոռու և Տավուշի մարզերում:
Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ-Հայաստանի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Մամուլի ասուլիսի վերաբերյալ այլ նյութեր` http://www.tert.am/am/news/2013/02/16/arthur-sakunts/