Անդրանիկ Միրզոյանի պաշտոնից ազատման պատճառը Շուշիի բերդում ինքնասպանություն գործած զինվորն է
07:53, May 8, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, ՈստիկանությունՕրերս Սերժ Սարգսյանը ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու քայլը հիմնավորել է կոնկրետ քրեական գործի ապօրինությամբ, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության կայացման գործում լուրջ խնդիրներ լուծել չկարողանալու պատճառով: «Ժամանակին» հաջողվել է պարզել, թե որն է եղել Անդրանիկ Միրզոյանին պաշտոնից ազատելու հիմնական շարժառիթը: Պարզվում է՝ նոյեմբեր ամսին Շուշիի ՀՔԾ-ում Հայկ Մովսիսյանի ինքնասպանությունն է եղել պատճառը, որն ունի մի շարք նուրբ և մութ կետեր:
Ի՞նչ է եղել իրականում. 1993 թվականի հունվարի 6-ին ծնված Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանը 2011-ի աշնանը զորակոչվում է Մարտակերտ՝ սիրով պատրաստ երկու տարի ծառայություն իրականացնելու: Սակայն ծառայության քսաներորդ օրը, երբ հայրը նախապատրաստական աշխատանքներ էր տանում որդու երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, զանգում են, տեղեկացնում, որ որդին հիվանդանոցում պառկած է: Հայրը որդուն գտնում է Կանազի հոգեբուժարանում, որտեղ տղան մեկ ամիս բժշկական օգնություն է ստանում, իսկ բժիշկն էլ թուղթ է տալիս, որ Հայկ Մովսիսյանը ենթակա չէ ծառայության, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա սուիցիդի փորձով:
Հայկ Մովսիսյանի հայրը՝ Արտավազդ Մովսիսյանը, «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ որդու հոգեկանը ամբողջովին խանգարվել էր, ամենաթեթև բանից միանգամից բռնկվում էր: Որդուն մեկ ամիս հետո տուն են բերում: Արդեն 15 օր հետո զինգրքույկ է ստանում ու գնում Ռուսաստան մոր և քրոջ մոտ` բուժման նպատակով: Այնուհետև սկսում են Հայկ Մովսիսյանին փնտրել, նրան կանչում են և անմիջապես օդանավակայանից տեղափոխում Նուբարաշենի, ապա Շուշիի ՔԿՀ՝ չնայած այն հանգամանքին, որ քննիչին ցույց են տվել, որ ոչ թե փախել է տղան, այլ իրավունք է ունեցել գնալու, քանի որ զինգրքույկ է ունեցել:
Հայրը պատմեց, որ որդին ամառ-ձմեռ ձեռքերի շրջանում կապտուկներ է ունեցել, ագրեսիվ էր, բայց ծնողները որևէ կերպ չեն պատկերացրել, որ կարող է գնալով բարդանալ իրավիճակը: «Ղարաբաղի քննիչ Ադամյանը տարավ ինձ, ասում է՝ չեմ հավատում, որ ձեր երեխան հիվանդ է, նորից կամիսիա անցկացրեց, չանցած մի որոշ ժամանակ քննիչ Ադամյանը զանգեց ասաց` Ֆռանգուլյան բժշկի մոտ տանեմ տղայիս, իր ասած բժշկի մոտ գնացինք, պետք է կրկնակի ստուգումներ իրականացնեին, հարցնում է՝ տղա ջան, գլխի վրա ընկե՞լ ես, ականջներդ ձայն լսո՞ւմ են, անհիմն հարցեր էին, հետո հինգ րոպեում ասաց` վեր կացեք, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Արտավազդ Մովսիսյանը:
Դրանից հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, դատավճիռ է կայացրել և Հայկ Մովսիսյանին երեք տարի ազատազրկման դատապարտել:
Հայրը նշեց, որ որդին ինքնասպանության չէր դիմի, եթե ճնշումներ եղած չլինեին, հնարավոր է, որ Շուշիի ՔԿՀ-ում տղային նեղած լինեն, ասեն՝ չէիր ուզում հա՞ ծառայեիր: Մյուս հանգամանքն այն է, որ հայրը չի հասկանում` ինչպես է հնարավոր, որ տղան սավանով ինքնասպանության դիմած լինի, ութ հոգի կողքը քնած լինեն, կախվի, չտեսնեն: Հայրը նշեց, որ պայքարելու է բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Նշենք, որ օրերս ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, արդարացրեց Հայկ Մովսիսյանին:
«Ուզում եմ բոլոր մեղավորները պատասխան տան, քննիչը, դատախազը, դատավորը, ինչպես նաև բժիշկ Ֆռանգուլյանը»,- ասաց Հայկ Մովսիսյանի հայրը:
Ի դեպ, 2013-ի հունվարի 31-ին ՀՀ արդարադատության խորհրդի նիստում դադարեցվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանի լիազորությունները՝ առողջական խնդիրներ ունենալու հիմնավորմամբ:
Հայկ Մովսիսյանի փաստաբան Հովհաննես Ասատրյանը մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց: Ըստ այդմ՝ 2012-ի աշնանը զորակոչված Հայկ Մովսիսյանը մեկ ամիս ծառայելով՝ դիմել է փախուստի, սակայն Հայկն ի սկզբանե ազատված է եղել ծառայությունից առողջական խնդիրներ ունենալու պատճառով: «Ես դատավոր Սերգեյ Աղաբեկյանի հետ կռիվ արեցի, դատախազին վիրավորեցի, ասացի, որ առաջին հերթին քեզ պետք է դատի տանք, ինքն էլ հայտարարեց, որ էթիկայի կանոնների խախտում եմ թույլ տալիս, ասացի՝ դուք կուլ եք գնում, այս տղան հանցագործ չէ, նա ազատված է եղել ծառայությունից, զոռով բռնել-բերել եք, մի հատ էլ դատում եք»,- ասաց Հ. Ասատրյանը:
«Ի սկզբանե բուժզննումը նրա հոգեկանը ոչ լիարժեք է ճանաչել և ազատել է բանակից, հետո կանչել են, թե հերը փող է տվել, ինչ է արել, բռնել զորակոչել են բանակ, ոչ մի փաստաթղթում նրա հիվանդությունը հերքված չէ: Նախնական բժշկական եզրակացությունը ոչ ոք չի փոխել: Դատախազությունը կարծել է, թե նա փող է տվել, իր բաժին փողն էլ դատախազն է ուզել… Կա փաստաթուղթ, որտեղ գրված է, որ նա հոգեկան հիվանդ է, որ ծառայության պիտանի չէ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատավճռից երեք օր հետո իրեն հայտնել են, որ իր պաշտպանյալը իրեն կախել է Շուշիի ՔԿՀ-ում:
Արտաքինից Հայկ Մովսիսյանի մոտ հոգեկան անհավասարակշիռ վիճակ չի նկատվել, նախաքննական մարմինը, ըստ փաստաբանի, իբր պարզել է, թե նա հայտարարել է` քանի որ իր քեռիները չեն ծառայել բանակում, ինքն էլ չպետք է ծառայի: Փաստաբանը պարզել է ճիշտ հակառակը, որ Հայկը մեկ քեռի ունի, որը ծառայել է հայկական բանակում:
Փաստաբանը պատմեց, որ դատավոր Սերգեյ Աղաբեկյանն այս գործից հետո, հասկանալով ինչ է արել, ուղղակի փախել է: «Նախկինում այդ դատավորի հետ մոտ էինք, հազար գործի ենք մասնակցել, սակայն սա այն գործը չէ, որ մի քիչ ավել տաս տարիները, մի քիչ պակաս, մի քիչ արդար, մի քիչ անարդար, բայց բացարձակ անօրինական դատում ես: Նա հրաժարական տվեց»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ կատարվածը բացարձակ անօրինություն էր և՛ քրեական գործ հարուցելը, և՛ զորակոչելը: «Սա հաստատում է այն իրողությունը, որ դատավորները դատախազների կամակատարներն են, և ո՛չ դատողություն ունեն, ո՛չ խիղճ»,- ասաց Հ. Ասատրյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ վստահ է, որ այս գործն է եղել Անդրանիկ Միրզոյանի աշխատանքից հեռացման պատճառը, այսինքն՝ ՀՔԾ-ն պատշաճ գործողություն չի կատարել: «Այս առիթը Սերժ Սարգսյանն օգտագործել է սելեկտիվ կամ ընտրողական մոտեցմամբ, և սա ամենևին էլ իրավիճակի փոփոխմանն ուղղված լիարժեք քայլ չի կարելի համարել: Ավելին` դա կարող է շատ ավելի վնասակար հետևանքներ ունենալ, որովհետև մեկին հովանավորում են, մյուսին պատասխանատվության ենթարկում, ընտրողաբար մոտեցումը արդեն իսկ արմատապես սխալ է, այստեղ դատավորն էլ է տուժել»,- ասաց Ա. Սաքունցը՝ հավելելով, որ Սերգեյ Աղաբեկյանին, որը դատավճիռ է արձակել և զինվորին ճանաչել մեղավոր զինվորական ծառայությունից խուսափելու համար, հեռացրել են ֆիզիկական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ:
Դատավարական օրենսգրքում կա համապատասխան հոդված, ըստ որի՝ դատավորի պաշտոնավարման ժամկետը կարող է կրճատվել, երբ առողջական խնդիրներ են առաջ գալիս` կառավարության 1194 որոշումով, բայց Արդարադատության խորհրդի որոշման մեջ Սերգեյ Աղաբեկյանին թե ո՞ր հիվանդության համար են հեռացրել, չի նշվում: «Ես անձամբ մասնակցել եմ մի քանի դատական գործերի Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում, որը վարում էր Աղաբեկյանը, և որևէ ֆիզիկական առողջական խնդիր չեմ նկատել: Մարատ Դիմքասյանի գործի կեսից փոխեցին դատավորին և նշանակեցին Համլետ Դավթյանին, մինչդեռ որևէ առողջական խնդիր չուներ դատավորը: Դատավորի նկատմամբ տեղի է ունեցել ոչ պատշաճ վերաբերմունք: Քրեական հանցագործություններ են կատարվել, որոնց սատարողն ու դրդողը եղել է զինդատախազը»,- ասաց Ա. Սաքունցը:
Ըստ նրա՝ կատարվել է կազմակերպված հանցագործություն, այսինքն՝ դատավճիռն են հանրությունից թաքցրել, որ կոծկեն հանցագործությունը, և այսքանից հետո ինչպես վստահել դատաբժշկական փորձաքննություններին, երբ դատաբժշկական եզրակացությունն իրականացնողի նկատմամբ կա ճնշման մեխանիզմ, արդյոք կարելի՞ է առհասարակ վստահել դատաբժշկական ինստիտուտին: Սա, ըստ Ա. Սաքունցի, լուրջ մարտահրավեր է, քանի որ մեծ վնաս է հասցվել արդարադատությանը: