Անկախության կորստի դամոկլյան սուրը. կարծիքներ նոր ԽՍՀՄ ստեղծելու գաղափարի շուրջ
06:29, February 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի գլխին մի «լուսավոր»՝շատ տեսանելի տեղում կախված է անկախության կորստի մի դամոկլյան սուր, որը տեսնելու համար պետք չէ ո՛չ վերլուծաբան լինել, ո՛չ քաղաքագետ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ռուսական «Առաջին ալիքի» կազմում գործող «Однако» լրատվական-վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինի՝ ՄՄ-ի և Եվրասիական միության համատեքստում արված այն հայտարարությանը, որ «ներկայում Խորհրդային միության վերաձևված և կատարելագործված տարբերակ է ստեղծվում, և արվում է ամեն ինչ՝ հին սխալները չկրկնելու համար»:
«Դա երևում էր շատ վաղուց, բայց ես անձամբ հավատում էի, որ մեր իշխանությունները, ինչպիսին էլ որ լինեն, ինչքան էլ որ նյութապաշտ են, կա մի արժեք, որը չեն կարող շրջանցել. դա մեր անկախ պետականությունն է: Բայց այսօր այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրսում, մեծ մտավախություն է մեջս առաջացրել, որ մենք հեչ իրավունք չունենք հույս դնելու իշխանության արտաքին քաղաքականության վրա: Նրանք մեր անկախությունն էլ կծախեն: Եվ պետք չէ, որ դա ասի Սորոկինը, որ մենք հասկանանք …այնքան տեսանելի, լուսավոր տեղում է այդ դամոկլյան սուրը՝ այս պահին կախված մեր երկրի վրա, որ լուրջ, շատ լուրջ մտահոգում է ինձ ու շատերին»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Իսկ այս հայտարարությունն, ըստ նրա, միանշանակ մի բան է նշանակում՝ ռուսական կայսերապաշտական նկրտումների հերթական բացահայտում:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Անդրեյ Սորոկինը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ունի ԽՍՀՄ-ի վերականգնման պատմական առաքելություն:
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Անդրեյ Սորոկինի մտքերին, ասաց. «Ես ուզում եմ հիշել մի իմաստնություն, որն ասում է, որ պատմությունը կրկնվում է. մեկ անգամ պատահում է որպես ողբերգություն, մեկ այլ անգամ՝ որպես ֆարս»:
Ըստ Տիգրան Խզմալյանի՝ այն, ինչ հիմա կատարվում է, ֆարսն է՝ տրագիֆարսը, որը չի ստացվելու:«Որովհետև Խորհրդային միությունը, իր ողջ արյունով ու դաժանությամբ, այնուամենայնիվ, գաղափարի շուրջ էր ստեղծվում: Դա ցնորք էր, ինչպես հիմա կարելի է պնդել, բայց հավասարության, եղբայրության, կոմունիզմի գաղափարն էր: Մաքսային միությունը, և դա ընդգծված է հենց անվանման մեջ, ստեղծվում է փողի, հարկի, մաքսի գաղափարի շուրջ: Այսինքն՝ փոխանակման վալյուտայի: Եվ ինչպես կարելի է «խորհրդային» բառի մեջ ընդգծված խորհուրդը համեմատել «մաքսային» գաղափարի հետ: Իսկ այն փողը, որ կուտակում են Մաքսային միության մաքսավորները, ամերիկյան դոլարներ են»,–ասաց նա։
Այնպես, որ ըստ կինոռեժիսորի՝ Մաքսային միությունն ի սկզբանե դատապարտված է, և Հայաստանը, ի հեճուկս «նման ոչնչությունների» կանխատեսումների, կպահպանի իր պետական անկախությունը:
Ի պատասխան հարցի էլ, որ արդյո՞ք սա ծաղր չէ Անկախության հանրաքվեին «այո» ասած այն հայ մարդկանց, ովքեր միգուցե արտագաղթել են, միգուցե արդեն մահացել, բայց «այո» են ասել, Տիգրան Խզմալյանը նշեց, որ հարցադրումը համարյա հռետորական է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց խնդիրն է, թե ինչ առաքելություն ունի ՌԴ նախագահը՝ վերականգնել Խորհրդային միությունը կամ ցարական կարգերը Ռուսաստանում, բայց մեր խնդիրն է նման արտահայտությունները գնահատել որպես մարտահրավեր Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
«Ես գտնում եմ, որ միանշանակ մարտահրավեր է, ավելին՝ մարտահրավեր է նաև Մաքսային միությունն ու Եվրասիական միություն կոչվածը, որովհետև դրանք հենց այն մեխանիզմներն են, որոնց միջոցով Պուտինը ցանկանում է իրականացնել իր կայսերապաշտական քաղաքականությունը և դրա միջոցով տարբեր երկրներ ներգրավել ու ենթարկեցնել»,-նշեց իրավապաշտպանը:
Արթուր Սաքունցն այս համատեքստում նշեց, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հատկապես Ազգային ժողովում ներկայացվածները, նրանք են, որ առաջին հերթին կրում են անմիջական պատասխանատվություն նման մարտահրավերների վերաբերյալ: Իսկ եթե նրանք անգործության են մատնվում (իսկ նրանք ըստ Սաքունցի՝ մատնվում են) և դրանով իրենց դուրս են դնում Սահմանադրությունից, ապա այդ դեպքում, ուզած-չուզած, մարտահրավերի կրողը դառնում է հասարակությունը:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/01/31/sorokin/