Անհեռատես ծրագրային քաղաքականություն Վանաձորում
05:16, August 7, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունԸստ Վանաձորի 2008-2012 եւ 2013-1016 թվականների քառամյա ծրագրերի, Վանաձորում արտագաղթ չկա եւ հակառակը՝ նույնիսկ ներգաղթ է նկատվում: Վանաձորի ՀՔԱ գրասենյակը քառամյա ծրագրերի ուսումնասիրության եւ վերլուծության ժամանակ թվերի համեմատական անցկացնելով մի շարք անճշտությունների է հանդիպել, ըստ որի, չեն համապատասխանում նույն ժամանակահատվածում նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) եւ դպրոցների երեխաների հաճախելիության թվերի բաշխումը: «Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերում նշված ժողովրդագրական տվյալների մեջ բավականին շատ են անհամապատասխանությունները: Եթե նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախելը պարտադիր չէ, եւ ըստ այդմ հաճախելիության ցուցանիշի փոփոխությունը ուղղակիորեն բնակչության թվի փոփոխություն չի նշանակում, ապա իրավիճակը բոլորովին այլ է հանրակրթական դպրոցներում, որտեղ կրթությունը պարտադիր է եւ ըստ այդմ հանրակրթական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը չափազանց հավաստի ցուցանիշ է, որը վկայում է այն մասին, որ Վանաձոր քաղաքի բնակչությունը կտրուկ անկում է ապրել»,-«Ասպարեզ» օրաթերթի հետ զրույցում նշում է Վարդինե Գրիգորյանը:
Ի դեպ 2009-2012 թթ. զարգացման ծրագրում ներկայացված նախադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրները կրկնվում են 2013-2016 թթ. զարգացման ծրագրում: Ըստ այդ ծրագրի 2008թ.-ին ՆՈՒՀ-երի հաճախող երեխաների թիվը 1570 է, իսկ 2012 թ.-ին՝ 1961, սակայն ի տարբերություն երեխաների թվի աճի, նվազել է դաստիարակների եւ օժանդակ աշխատողների թիվը՝ 336-ից հասնելով 305-ի:
Պատկերը փոխվում է դպրոցական տարիքի երեխաների մոտ, եթե ՆՈՒՀ-երում երեխաների թիվը աճում էր, ապա դպրոցներում հակառակը՝ նվազում: 2009-2012 թթ. ընթացքում նվազել է Վանաձոր համայնքի մարզադպրոցների հաճախող երեխաների թիվը 2852-ից դառնալով 2277, եւ մարզիչների եւ օժանդակ աշխատողների թիվը՝ 385-ից դառնալով 266: Այս ժողովրդագրությունը կասկածներ է ծնում, թե թվերը ուռչացված են:
Վարդինե Գրիգորյանը ավելացրեց, նաեւ, որ նույն թվերի անճշտությունը տարածվում է նաեւ ընտրողների եւ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մեջ: 2008 թ. մշտական բնակչությունը նշված է 137.207, չնայած տղամարդկանց եւ կանանց ընդհանուր թիվը 137.174 է, նույն ծրագրում նշված է, որ հաշվառված բնակչության թիվը 106.000 է, իսկ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, նույն ժամանակահատվածում Վանաձորի մշտական բնակչությունը կազմել է 104.971: Ընտրողների թիվը, սակայն, Վանաձորում 13333-ով գերազանցում է ընտրելու իրավունք ունեցողների թվին: Վանաձորի ՀՔԱ գրասենյակի կատարած ուսումնասիրության ժամանակ նման անճշտություներ կամ գուցե պարզապես անտարբեր աշխատանքի արդյունք նկատվում է քաղաքի զարգացման յուրաքանչյուր բնագավառում, սկսած ավագանու 4 տարվա ընդունած որոշումներից, վերջացրած բյուջեով: Վ.Գրիգորյանի կարծիքով ստեղծված իրավիճակը կբերի բնակչությանը կտրուկ նվազմանը եւ ոչ թե ժամանակավոր արտագնա աշխատանքին մեկնողների պատճառով, այլ ընտանիքների արտագաղթին:
Վանաձորում արտագաղթի ավելի վառ ապացուցը դպրոցական տարիքի երեխաների թվի զգալի անկումն է, որի հետզհետե նվազումը վկայում է միայն, որ մեկնում են ողջ ընտանիքով: Աշակերտների թիվը 6 տարվա ընթացքում նվազել է 43%-ով, ուսուցիչների թիվը 25 %-ով, օժանդակ աշխատողների թիվը 77%-ով, նույն ժամանակահատվածում դպրոցների թիվը նվազել է 3-ով: Եթե համեմատենք 2008 թ. դպրոցական տարիքի 7-17 տտ թիվը 12414, դպրոցներում ընդգրկված աշակերտների թվի հետ 13147, ապա կտեսնենք, որ դպրոցներում աշակերտների թիվը ավելին է քան դպրոցահասակ երեխաների թիվը, որից կարելի է եզրակացնել, որ դպրոցներում տեղի ունի աշակերտների, հավելագրում:
Վանաձորի քաղաքապետը իր նախընտրական ծրագրի հիման վրա գրած քառամյա ծրագրում չէր նախատեսել վանաձորցիների արտագաղթը, սակայն թվերը ասում են ավելին: Գիտակից եւ վարդագույն ակնոցներով, եթե նայելու լինենք Վանաձորում տիրող ժողովրդագրական վիճակին, ապա արտագաղթ եւ ներգաղթ տարբերությունը դժվար ընկալելի կդառնա, պարզապես ժամանակն է հանել վարդագույն ակնոցները եւ իրավիճակին նայել լայն բացած աչքերով:
Լուսինե Ավագյան
Բոլոր տվյալները վերցրված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Վանաձոր քաղաքի ՏԻՄ կառավարման գնահատում 2008-2012 թթ զեկույցից:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/anherates_cragrayin_qaxaqakanutyun_vanadzorum-hy/