Անվավեր ճանաչելու բողոքով
00:00, May 5, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՍտեփանավանցիները 1 թերթի համար շարունակում են 500 դրամ վճարել
ՀՀ վարչական դատարանը մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցը՝ ընդդեմ Ստեփանավան համայնքի ավագանու կայացրած որոշման:
Դեռ 2009թ. մայիսից Ստեփանավանի բնակիչները քաղաքապետարանից գրավոր տեղեկատվություն ստանալու համար պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար վճարում են 500 դրամ: ՀՀ վարչական դատարանի որոշումը բեկանելու, այն փոփոխելու, նաեւ վերոնշյալ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:
Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը ավագանու ընդունած որոշումը ոչ օրինաչափ է համարում, նշելով, որ այն հակասում է ՀՀ օրենսդրությանը: «Ստեփանավանի ավագանու թիվ 19-Ն որոշումը հրապարակված չէ, այդ թվում՝ «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում», հետեւաբար Սահմանադրության եւ իրավունքի ուժով որոշման նորմատիվ դրույթներն իրավաբանական ուժ չունեն»,-ասում է իրավաբան Զալյանը:
Արայիկ Զալյանը վարչական դատարանի որոշումը անօրինական ու բեկանման ենթակա է համարում, քանի որ, ըստ նրա, դատական վերոնշյալ ակտով կազմակերպության նկատմամբ կիրառվել է իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտ: «Օրենքը», որը կիրառվել է, չի բխում իրավական օրենքի որակներից, «մատչելիության» սկզբունքից, ուստի կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի նկատմամբ «միջամտությունը» չի բխել օրենքից»,- պարզաբանում է Արայիկ Զալյանը: Հիշեցնենք, որ թիվ 19-Ն որոշման մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը տեղեկացել էր այն բանից հետո, երբ դիմում էր ներկայացրել Ստեփանավանի քաղաքապետարան՝ ստանալու Ստեփանավանի քաղաքապետի եւ ավագանու անդամների՝ 2009թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում կայացրած որոշումների պատճենները: Իրավապաշտպան կազմակերպությունը Ստեփանավանի քաղաքապետարանից ստացել էր պատասխան գրություն, որով մերժվել էր տեղեկատվության տրամադրումը այն հիմնավորմամբ, որ պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար սահմանված է 500 դրամ վարձավճար: Դրանից հետո կազմակերպությունը երկրորդ անգամ է դիմել Ստեփանավանի քաղաքապետարան եւ ստացել վիճարկվող թիվ 19-Ն որոշման պատճենը:
«Օրենսդրությամբ համայնքի ավագանուն վերապահված չէ քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակների համար տեղական վճարներ սահմանելու լիազորություն,- նշում է իրավաբանը,- ուստի Ստեփանավան համայնքի ավագանին չէր կարող որոշում կայացնել քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակների համար 500 դրամ տեղական վարձավճար սահմանելու մասին»: Բացի այդ՝ իրավաբանը նշում է, որ ՀՀ վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ը» ենթակետը, այն է՝ տեղական տուրքերի տեսակները՝ համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ եւ կրկնօրինակներ տրամադրելու համար: «Այս դեպքում Ստեփանավանի համայնքի ավագանին, թիվ 19-Ն որոշումը կայացնելով, նկատի չի ունեցել արխիվային փաստաթղթերի տրամադրումը, այլ, առհասարակ, քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակները, հետեւաբար, սույն վիճելի իրավահարաբերությունը չի կարող տեղափոխվել ՀՀ տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի 7-րդ հոդվածի «ը» ենթակետի իրավահարաբերության դաշտ»,- եզրափակում է իրավաբան Զալյանը:
Աղբյուրը՝ http://aravot.am/am/articles/rights/92756/view
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ