Անվճար իրավախորհրդատվություն Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, September 3, 20082008թ. հուլիս, օգոստոս ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 5 քաղաքացիներ:
Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Ստեփանավան
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմերին:
Աշխատանքային իրավունք
1. Գործատու կազմակերպությունը ճանաչվել է սնանկ և սպառվել են պարտատերերի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Կազմակերպությունը չունի իրավահաջորդ և քաղաքացուն պարտք է 500.000 դրամ չվճարված աշխատավարձ: Ինչպե՞ս կարող է քաղաքացին ստանալ իր պարտքը:
Սնանկ ճանաչվելուց հետո ՀՀ «Սնանկության մասին» օրենքի համաձայն՝ իրականացվում է տվյալ ՍՊԸ-ի գույքի գնահատում, վաճառք, այնուհետև ՍՊԸ-ի ունեցած պարտքերի մարում՝ ըստ հերթականության: Աշխատավարձի պարտքը գտնվում է չորրորդ հերթում: Եթե տվյալ ՍՊԸ-ի գույքից առաջացած գումարը բավարար չէ բոլոր հերթի պարտքերը մարելու համար, դրանք փաստացի մարման ենթակա չեն: Փաստորեն, այս առումով օրենքը որոշակի թերություններ է պարունակում, ինչի արդյունքում էլ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման որևէ իրավական մեխանիզմ չի գործում:
Սոցիալական իրավունք
2. Զինծառայող ամուսնու մահից հետո կինը սոցիալական աջակցության ի՞նչ իրավունք ունի:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինծառայողի ընտանիքի չափահաս անդամը կերակրողին կորցնելու դեպքում անկախ տարիքից կենսաթոշակի իրավունք ունի, եթե ունի հաշմանդամության խումբ և չի աշխատում:
3. Քաղաքացին ստանում է 27.000 դրամ կենսաթոշակ: Բնակվում է ավտոտնակում, անշարժ կամ շարժական գույք չունի: Միայնակ է, չի աշխատում: Քաղաքացին ունի՞ արդյոք սոցիալական նպաստի իրավունք:
Ընտանիքի անապահովության գնահատումը և համապատասխան միավորի սահմանումը իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի կողմից: Այդ նպատակով էլ կազմակերպությունը համապատասխան քայլեր է ձեռնարկելու պարզելու համար քաղաքացու նպաստ չստանալու պատճառները և հնարավորության դեպքում օգնելու է քաղաքացուն օգտվել պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունից:
4. Քաղաքացին ունի էպիլեպսիա հիվանդություն, սակայն հաշմանդամության կարգ չունի: Ինչպե՞ս կարող է ստանալ հաշմանդամության կարգ:
Հաշմանդամության խումբ սահմանվում է համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություն անցնելուց հետո: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու և հաշմանդամության համապատասխան խումբ սահմանելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները, ձեռք բերել հետևյալ փաստաթղթերը.
1.Հիվանդանոցային համապատասխան բժշկական հետազոտություն անցնելուց հետո հիվանդության էպիկրիզը պետք է ներկայացնել բնակության վայրի ամբուլատորիա-պոլիկլինիկա:
2.Բնակության վայրի ամբուլատորիայում տվյալ հիվանդն անցնում է համակողմանի հետազոտություն, որի մասին նշումներն իրականացվում է համապատասխան անկետայում:
3.Ամբուլատորիայից պետք է պահանջել 88 դիմումի լրացված ձևը՝ գլխավոր բժշկի կնիքով և ստորագրությամբ:
4.Բնակության վայրի համատիրությունից կամ թաղամասային հիմնարկից պետք է վերցնել տեղեկանք տվյալ անձի բնակության վայրի մասին:
5.Վերը նշված փաստաթղթերը՝ հիվանդության էպիկրիզը, տվյալ անձի անկետան, 88 ձևի լրացված դիմումը, ծննդականի կամ անձնագրի պատճենը, բնակության վայրի մասին տեղեկանքը, ներկայացվում են համապատասխան տարածքային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ տվյալ դեպքում Լոռու մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին:
6.Տեղում լրացվում է դիմում /դիմումի ձևը պետք է վերցնել հենց տեղում/, որին կցվում են վերը նշված փաստաթղթերը:
7.Փաստաթղթերն ընդունելուց հետո հանձնաժողովը նշանակում է փորձաքննության օրը, ժամը:
8.Փորձաքննությունն իրականացվում է հանձնաժողովի համապատասխան մասնագետի կողմից, որից հետո հանձնաժողովը տալիս է համապատասխան եզրակացություն և սահմանում հաշմանդամության խումբը:
Տաշիր
Ընթացակարգային իրավունք
1. Քաղաքացին բանավոր դիմել է Ընդհանուր իրավասության Տաշիրի նստավայր հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները ստանալու խնդրանքով, սակայն դատարանը մերժել է:
Կազմակերպությունը օգնել է քաղաքացուն նույն հարցով դիմել դատարանին գրավոր ձևով, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատավարության մասնակիցները իրավունք ունեն ծանոթանալ գործում առկա նյութերին:
Արդյունքում դատարանը քաղաքացուն է տրամադրել փաստաթղթերի պատճենները: