Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, October 14, 20092009 թ. սեպտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 5 քաղաքացիներ:
Սպիտակ
Սպառողների իրավունք
1. Քաղաքացուն ”Հայ-ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է սպառած ջրի դիմած առաջացած պարտքի վճարման կարգադրություն: Վճարման կարգադրությունը մտել է օրինական ուժի մեջ, և բողոքարկման ժամկետները անցել են: Սակայն քաղաքացին գտնում է, որ նշված գումարը ճիշտ չի հաշվարկված:
Քաղաքացուն բացատրվել է, որ բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետները բաց են թողնվել, և բողոքարկման միակ հնարավորությունը նոր երևան եկած հանգամանքի հիման վրա Վճռաբեկ դատարան դիմելն է:
Ընտանեկան իրավունք
2. Քաղաքացին արդեն 15 տարի կնոջ հետ չի ապրում, սակայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի տարածքային բաժնում ամուսնալուծությունը չի գրանցվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է գրանցել ամուսնալուծությունը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնալուծության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունն իրականացվում է դատական կարգով: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ամուսնալուծության պահանջով:
Քաղաքացիական իրավունք
3. Քաղաքացին 2009 թ. մարտի 25-ին փոխառությամբ գումար է վերցրել, սակայն պայմանագրում նշված ժամկետներում չի վերադարձրել: Փոխատուն հայց է ներկայացրել դատարան` որպես հայցի ապահովման միջոց պահանջելով բռնագանձում տարածել փոխառուին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել ներկայացնել պատասխան հայցադիմում, սակայն քաղաքացին հրաժարվել է:
Ստեփանավան
Աշխատանքային իրավունք
4. Քաղաքացին աշխատել է ”ԼԱՍ” ԴՁ-ում, սակայն աշխատավարձը չի վճարվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ իր աշխատավարձը:
Աշխատավարձի պարտքի վճարման համաձայնության բացակայության դեպքում այն իրականացվում է դատական կարգով: Կազմակերպությունը պատրաստվում է քաղաքացու համար հայցադիմում պատրաստել:
Տաշիր
Քաղաքացիական իրավունք
5. Քաղաքացին մինչև 17 տարեկան դառնալը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: 17 տարի հետո քաղաքացին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և կալանավորվել` զինապարտությունից խուսափելու հիմքով: Մինչդեռ, ”Զինապարտության մասին” ՀՀ օրենքի համաձայն` զինվորական հաշվառումից հանվում և հետևաբար զինվորական ծառայության ենթակա չեն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:
Իրականացվում են ուսումնասիրություններ` քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման ժամկետների և կարգի վերաբերյալ տեղեկատվության հավաքման համար: Բավարար հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողությունները կբողոքարկվեն: