Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, November 26, 20092009 թ. հոկտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 9 քաղաքացիներ:
Սպիտակ
Սեփականության իրավունք
1. Սպիտակի քաղաքապետարանը քաղաքացու հարևանին տվել է շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողատարածքում: Քաղաքացին ինչպե±ս կարող է պարզել թույտվություն տալու օրինականությունը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել Սպիտակի քաղաքապետարան` ստանալու շինարարական
աշխատանքների մասին թույլտվություն տալու մասին որոշման պատճենը: Արդյունքում պարզվել է, որ որոշումը օրինական է:
2. Աղետալի երկրաշարժի հետևանքով քաղաքացին կորցրել է 2 սենյականոց բնակարան, որի հասցեում հաշվառված են եղել 3 տարբեր սեռի անձինք: Քաղաքացուն կորցրած 2 սենյականոց բնակարանի փոխարեն տրվել է 1 սենյականոց բնակարան: Քաղաքացին ցանկանում է իմանալ` ինչ իրավական հիմքով է քաղաքացուն 2 սենյականոց բնակարանի փոխարեն տրամադրվել 1 սենյականոց բնակարան:
Քաղաքացու անունից պատրաստվել է դիմում` ուղղված Նախագահի վերահսկողության ծառայություն` պարզելու, թե ինչ իրավական հիմքով է քաղաքացուն 2 սենյականոց բնակարան հատկացնելու փոխարեն հատկացվել 1 սենյականոց բնակարան:
Պարզվել է, որ Սպիտակի քաղաքապետարանը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 10.06.99 թ. թիվ 432 որոշմամբ, հատկացրել է 1 սենյականոց բնակարան, քանի որ քաղաքացին բնակարան ստանալու նպատակով Սպիտակի քաղաքապետին ուղղված դիմումում նշել է, որ ինքը միայնակ ծեր է, նույնը հավաստել է ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանքը:
Քաղաքացիական իրավունք
3. Փոխառությամբ քաղաքացուց գումար են վերցրել, տրվել է ստացական, սակայն ստացականում նշված ժամկետում գումարը ետ չի վերադարձվել: Քաղաքացին ինչպե±ս կարող է ետ ստանալ իր գումարը:
Փոխառության գումարի վերադարձման համար սահմանված ժամկետներում այն չվերադարձնելու շուրջ ծագած վեճերը հնարավոր է կարգավորել դատական կարգով: Քաղաքացին կարող է փոխառության գումարի բռնագանձման հայց ներկայացնել դատարան:
Տաշիր
Սոցիալական իրավունք
4. Քաղաքացին երեք ամիս առաջ դիմում է ներկայացրել սոցիալական ծառայության տարածքային կենտրոն պետական նպաստի համակարգում ներգրավելու համար, սակայն պատասխան չի ստացել: Քաղաքացին ինչպես կարող է ստանալ իր դիմումի պատասխանը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել մեկ անգամ ևս գրավոր դիմել սոցիալական ծառայությունների տարածքային բաժին:
Սեփականության իրավունք
5. Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքով անցնում է “Հայ Ջրմուղ-կոյուղի” ընկերությանը պատկանող ջրատար խողովակները, որը քաղաքացու համար խոնչընդոտներ է ստեղծում սեփականության իր իրավունքի իրականացման ժամանակ: Քաղաքացին բազմիցս դիմել է “Հայ Ջրմուղ-կոյուղի” ընկերությանը` նշված խոչընդոտները վերացնելու համար, սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել:
Սեփականության իրավունքի շուրջ ծագած վեճը կարող է հարթվել դատական կարգով: Անհրաժեշտ է հայց ներկայացնել դատարան:
Քաղաքացիական իրավունք
6. Քաղաքացու որդին, գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, կորցրել է իր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը: Քաղաքացին ինչպե±ս կարող է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն կամ վերականգնել անձնագիրը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն` տվյալ հարցի կարգավորման համար:
Ընտանեկան իրավունք
7. Քաղաքացին 10 տարի առաջ ամուսնալուծվել է դատական կարգով և դատարանը լուծել է նաև ալիմենտի բռնագանձման հարցը, սակայն մինչ օրս ալիմենտի բռնագանձում չի իրականացվել:
Քաղաքացուց պահանջվել է ներկայացնել դատարան դիմելու համար համապատասխան փաստաթղթերը, որից հետո կազմակերպության իրավաբանի կողմից կկազմվի հայցադիմում` ալիմենտի չափի բարձրացման և չվճարված ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Ստեփանավան
Սոցիալական իրավունք
8. Քաղաքացին աշխատանքային գրքույկը երկրաշարժի ժամանակ կորցրել է և չի կարողանում այլ ապացույցներ ներկայացնել աշխատանքային ստաժի վերաբերյալ: Քաղաքացին ինչպե±ս կարող է հաստատել աշխատանքային ստաժը:
Աշխատանքային ստաժի հաստատման խնդիրը համարվում է իրավաբանական նշանակության փաստ, որը հաստատվում է միայն դատական կարգով:
Կազմակերպությունը պատրաստվում է քաղաքացու համար պատրաստել հայցադիմում` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջով:
Ալավերդի
Աշխատանքային իրավունք
9. Քաղաքացին հրամանով ազատվել է աշխատանքից /աշխատել է դպրոցում/, սակայն հրամանի մեջ չի հիմնավորվել աշխատանքից ազատելու պատճառը:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ վարչական դատարանին: Հայցադիմումի պատճենը ուղարկվել է նաև դպրոցի տնօրենին և համապատասխան մարզպետարան: Արդյունքում դպրոցի տնօրենը քաղաքացուն նորից ընդունել է աշխատանքի` նույն պաշտոնում: