Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, September 9, 20092009 թ. օգոստոս ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 4 քաղաքացիներ:
Տաշիր
Ընտանեկան իրավունք
1. Քաղաքացին համատեղ ամուսնական կյանք է վարել, ունեցել երեխա, սակայն երեխայի հայրությունը չի ճանաչվել: Նրանք ամուսնալուծվել են և հայրը չի հոգում երեխայի ապրուստի միջոցը: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ճանաչել երեխայի հայրությունը:
Քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրին` երեխայի նկատմամբ հայրության ճանաչման փաստի հաստատման և ալիմենտի բռնագանձման պահանջով:
2. Քաղաքացին ամուսնալուծված է և նրա հաշմանդամ, չափահաս աղջկա խնամքը հանձնված է իրեն: Կարո՞ղ է արդյոք քաղաքացին իր չափահաս աղջկա համար ապրուստի միջոց` ալիմենտ ստանալ:
Կազմակերպությունը պատրաստվում է քաղաքացու համար կազմել ալիմենտի պահանջի մասին հայցադիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրին, քանի որ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է չափահաս, հաշմանդամ երեխաների ապրուստի միջոցը հոգալու ծնողի պարտավորությունը:
Ստեփանավան
Սեփականության իրավունք
3. Ընտանիքը աղետի հետևանքով կորցրել է բնակարան: Այդ ընտանիքին հատկացվել է ժամանակավոր կացարան, նաև ընգրկվել է աղետից տուժած բնակարանների կարիքավորների հերթացուցակում: Այնուհետև, 2008 թ. նրան հանել են բնակարանի կարիքավորների հերթացուցակից:
Կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ստեփանավանի քաղաքապետին` քաղաքացու ընտանիքին բնակարանի կարիքավորների հերթացուցակում վերականգնելու պահանջով:
Ալավերդի
Տեղեկատվության իրավունք
4. Քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման համաձայն` հարուցվել է քրեական գործ, սակայն ընթացքի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել նրան:
Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Լոռու մարզի դատախազությանը՝ քաղաքացու ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու կապակցությամբ, որի արդյունքում ստացված պատասխանով պարզվել է, որ հաղորդված քրեական գործի հիման վրա իրականացվում է նախաքննություն: