Աշխարհը երեխաների աչքերով
00:00, November 21, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Երեխաների իրավունքներ2006թ-ի նոյեմբերի 21-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Աշխարհը երեխաների աչքերով» լուսանկարների ներկայացումը:
Նոյեմբերի 15-17-ը Ֆրանսիացի ամուսիններ Մայ-Լոան Բասսոտը և Թիբոթ Ֆորես Ֆաստել դե Քոլանջեսը «Զանգակատուն» կրթադաստիարակչական կենտրոնի երեխաների համար կազմակերպել էին լուսանկարչության դասընթացներ: Սոցիալապես անապահով, Վանաձորի տնակային ավանում բնակվող 6 երեխաներ սովորեցին աշխատել լուսանկարչական սարքի հետ և նկարների միջոցով ցույց տալ իրենց պատկերացրած աշխարհը:
Նրանց կողմից իրականացված միջացառումները նպատակ ունեին ցույց տալ, թե ինչպես են ապրում երեխաները տարբեր երկրներում՝ աշխարհը երեխաների աչքերով:
* Ես
* իմ ընտանիքը
* իմ ափսեն
* որտեղ եմ ապրում ես
* իմ կենդանին
* իմ ճանապարհը
* իմ ընկերը
* իմ հոբբին
* իմ դպրոցը
* իմ մշակույթի խորհրդանիշը
հարցերին երեխաները պատասխանել էին նկարների միջոցով:
2006թ-ի հունվարից Մայ-Լոան ու Թիբոն իրենց մեքենայով այցելել են Սանագորա, Ռումինիա, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ադրբեջան և հասել Հայաստան:
Նման նախաձեռնության համար նրանք ոչ մի միջազգային դոնորից կամ կազմակերպությունից ֆինանսավորում չեն ստացել: Մայ-Լոանը նշում է, որ իրենց հարսանիքի ժամանակ նրանք իրենց ընկերներին խնդրել են հարսանյաց նվերների փոխարեն նվիրել իրենց մտահղացումն իրականացնելու համար անհրաժեշտ լուսանկարչական սարքեր և այլ պարագաներ: Սեփական միջոցներով էլ նրանք իրականացրել են 3 ցուցահանդես Վրաստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում: Հաջորդ ցուցահանդեսը նախատեսում են իրականացնել Փարիզում: Նրանք մտադիր են նկարահանել իրենց աշխատանքների մասին պատմող ֆիլմ: Բացի այդ բոլոր նկարները երեխաների կողմից տրված մեկնաբանություններով տեղադրված են stepbysteppe.com ինտերնետային էջում:
Իրենց հետագա մտահղացումներն իրականացնելու համար նրանք զգում են բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների աջակցության կարիքը: