Ապահովության երաշխիքներ իրենց կատարած հանցագործության համար
15:31, April 11, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քաղաքացիական վերահսկողությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք Սահմանադրության փոփոխությունների նոր հայեցակարգի աշխատանքային տարբերակի մասին:
Պարոն Սաքունց, վարչապետի նշանակումից մի քանի օր առաջ մեր սեղանին է Սահմանադրության փոփոխությունների նոր հայեցակարգի աշխատանքային տարբերակը: Ինչո՞ւ այն հիմա դրվեց քննարկման: Շատերն այս օրերին երկրում տեղի ունեցածը բնորոշում են իշխանության սահուն անցում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում:
Նախ հիշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման մասին Սերժ Սարգսյանի հրամանը եղել է 2013-ի սեպտեմբերի 4-ին՝ Մոսկվայում Հայաստանի՝ ՄՄ-ին անդամագրվելու հայտարարությունից մեկ օր հետո: Չգիտեմ՝ պատահակա՞ն են այս երկու իրադարձությունները համընկնում, բայց հիշում եմ, որ մինչև սեպտեմբերի 3-ն էլ խոսում էին սահմանադրական փոփոխությունների մասին: Փոփոխությունների այս հայեցակարգում երկու հիմնական նորություն կա: Առաջին՝ ըստ հայեցակարգի՝ առաջարկվում է լիովին անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, որի դեպքում վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այսինքն՝ նախագահը որևէ մասնակցություն չի ունենում կառավարության ձևավորման մեջ: Պարզ է, որ քաղաքական մեծամասնության կողմից պետք է վարչապետ ընտրվի և կառավարություն ձևավորվի, իսկ նախագահին տրվում է ընդհանրապես հայեցողական դիրք:
Երկրորդ հարցը մարդու իրավունքների կառավարմանն է վերաբերվում: Առաջարկվում է հստակորեն սահմանել սոցիալական իրավունքները, ավելի դեկլարատիվ բնույթից, շատ ավելի կոնկրետ և հիմնարար իրավունքներից առանձնացվի առանձին բլոկով: Այստեղ ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, որ շատ մեծ է անդրադարձը մարդու իրավունքների սահմանափակումների հստակ սահմանմանը, այսինքն՝ խնդիրը դրված է, թե որոնք են մարդու իրավունքների սահմանափակման սահմանները: Սա հետաքրքիր է, որովհետև ընդհանրապես սահմանափակումների հարցը եվրոպական կոնվենցիայով էլ է ամրագրված, որ ժողովրդավարական պետությանը բնորոշ պայմաններում օրենքով սահմանված կարգով կարող է սահմանափակումներ լինեն որոշակի իրավունքների, այդ թվում՝ հասարակական կարծիքի, խոսքի ազատության և այլնի հետ կապված: Ժողովրդավարական երկրների պայմաններում դա անհրաժեշտ է հասարակական կարգի, պետական անվտանգության պահպանման համար, բայց Հայաստանի պայմաններում, երբ ունենք փաստացի մեկ ներկուսակցական քաղաքական համակարգ, խորհրդարանական կառավարմանն անցնելու պարագայում այդ մեկ կուսակցությունը, տվյալ դեպքում՝ ՀՀԿ-ն, որը տիրապետում է նյութական, ֆինանսական և մարդկային ողջ ռեսուրսներին, իր իշխանությունն օրինական ձևով նաև գործադիրի մասով կկիրառի, որովհետև նախագահն արդեն չի ունենա այդպիսի լիազորություններ, ինչպես այսօր, իսկ վարչապետն անընդհատ կընտրվի, քանի որ վարչապետի վրա սահմանափակում չկա: Եվ եթե նախագահի դեպքում երկու անգամից ավելի չկար ընտրվելու հնարավորություն, ապա վարչապետի հարցում նման սահմանփակումներ չեն կարող լինել: Ինքնին եթե վերանայենք Հայաստանի քաղաքական իրողությունը, ապա քաղաքական կառավարումն իսկապես գործադիրի նկատմամբ պառլամենտական վերահսկողության բարձր աստիճան է նշանակում: Բայց այսօրվա մեր քաղաքական մշակույթի առումով, փաստացի ուժերի հարաբերության առումով դա կլինի ուղղակի միակուսակցական համակարգի ամրապնդում Սահմանադրության մակարդակով և երկարաժամկետ, հավերժ ապահովում:
Շատ կարևոր են նաև դատական իշխանության հետ կապված հարցերը, որ արդարադատության խորհուրդը դառնա դատական իշխանության իրական ինքնակառավարման մարմին: Կարևոր է, որ դատական իշխանության ձևավորման մեջ դատական իշխանությունը մասնակցի, ոչ թե նախագահական կամ գործադիր իշխանության մարմինները: Այստեղ ինձ համար հստակ չէ, քանի որ այսօրվա իրավիճակից դուրս գալու հիմնական երաշխիքն իրապես անկախ դատական իշխանության ձևավորումն է, որը, ցավոք սրտի, գոյություն չունի, բայց սահմանադրական փոփոխությամբ էլ չեմ տեսնում՝ ինչպես են դա իրականացնելու:
Սա առավել թույլ կողմերից մեկն է, բայց հայեցակարգում էլ բացակայում է այն, թե վերազգային մարմինների հետ կապված հարցերը ինչպես են լուծվելու: Մասնավորապես, ի՞նչ պատասխան ենք մենք ունենալ ՄՄ անդամագրվելուց հետո ՄՄ վերազգային մարմինների կողմից ընդունված որոշումների հետ կապված, և այս տեսակետից մտահոգությունս այն է, որ այսօրվա սահմանադրությունը առնվազն հստակ ասում է, որ պետք է ՄՄ կողմից առաջարկվող որոշումները լինեն ՍԴ քննության առարկա, բայց կան որոշումներ, որոնք միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեն, որը իրապես որոշ խնդիրներ է առաջացնում: Հիմա այս սահմանադրությունը փոփոխվելուց հետո ի՞նչ լուծումներ են տրվելու: Զուտ իրավական կարգավորման տեսակետից հայտնի չէ, չնայած մեր ՍԴ պրակտիկան 2013-ին, 2008-ին և ընդհանրապես մյուս ընտրություններին և այլ գործերով ցույց է տալիս, որ քաղաքական զգայուն թեմաների ժամանակ, ցավոք, միանշանակ կանխատեսելի որոշումներ չի ընդունում և վարքագիծ չի դրսևորում: Շատ հետաքրքիր է, թե ինչպես են կարգավորվելու ՍԴ և գործադիր իշխանության մարմինների հարաբերությունները: Իհարկե, դատական ատյանների քանակի կրճատում է տեղի ունենալու, եռաստիճանից դառնալու է երկաստիճան: Դա էլ է հետաքրքիր: Այս ռեֆորմը լուրջ ծախսեր է ենթադրում. առաջին ատյանի դատարաններում պետք է դատավորների թիվն ավելացվի, շենքային պայմանները բարելավվեն, որը շատ լուրջ, մեծածավալ ներդրումներ է ենթադրում, որը մեր պարագայում այս պահին անգամ հարցերը լուծված չեն և դժվարություններ կան դրանք լուծելու համար:
Որո՞նք են այն կարևոր խնդիրները, մտահոգությունները, որոնք տեսնում եք հայեցակարգում:
Ես հիմնականում երկու խնդիր եմ տեսնում. առաջին՝ դա կարող է օրինականացնել մեկ կուսակցության իշխանությունը, այսինքն՝ ՀՀԿ-ին և նրա արբանյակ կուսակցություններին, որոնք այս պահին են փորձում տեղավորվել ՀՀԿ-ի ստվերում կամ կողքին, որ գոյատևեն: Եվ երկրորդ՝ ցավոք սրտի, սահմանադրական փոփոխությունները որևէ իրական պատասխանի հնարավորություն չունեն այն մարտահրավերներին, որոնք այսօր գոյություն ունեն, իսկ իմ նշած քաղաքական կուսակցության պարագայում այն մարտահրավերները, որոնց առջև ենք, նույնիսկ սահմանադրական այս փոփոխությունները չեն օգնի պատասխաններ գտնելու և լուծելու: Այսինքն՝ այս փոփոխությունները, որոնք նախաձեռնվեցին սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանով, ավելի շատ տեսնում եմ հանրային դժգոհության, պրոբլեմների լուծման իմիտացիայի փորձ, որը բովանդակության տեսանկյունից որևէ խնդիր չի լուծելու:
Մինչև երեկ բոլորն ասում էին, որ այս սահմանադրական փոփոխությունները պետք են Սերժ Սարգսյանին իր իշխանությունը երկարաձգելու համար, որ նա գա վարչապետ, սակայն նա հայտարարեց, որ այլևս երբեք չի առաջադրվելու նախագահ և վարչապետ: Ինչպե՞ս հասկանալ:
Թեև նա ասում է, որ չի պատրաստվում առաջադրվել, բայց եթե հանրությունը պահանջի, շատ խնդրի (մեզ մոտ մոդայիկ է դարձել), որ այս մարդը վերադառնա և երկրի պատասխանատվությունն իր ձեռքը վերցնի, ապա նման մի սցենարով կարող է ասի, որ ճիշտ է՝ ես ասել եմ, որ չեմ պատրաստվում, բայց կուսակցությունը, մարդիկ խնդրել են, որ ես առաջադրվեմ: Մեր քաղաքական անկանխատեսելի, բազարային մշակույթի պարագայում նման հավաստիացումներին լուրջ չեմ մոտենում, և դրա համար տեսնում եմ, որ հանրության ուշադրությունը շատ ավելի կարևոր խնդիրներից ոչ միայն շեղելու, այլեւ զբաղեցնելու խաղալիք են գտել, որովհետև ՍԴ-ն այսօր էլ մեծ լիազորություններ ունի, եթե միայն կարողանա լուրջ որոշումներ կայացնել: Ցավոք, որևէ ցանկություն չկա ոչ փոփոխություն կատարողների խոսքերի և գործերի միջև, ոչ էլ իրենց կողմից կատարվելիք գործերի արդյունավետության տեսակետից: Այդ տեսակետից որևէ էական փոփոխություն սպասելն անիմաստ է, քանի որ խորը հիասթափություն կա այսօրվա իշխանության, այսօրվա քաղաքական ինստիտուտների վարքագծի, դիրքորոշումների և խոսքի ու գործի նկատմամբ:
Նոր վարչապետի նշանակման հետ կապված ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է արհեստականորեն ձգձգվում պրոցեսը:
Խնդիրն այն է, որ ով էլ լինի, միևնույն է, իշխանության լծակների նկատմամբ վերաբերմունքը, այդ լծակների բովանդակությունը հանրային խնդիրների լուծման ժամանակ չի փոխվելու, իշխանության որակը չի փոխվելու, քանի որ իշխանության որակը նույնն է, այն է՝ կոռուպցիոն, քրեական, օլիգարխիկ համակարգ, թե հիմա մեկ օլիգարխին մյուս օլիգարխը կփոխարինի, դրանից էությունը չի փոխվի: Վերստին պետք է հիշեցնեմ, որ մարտի մեկը եզակի դեպք չէ, որը կարող է դասվել չբացահայտված քաղաքական հանցագործությունների շարքին: Մարտի մեկի հանցագործության իրականացնողների շարքում գտնվողների ցանկում կա նաև Հովիկ Աբրահամյանի անունը, որի անունը հենց փաստահավաք խմբի ցուցակում կա, որի թիկնապահները նույնպես ստացել են զինվորական համազգեստ: ՀՀ քաղաքացու և ՀՀ դեմ կատարվող համակարգային հանցագործության և սահմանադրական կարգի տապալման և զավթման մասնակիցների շրջանակում ով էլ նշանակվի վարչապետ և նախարար, թվացյալ հակասությունները որևէ նշանակություն չեն ունենալու, քանի դեռ մարտի մեկի իրական գնահատականը չկա, և այստեղ բոլորը մարտի մեկի հանցագործությամբ են շաղկապված: Անկախ անձերից, քանի դեռ իշխանությունը քրեական հանցագործությամբ է շաղկապված, հանցագործություն, որը չի բացահայտված, չկա դատական վճիռ հանցագործություն կատարողների, հրաման տվողների, պատասխանատուների,- քանի կա այս խնդիրը, իշխանությունը մշտապես մնալու է կտրված Հայաստանի իրական խնդիրներից, մշտապես կտրված է մնալու Հայաստանի իրական մարտահրավերներից և մշտապես լինելու է պոտենցիալ գործիք միջազգային ասպարեզում քրեական ուժերի ձեռքին՝ նրանց ծառայելու համար: Սա է պարզ սխեման, և հիմա կապ չունի՝ Հովիկ Աբրահամյանը թե այլ մեկը ավելի լավ կկատարի այդ պահանջները, կամ մյուս հանցագործներին կշարունակի պահապան լինել, սրանք այն մոտիվացիաներն են, որոնք իմ կարծիքով դրված են պալատի քննարկումների հիմքում: Մոտիվները՝ ապահովության երաշխիքներ, ապահովութան գործիքներ իրենց կատարած հանցագործությունների համար:
Աղբյուրը` www.lragir.am