Առանց կոռուպցիոն մեխանիզմների Հայաստանի ամբողջ պետական ապարատը կփլուզվի. Արթուր Սաքունց
07:58, September 22, 2012 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումԱռանց կոռուպցիոն մեխանիզմների Հայաստանի ամբողջ պետական ապարատը կփլուզվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ համաձայնելով Կիևի Transparency International հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում տեղ գտած եզրակացությունների հետ, համաձայն որոնց` կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշով ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը հետինների թվում է:
Սաքունցը հիշեցրեց օրեր առաջ կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած նիստը, որտեղ նախագահի ելույթը, իրավապաշտպանի համոզմամբ, լավագույն ապացույցն է այն բանի, որ Հայաստանում չորս տարի ՀՀ նախագահ համարվող անձը կառավարության առջև բարձրացնում է խնդիրներ և խոստովանում, որ այդ խնդիրները չեն լուծվել:
«Ավելին՝ նա խոսում է կոռուպցիոն հանցագործությունների՝ ատկատների, պետական բյուջեի միջոցների տնօրինման և ծախսման բնագավառում անարդյունավետության մասին, մասնավորապես նաև` ՊՆ-ում: Սա ապացուցում է, որ բացակայում է քաղաքական կամքը. միայն խոսակցություններ են, բայց ոչ իրական քայլեր: Կոռուպցիայի դեմ իրական քայլերի կամք չկա նաև այն բնագավառում, ինչպիսին է քաղաքական կոռուպցիան, որը լայնորեն տարածված է ընտրությունների ժամանակ»,- մեկնաբանեց Արթուր Սաքունցը: Նա պարզաբանեց` ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների շատ մեծ ծավալը և դրանց դեմ պայքարի բացակայությունը վկայում են, որ կոռուպցիայի դեմ պայքար չի տարվում:
Անդրադառնալով միջազգային կազմակերպության հաշվետվությունում տեղ գտած դիտարկմանը, թե Վրաստանը կոռուպցիայի դեմ պայքարի իր ցուցանիշով ԽՍՀՄ երկրների ցանկում առաջիններից է, Սաքունցը համաձայնեց` ասելով, որ նույնիսկ Գլդանի դեպքերը ցույց տվեցին, որ Վրաստանում հնարավոր է բացահայտել մարդու իրավունքների խախտման դեպքերը:
Նրա համոզմամբ՝ պետք է ուշադրություն դարձնել պետական պաշտոնատար անձանց վարքագծին: «Պաշտոնաթող է լինում ներքին գործերի նախարարը և այլն, իսկ մեզ մոտ գոյություն չունի պատասխանատվության մեխանիզմ: Մենք օրինակներով տեսնում ենք, որ մեր հարևան երկրում հակակոռուպցիոն ինչպիսի միջոցառումներ են իրականացվել: Մեզ մոտ ամբողջ պետական ապարատն է գործում կոռուպցիոն մեխանիզմներով` առանց կոռուպցիոն մեխանիզմների այդ ապարատը կփլուզվի»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ գործադիր իշխանության աշխատանքի թափանցիկության միջազգային վարկանիշային աղյուսակում Մոլդովայի և Վրաստանի կառավարությունները ԽՍՀՄ նախկին 6 հանրապետությունների շարքում հայտնվել են առաջին հորիզոնականում: Ընդ որում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են հետին հորիզոնականում:
Այս մասին հաղորդվում էր Կիևի Transparency International հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության կողմից հրապարակված հաշվետվության մեջ. հաշվետվությունը վերաբերել էր հետխորհրդային երկրներին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_society_114700.html