Առանց հիմնավորման ոստիկանություն է կանչվել և ինքնավնասվել
06:55, March 13, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ոստիկանություն2012 թ. մարտի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց Հակոբ Կյուրեղյանի գործի դատաքննությունը:
Մեղադրող կողմից դատական նիստին մասնակցում էր Լոռու մարզի դատախազության դատախազ Ս. Խաչատրյանը, տուժող Զ. Արղամանյանը, ամբաստանյալ Հ. Կյուրեղյանը և պաշտպան Կ. Թումանյանը:
Հակոբ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թ. սեպտեմբերի 22-ին կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցիչներին և հասարակական կարգի խախտումը խափանող անձանց դիմադրություն ցույց տալով:
Երևան քաղաքի ոստիկանության Մաշտոցի բաժնից Լոռու մարզի ոստիկանության վարչություն գրություն է ուղարկվել, որպեսզի Վանաձոր քաղաքի բնակիչ Հակոբ Կյուրեղյանին պարտավորեցնեն ներկայանալ Երևան քաղաքի ոստիկանության Մաշտոցի բաժին: Գրության մեջ նշված չի եղել, թե Կյուրեղյանը ինչի համար պետք է ներկայանա ոստիկանություն և ինչ դատավարական կարգավիճակով: Գրության կատարումը հանձնարարվել է Կյուրեղյանի թաղամասային տեսուչ Նարեկ Սեփխանյանին, ում հետ զրույցից հետո Կյուրեղյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն: Զրույցից մի քանի օր անց տեսուչի զանգով Կյուրեղյանը ներկայացել է Լոռու մարզի ոստիկանություն: Ըստ դատական նիստի ժամանակ ցուցմունք տված ոստիկանների, Կյուրեղյանը ոստիկանության շենքում հայհոյել և հարվածել է աշխատակիցներին, այնուհետև վնասել իրեն, այդ թվում` երկրորդ հարկից ընկնելով առաջին հարկ:
Դատական նիստի ընթացքում պաշտպանները փորձում էին ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչ հիմքով է Կյուրեղյանը կանչվել ոստիկանություն:
Պաշտպաններ Կարեն Թումանյանի և Էդմոն Մարուքյանի միջնորդությամբ դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են դեպքի ժամանակ ոստիկանությունում գտնվող աշխատակիցները և գործով քննիչ Մհեր Հարությունյանը:
Մինչ դատաքննության ավարտը պաշտպան Կարեն Թումանյանը միջնորդություն ներկայացրեց Ոստիկանության Մաշտոցի բաժնից ստանալու Կյուրեղյանին ոստիկանություն կանչելու համար հիմք հանդիսացած Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերը և ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2012 թ. մարտի 21-ին` ժամը 12:00-ին: