Առանց ուսանողական տոմսի մարզերի ուսանողներին թույլ չեն տվել մտնել Երևան
11:00, February 24, 2012 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թվականին ազատ տեղաշարժի իրավունքի խախտումներն իրականացվել են ոստիկանության ուղղակի մասնակցությամբ կամ անուղղակի միջամտությամբ: Ներկայացնելով նախորդ տարվա փետրվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացված մշտադիտարկման և հավաքագրված տեղեկատվության արդյունքում հրապարակված զեկույցը՝ այսօր այսպիսի հայտարարություն արեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Մասնավորապես, ուսումնասիրությունների արդյունքում միայն նախորդ տարի հանրապետության 8 մարզերի 30 բնակավայրերում արձանագրվել է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման 79 դեպք: Ընդ որում` ազատ տեղաշարժի իրավունքի խախտումները դրսևորվել են հենց ոստիկանության և ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների կողմից: Բնականաբար, նմանատիպ դեպքերն արձանագրվել են հիմնականում ՀԱԿ-ի հանրահավաքի օրերին: Արձանագրվել է, որ ոստիկանության կողմից հատկապես խիստ վերահսկողություն է իրականացվել ՀԱԿ-ի 2011թ. սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված շուրջօրյա նստացույցի օրերին: Ոստիկանության կողմից մարզերից Երևան տանող մայրուղիների վրա իրականացվել է ուժեղացված մշտական հսկողություն, Երևան եկող երթուղային տաքսիները կանգնեցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից և առանց իրավական հիմքերի՝ ոստիկանության աշխատակիցները ստուգել են քաղաքացիների փաստաթղթերը:
Ոստիկանության կողմից արգելվել է նաև երթուղային տաքսիների և տաքսիների մուտքը Երևան՝ երթուղային տաքսիները ճանապարհի կեսից ետ են ուղարկվել, իսկ տաքսիների վարորդներից հավաքվել են վարորդական իրավունքները: Եղել են դեպքեր, երբ նույնիսկ մարզերից Երևան եկող ուսանողները ստիպված են եղել ուսանողական տոմս ցույց տալ մայրաքաղաք գալու թույլտվություն ստանալու համար, իսկ ում մոտ տոմս չի եղել՝ ետ են ուղարկվել:
Մարզերից Երևան ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների կողմից մասնակիորեն կամ ամբողջովին դադարեցվել են ուղևորափոխադրումները մարզերից Երևան, որոշ մարզերում երթուղային տաքսիների գծերի տերերի կողմից ոստիկանների ներկայությամբ վարորդներից հավաքվել են վարորդական իրավունքները, և նրանց հրահանգավորվել է չաշխատել:
Սակայն անկախ նրանից, թե ինչպիսի խախտումներ են արձանագրվել, պետական մարմինների ներկայացուցիչները մինչ օրս միայն տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, և համապատասխան գործեր չեն հարուցվել:
Ներպետական ատյաններում ազատ տեղաշարժի խախտման դեպքերի առումով դրական արդյունքի չհասնելու հետևանքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայումս պատրաստվում է 2 գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: