Առողջական խնդիրներով զորակոչվել է բանակ
00:00, November 28, 2009 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2009 թ. նոյեմբերի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրություն է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Գրիգոր Հակոբյանի առողջական խնդիրների հարցով:
Հարգելի պարոն նախարար
2009 թ-ի հոկտեմբերի 21-ին մեզ է դիմել քաղաքացի Դալար Տոնոյանը /հասցեն՝ Շիրակի մարզ, գյուղ Հողմիկ/, իր որդու՝ Գրիգոր Հակոբյանի առողջական խնդիրների հարցով:
Գ. Հակոբյանը 2009 թ. ապրիլի 15-ին ծանուցվել է բանակ զորակոչվելու մասին: Նա անցել է տեղական բուժզննություն, որի արդյունքների հիման վրա որոշվել է, որ Գ. Հակոբյանը զորակոչվելու է բանակ 2009 թ-ի մայիսի 17-ին: Սակայն նույն օրը հավաքակայանից նրան ուղարկել են Երևանի օրթոպեդիկ հիվանդանոց` հետազոտման նպատակով: Ըստ հետազոտման տվյալների` նրա մոտ առկա է ձախ ոտնաթաթի ձևախախտում, ողնաշարի ծուռություն: Հետազոտության եզրակացությունն ստանալուց հետո, այնուամենայնիվ, հունիսի 8-ին Աշոցքի զինկոմիսարիատից Գ. Հակոբյանին զորակոչել են Սիսիան՝ զինված ուժերում ծառայելու:
Հուլիսի 15-ին զինվորը տեղափոխվել է Մեղրի և մի քանի օր հետո նրա մոտ առաջացել են ուժեղ գլխացավեր, քթի արյունահոսություն, դժվարացել է շնչառությունը: Նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ /տիկին Մարգարիտայի միջոցով, որի հավաստմամբ զինվորն անընդհատ բողոքել է գլխացավերից/, չնայած, ծնողի հավաստմամբ, հրամանատարը հայտնել է, որ զինվորը դիտավորյալ է բողոքում գլխացավերից և քթի արյունահոսությունից՝ մեկ այլ վաշտ տեղափոխվելու պատրվակով:
Սեպտեմբերի 12-ին զինվորին տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ: Գ. Հակոբյանը բողոքում է ոտքերի թուլությունից, գլխի ու մեջքի ուժեղ ցավերից:
Ծնողի հավաստմամբ, երբ հոկտեմբերի 15 –ին նա գնացել է այցելության, նրան հայտնել են, որ որդուն ցանկացել են ուղարկել տուն 10 օր ժամկետով, սակայն վերջինս չի ցանկացել: Իսկ ծնողների այն խնդրանքին, որ այդ օրը իրենց զավակին ուղարկեն տուն, պատասխանել են, որ մեկ շաբաթից նա անցնելու է բուժզննություն: Իսկ այն հարցին, թե այդ տասն օրից հետո տղայի առողջական վիճակը լավանալու՞ է, պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանզի տղան կարիք չունի դեղերի կամ բուժման: Նրան զննել է նաև հոգեբանը, սակայն որևէ խնդիր չի հայտնաբերվել:
Հոկտեմբերի 22-ին /ըստ ծնողի/ Գ. Հակոբյանին կրկին ենթարկել են բուժզննության և ըստ եզրակացության` նրա մոտ առկա է քթի միջնապատի ծուռություն, որը խանգարում է շնչառությանը, ոտնաթաթի ձևափոխում, սրտանոթային անբավարարություն, ձախ ուսահոդի գերշարժունակություն, որի հետևանքով ցավեր ունի ուսի հատվածում:
Այժմ նա գտնվում է Երևանի ”Կանազ” հիվանդանոցում և նրան հայտնել են, որ պետք է շարունակի ծառայությունը:
Հերթական անգամ առողջության վերաբերյալ բուժզննության եզրակացությունը չի տրամադրվում զինվորին կամ նրա ծնողին և բուժզննության հիման վրա զինվորը ճանաչվում է պիտանի ծառայության համար, այն դեպքում, երբ նրա մոտ շարունակվում են գանգատները: Այսինքն` առանց գանգատները վերացնելու, առողջական վիճակը շտկելու՝ երիտասարդին ուղարկում են ծառայության՝ չվերացնելով մտահոգությունները, որ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ նրա առողջության վրա:
Ելնելով վերը շարադրվածից՝ դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ վերստին բուժզննություն կազմակերպելու և երիտասարդի առողջական խնդիրները վերացնելու հարցով և նոր միայն անդրադառնալ նրա՝ զինվորական ծառայության պիտանիության որոշման հարցին:
Հարգանքներով՝
կազմակերպության ղեկավար Ա. Սաքունց