Առողջական պատճառները պաշտոնազրկման պատրվա՞կ
10:31, August 15, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Իրավունքների չարաշահման արգելում | Տիգրան ՎարյանՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները դադարեցվել են սեփական դիմումի համաձայն, առողջական խնդիրների պատճառով: Այս մասին տեղեկացանք Դատական դեպարտամենտից, երբ ցանկանում էինք պարզել, թե որ գործի շրջանակներում են դադարեցվել Դավթյանի լիազորությունները: Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր նիստերն անցկացնում է ԼՂՀ մայրաքաղաքում` Ստեփանակերտում, իսկ Դավթյանը մշտապես քննել է զինվորական գործեր: Զինվորական գործերով դատավարություններին մասնակցած փաստաբաններն ու իրավապաշտպանները մշտապես բարձրաձայնել են այդ գործերով իրականացվող ոչ արդար դատաքննությունների մասին, սակայն առանձնապես հետեւանքներ չեն արձանագրվել, քանի որ Դավթյանը եւ առհասարակ զինվորական գործեր քննող դատավորները հիմնականում իրականացնում են զինդատախազության մեղադրականները վավերացնողների դեր: Ոչ ավելի: Մինչ օրս դժվար է հիշել զինվորի մահվան որեւէ գործ, որն իրապես բացահայտվել է, կատարվել է լիարժեք նախաքննություն եւ իրականացվել է արդար դատաքննություն: Հենց այդպիսի դեպքերի բացակայությունն էլ խոսում է այն մասին, որ նման գործեր քննող դատավորները հիմնականում զինդատախազության պատվերը կատարողներն են: Զինվորական գործերով փաստաբաններին ու իրավապաշտպաններին, ովքեր առնչվել են դատավոր Դավթյանի հետ, անարժանահավատ է թվում հիվանդության պատճառով նրա լիազորությունների դադարեցման փաստը:
Երկու` Դիմաքսյանի եւ Վարյանի գործերով տուժողի իրավահաջորդ հանդես եկած իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի հիշում որեւէ դեպք, երբ նիստը հետաձգվի դատավորի առողջական խնդիրների պատճառով: «Գուշակություն չեմ ուզում անել, քանի որ չգիտեմ, թե իրեն ազատողների մտքում ինչ է եղել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դատավոր Համլետ Դավթյանի առողջական խնդիրներով պայմանավորված` որեւէ դատական նիստ չի հետաձգվել»,-ասաց նա: Նման դեպք չի հիշում նաեւ Մանվել Հազրոյանի գործով պաշտպան Էդմոն Մարուքյանը: Սակայն վերջինս ենթադրում է, որ Դավթյանի դիմումի պատճառը հնարավոր է օրենքում կատարված վերջին փոփոխությունները լինեն: ԱԺ-ն վերջերս փոփոխություն կատարեց օրենքում, համաձայն որի, այն դատավորները, ովքեր առողջական խնդիրներ ունեին եւ չէին կարողանում գործից դուրս գալ միայն այն պատճառով, որ սահմանված ստաժ չունեին դատավորի թոշակ ստանալու համար, օրենքի ընդունումից հետո կարող են հիվանդության հիմքով դուրս գալ եւ դատավորի թոշակ ստանալ: Մարուքյանի կարծիքով, Դավթյանը կարող էր հենց այս հիմքով էլ դուրս գալ: Նա առանձնապես չցանկացավ խոսել Դավթյանի կողմից իրականացված դատավճիռների օրինականության մասին: «Կոնկրետ Հազրոյանի գործով եղել է դատավճիռ, որը բողոքարկվել է: Եվ եթե բողոքարկվել է, ուրեմն համաձայն չենք եղել վճռի հետ»: Հիշեցնենք, որ Հազրոյանի գործով դատավճռի հրապարակման ժամանակ վերջինս, երբ լսել էր ցմահ ազատազրկման մասին, «Ջերմուկի» շիշը նետել էր դատավորի ուղղությամբ: Կատարվածի առիթով կրկին գործ էր հարուցվել, ինչի պատճառով ցմահ դատապարտված Հազրոյանին կրկին դատապարտեցին:
Արթուր Սաքունցը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ իր մասնակցությամբ երկու գործով էլ դատավորը մի շարք խախտումներ է կատարել: Դատավարություններին մասնակցել են ՀՀ ՓՊ հավաստագիր չունեցող ԼՂՀ փաստաբաններ: «Ես միջնորդություն էի ներկայացնում, որ իրենք իրավունք չունեն մասնակցելու նիստերին, սակայն դատավորը մերժում էր` պատճառաբանելով, որ նրանց պաշտպանյալների պաշտպանական իրավունքն ավելի կարեւոր է»:
«2 դատական գործերով, որոնց ես մասնակցել եմ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, դատավարական սխալների վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններ եմ ներկայացրել, որոնք չեն ընդունվել: Դատաքննության ընթացքում դատավորը գործընթացները չէր տանում այն ուղղությամբ, որպեսզի իրականացվի արդարադատություն»:
Աղբյուրը՝ http://hraparak.am