Ավագանին քննարկում է տնակային ավանի բնակիչների խնդիրները
00:00, July 26, 2006 | Նորություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՀուլիսի 26-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացավ ավագանու արտահերթ նիստ: Նիստում ավագանու քննությանը ներկայացվեցին Վանաձորի տնակային ավանի բնակիչների կողմից իրենց բնակարանային խնդրի լուծման համար մշակված առաջարկությունները:
Ավագանու նիստի նախօրեին՝ հուլիսի 23-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կայացել էր աշխատանքային քննարկում՝ տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծման կապակցությամբ առաջարկություններ մշակելու նպատակով: Հանդիպման արդյունքում, հաշվի առնելով տնակային ավանի բնակիչների խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, մշակվել էր առաջարկությունների հետևյալ ցանկը.
1. Վանաձոր քաղաքի 1, 2, 3, 4 տնակային ավանների տարածքներից մեկում առանձնացնել հողատարածք, եթե նման հողատարածք չկա, օրենքով սահմանված կարգով փոխել հողատարածքի նպատակային նշանակությունը՝ տնակային ավանի բնակիչների բնակարանաշինության նպատակով: Տվյալ հողատարածքը համարվելու է համայնքային սեփականություն:
2. Կազմել թե° երկրաշարժից առաջ, թե° երկրաշարժից հետո բնակարան չունեցող քաղաքացիներին բնակարան տրամադրելու համար բնակարանաշինության նախագիծ և նախահաշիվ:
3. Ստեղծել բնակարանաշինության հիմնադրամ՝ ՏԻՄ-ի բյուջեի, պետական բյուջեի, բնակիչների հատկացումները ներառյալ:
4. Կազմել համայնքային ենթակայության տակ գտնվող 42 քանդված և թալանված բնակարանները բնակության համար պիտանելի դարձնելու նախահաշիվ:
5. Համայնքի ենթակայության ներքո գտնվող 42 քանդված և թալանված բնակարանները բնակության համար պիտանի դարձնելու համար ՏԻՄ բյուջեից տրամադրել հատկացումներ՝ 2 տարի ամսական 10 000 դրամ վաձակալության համար տնակի բնակիչներին տրվող գումարի չափով:
6. Համայնքի ենթակայության ներքո գտնվող 42 քանդված և թալանված բնակարանները հանձնել տնակային ավանների բնակիչներին հետևյալ կարգով.
• հաշմանդամ ունեցող ընտանիքներ
• 2 և ավելի երեխաներ ունեցող ծնողազուրկ ընտանիքներ
• 6 և ավելի անդամ ունեցող ընտանիքներ
7. Վերը ներկայացված առաջարկությունները ներառել ավագանու հաջորդ նիստի օրակարգում, քննարկել և որոշում կայացնել տնակային ավանի բնակիչների բնակարանային խնդրի լուծման համար:
8. Մինչև տնակային ավանի բնակիչների բնակարանային խնդրի լուծումը դադարեցնել տնակների տեղահանությունը:
Նիստի ընթացքում վերոհիշյալ առաջարկությունները գրավոր ներկայացվեցին համայնքի ղեկավարին և ավագանու անդմաներին:
Քաղաքապետարանի տեղեկատվությամբ ներկայումս Վանաձորի 1, 2, 3, 4, 7 տնակային ավաններում տեղադրված են համապատասխանաբար 94, 28, 28, 29, 7 տնակներ: Այդ տնակները, ըստ համայնքի ղեկավարի որոշման, ենթակա են տեղահանման՝ համաձայն ՀՀ Կառավարության 318 որոշման:
Ինչպե՞ս է տնօրինվելու այդ տնակների բնակիչների ճակատագիրը: Այս խնդրի լուծման համար քաղաքապետարանն առաջարկում է մի քանի տարբերակ.
1. Վարաձակալության համար յուրաքանչյուր ամիս քաղաքապետարանը տրամադրում է 10 հազար դրամ 2 տարի ժամանակով:
2. Այդ բնակիչներին տեղափոխում է հանրակացարան:
3. Տնակը տեղափոխում է Վանաձորի Սանկտպետերբուրգյան տնակային ավան:
Այս տարբերակներից ոչ մեկը տնակային ավանի բնակիչների համար ընդունելի չեն:
Տնակային ավանի բնակիչների մի մասն համառորեն պնդում է, որ պետք է ճանաչվի տնակի հողատարածքի նկատմամբ բնակչի սեփականության իրավունքը: Նրանք վկայակոչում են ՀՀ «Հողային օրենսգիրքը», «Քաղաքացիական օրենսգիրքը» և մեջբերումներ անում:
« Պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար եւ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար՝ սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային, երկրաշարժից տուժած եւ լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է կառավարությունը) այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամասեր»:
«Քաղաքացիական օրենսգրքի» 187 հոդվածը սահմանում է. «Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք /ձեռքբերման վաղեմություն/: Քաղաքապետարանի իրավաբանի կողմից ՀՀ «Հողային օրենսգրքի» փոփոխություների մեկնաբանությամբ այդ հողատարածքները կարող են օտարվել միայն աճուրդով: Տնակային ավանի բնակիչների կողմից տնակային ավանների տարածքները բանակարանաշինության համար հատկացնելու առաջարկության կապակցությամբ քաղաքապետը նշում է. «Համայնքի սեփականություն համարվող հողատարածքը, նույնիսկ համայնքային սեփականության բնակարաններ կառուցելու համար օտարվում է աճուրդով»: Բացի այդ, կարելի է մշակել բնակարանաշինության ծրագրեր, սակայն համայնքի բյուջեն սահմանափակ է, հայտնի չէ, թե ինչ միջոցներով հնարավոր կլինի իրագործել այդ ծրագիրը: Այդ առաջարկն ընդունելի է, բայց ոչ իրատեսական:
Համայնքի ենթակայության տակ գտնվող թալանված և քանդված բնակարանները տնակային ավանների բնակիչներին հատկացնելու առաջարկությունն և կարգը համայնքի ղեկավարն ու ավագանին արժանեցրին հավանության: Համայնքի ղեկավարն ու ավագանին տնակային ավանի բնակիչների հետ համաձայնության եկան այդ հարցի շուրջ:
Վանաձոր համայնքի ենթակայության տակ գտնվող 42 բնակարններ հատկացվելու են տնակային ավանի բնակիչներին հետևյալ ընթացակարգով:
Համայնքի սեփականության տակ գտնվող բնակարանները տնակային ավանի բնակիչներին հանձնելու քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը հաստատելու է Արդարադատության նախարարությունը:
Որոշման հաստատումից հետո ձևավորվելու է բնակարանների բաշխման հսկողությունն իրականացնող հանձնաժողով:
Բնակարանների բաշխումն իրականացվելու է՝ հաշվի առնելով տնակային ավանների բնակիչների կողմից մշակված կարգը:
Քաղաքապետարանը համաձայն է և պատրաստ այդ բնակարանների վերանորոգման համար 1 տարվա ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 240 հազար դրամ:
Մինչև Արդարադատության նախարարության կողմից այդ որոշման հաստատումն ու որոշումն ուժի մեջ մտնելը դադարեցվում են տնակների տեղահանման աշխատանքները:
Համայնքի ղեկավարի և ավագանու կողմից տնակային ավանների բնակիչների կողմից արված առաջարկություններին 1 ամսվա ընթացքում կտրվի գրավոր պատասխան: