Արդար ընտրությունների մասին ՀՀԿ-ի հայտարարությունները պոպուլիզմ է. Արթուր Սաքունց
07:15, March 26, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՀայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր մարդիկ նախորդ ընտրություների ժամանակ ընտրախախտումները կազմակերպողներն են եղել, իսկ հայտարարությունները, թե առաջիկա ընտրությունները արդար են լինելու, պարզապես պոպուլիզմ է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես կանցնեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները, և ինչպես է նա վերաբերվում ՀՀԿ-ի հայտարարություններին, թե ընտրութունների ժամանակ ընտրախախտումներ չեն լինելու, Սաքունցն ասաց. «Ինչպե՞ս կարող են առանց ընտրախախտումների ընտրություններ անցկացնել, եթե նույն հանրապետական կուսակցության ցուցակում այն մարդիկ են, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ անմիջականորեն ղեկավարել են ընտրախախտումներն ու պատասխանատվության չեն ենթարկվել»,– ասաց Սաքունցը:
«Այդ հայտարարությունները պոպուլզիմ են և աչքակապություն։ Դրանց մեջ ուրիշ ոչինչ չկա»,- ավելացրեց նա։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ ՀՀԿ-ն արդեն սկսել է խախտել օրենքները: Մասնավորապես, իրավապաշտպանը նշեց, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպում է ուսուցիչների հետ և կոչ անում քվեարկել ՀՀԿ-ին օգտին։
«Ճիշտ է ինքն ասում է, որ ծանոթանում է ուսուցիչների հետ, սակայն հստակ գիտենք, որ ասում է, «պետք է ընտրեք ՀՀԿ-ին։ Ձեզ՝ բոլորիդ, աշխատավարձ տվողը ՀՀԿ-ն է»»,– ասաց նա։
«Պատկերացնում եք չէ՞, մենք՝ հարկատուներս, գումարները վճարում ենք պետական բյուջե, բյուջեից բոլորն ստանում են աշխատավարձ, վերջում ասում են աշխատավարձ ձեզ տալիս է ՀՀԿ-ն»,- ասաց Արթուր Սաքունցը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիտորդական առաքելություն կիրականացնի։ «Մենք գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կունենանք 100-ին մոտ դիտորդներ, ովքեր կհետևեն ընտրությունների պատշաճ ընթացքին»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով Սաքունցի հայտարարությունը, ասաց, որ դրանք կարծիքներ են, իսկ իրենց հայտարարությունները միայն ցանկություններ չեն:
«Հիմա Հայաստանը նոր ֆորմատներով է հանդես գալիս աշխարհի առջև, և մանավանդ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո: Այսօր վերահսկողության մեխանիզմները ավելին են, քան նախկինում ունեցել ենք, իսկ ընտրախախտումների դեմ պետք է պայքարեն ոչ միայն հանրապետականները, այլ բոլորը միասին» -ասաց Գ. Սահակյանը:
Հարցին, թե ինչպես է վերջինս վերաբերվում Սաքունցի այն հայտարարությանը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում նույն մարդիկ են ովքեր ընտրախախտումներ են իրականացրել, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե ընտրությունների ժամանակ ընտրախախտումներ կատարողները այս կամ այն կուսակցությունից են։ Եվ հետո ով ավելի շատ է խոսում ընտրախախտումներից, նա ավելի շատ է դա կատարում»,- ավելացեց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր և 100-ից ավելի անհատ մարդիկ:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2012/03/24/arthur-sakunts1/#.T2357miz9HI.facebook