Արթուր Սաքունցը` երեկվա դեպքերի մասին. «Հո Պուտինին չէինք ուտելու»
17:13, December 3, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | ՈստիկանությունԱյսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննեսյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամ Վրեժ Զատիկյանը խոսեցին երեկվա դեպքերի հետ կապված ՀՀ ոստիկանության գործողությունների, հայ -ռուսական հարաբերությունների եւ Վլադիմիր Պուտինի այցի մասին:
Դանիել Իոաննեսյանը նշեց, որ երեկ տեղի ունեցածը աննախադեպ էր: Նրա խոսքով` ի վերջո քաղաքացիական հասարակությունը կարողացավ արտաքին քաղաքական մարտահրավերների դեմ գործողություններ իրականացնել. «Ոստիկաններն իրենց գործելաոճով ցույց տվեցին, որ Հայաստանում կան բաներ, որոնց առիթով հասարակությունը չի կարող ներկայացնել իր կարծիքը, համոզված եմ, որ եթե նույն ցույցը լիներ ընդդեմ Սերժ Սարգսյանի, այլ՝ ոչ թե Պուտինի, 110 հոգի բերման չէր ենթարկվի: Ոստիկանությունը իրեն պահեց ահավոր լկտի, ուժ էր կիրառում, հատուկ միջոցներ: Ոստիկանության ցուցաբերածը`ժողովրդավարության բռնաբարություն էր»:
Դանիել Իոաննեսյանը գտնում է, թե Մաքսային միությունը ոչ միայն վտանգավոր է տնտեսական, ժողովրդավարական տեսակետից, այլեւ հանդիսանում է այն պրոցեսը, որ տեղի ունեցավ 1920 թվականին: «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամ Վրեժ Զատիկյանն էլ հայտնեց, որ այսօր Ազատության հրապարակում կտան երեկվա դեպքերի գնահատականը: Ինչ վերաբերվում է իրեն բերման ենթարկելուն, Վրեժ Զատիկյանն ասաց, որ ԱԺ-ի մոտից, որտեղ պարզապես քայլում էր ընկերոջ հետ, ոստիկանները առանց խոսք ասելու բերման ենթարկեցին իրենց եւ ազատ արձակեցին միայն գիշերը ժամը 24-ին. «Մեզ` անկախականներիս, մեր կամքին հակառակ տարան, առեւանգեցին»:
Արթուր Սաքունցի խոսքով էլ`«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը, որի ակցիային միացել էին շատերը, դրանք այն կազմակերպություններն էին, որոնք դեմ են Մաքսային միությանը: Արթուր Սաքունցը նշեց, որ երեկվա ակցիայի հետ կապված ոստիկանությունը հինգ հայտարարություն է տարածել, որոնք վերաբերում էին խաղաղ ակցիայի կազմակերպիչների կողմից հասարակական կարգ խախտելուն:
Նա գտնում է` «Երեկվա ակցիան լրիվ օրինական էր, որի համար համապատասխան իրազեկում է եղել: Ավելին`ոստիկանությունը ակցիայի կազմակերպչին զանգել եւ հայտնել է այն մարդու անունը, որը պատասխանատու էր լինելու երթի խաղաղ ընթացքը ապահովելու համար: Ոստիկանությունը հայտարարում է, թե հասարակական կարգ է խախտվել, սակայն կարգը խախտողը հենց ոստիկանությունն էր, որ հայտնվեց եւ հայտարարեց, որ հավաքը պետք է դադարեցնել»:
Արթուր Սաքունցը զայրացած է`«Մենք ահաբեկչական խմբավորումներ չէինք, ինչ էինք անելու, հո Պուտինին չէինք ուտելու: Կարող է հայտարարեն, թե միջուկային զենք էլ էինք պատրաստվում պայթեցնել»,- ասաց նա, հավելելով, թե մինչեւ «Պուտին պապան» կհեռանար Հայաստանից` հայտարարված էր արտակարգ դրություն: Արթուր Սաքունցը հավելեց, որ ոստիկանությունը իր քաղաքացիների հանդեպ վարվում էր այնպես, ինչպես վարվում են ահաբեկիչների հետ:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/12/03/411120/