Արթուր Սաքունցը հավանական է համարում, որ կանայք ևս պարտադիր բանակ զորակոչվեն
07:47, June 21, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱղջիկներին Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու իրավունք և հնարավորություն տալը, հավանական է, որ հետագայում հանգեցնի կանանց պարտադիր զորակոչին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Այն տենդենցները, որ հիմա գնում են՝ համալրման հետ կապված խնդիրներ և այլն, դա խոսում է այն մասին, որ երևի թե ռեսուրսների ուժեղացման կամ համալրման հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Արթուր Սաքունցը:
«Չեմ կարծում, ամեն դեպքում»,- ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով, սակայն, կտրականապես հերքեց, թե նման բան կարող է տեղի ունենալ բանակի չհամալրման պատճառով:
«Իրավապաշտպանները, կներես, ինչ ասես ասում են, իրավապաշտպանները դարձել են ռազմական փորձագետ»,- ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը։
Նշենք, սակայն, որ նման քաղաքական որոշում կայացվելու դեպքում անհրաժեշտ են ոչ միայն օրենսդրական, այլև սահմանադրական փոփոխություններ, քանի որ Սահմանադրության համապատասխան հոդվածն ամրագրում է, որ ՀՀ զինված ուժերում ծառայում են միայն 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները:
Այսուհանդերձ, իրավապաշտպանը բացասական չի համարում այս օրինագծի ընդունումը, նաև խիստ մասնագիտական՝ գենդերային իրավահավասարության տեսանկյունից:
«Բայց բանակում, այս թվում նաև ռազմական ուսումնական հաստատություններում, քանի դեռ կա ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը ու բարոյահոգեբանական մթնոլորտի առումով իրավիճակը չի փոխվել, արդյոք դա որևէ բան կփոխի՞։ Ես խիստ կասկածում եմ»,- ասաց նա:
Իրավապաշտպանն այն կարծիքին է, որ չկա անհաղթահարելի կարծրատիպ, չկա կարծրացած մտածելակերպ։ «Երբ Այծեմնիկը կամ Սոսե մայրիկը պատերազմ էին գնում… Սարդարապատի ժամանակ կանայք էլ էին մասնակցում, դա էլ չէ՞ր մենթալիտետ»,- ասաց իրավապաշտպանը: