Արթուր Սաքունցը` «մարտի մեկի» հանձնաժողովի ստեղծման մասին. «ՀՀԿ-ն սոփեստություն է անում»
14:04, February 27, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԽորհրդարանական այս քառօրյայում արտահերթ կարգով քննարկվում է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ ազգային կոնգրեսի հեղինակած որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ քննարկումները թեժ են ընթանում, կրքերը բորբոքվում են այն աստիճան, որ փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ են հնչում: ՀՀԿ-ական պատգամավորները հարցը քննարկելիս նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնում են հոկտեմբերի 27-ի գործը, մյուս կողմից` հորդորում մարտի 1-ի հետ կապված ապացույցների կամ փաստերի գոյության պարագայում ներկայացնել համապատասխան մարմիններին: Ընդդիմադիր դաշտից փոխադարձ մեղադրանքներ են հնչում իշխանության հասցեին:
Aravօt.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վատահեցրեց, որ «կասկած չունի, թե նախագիծը չի անցնելու, քանի որ մարտի 1-ի պատասխանատվությունը կրում է քաղաքական մեծամասնությունը, որը մարտի 5-ին ԱԺում բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը և չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկեց`առանց ապացույցներ ունենալու»: Պարոն Սաքունցը կարծում է, որ ակնկալիքներ չունի էլ, եթե անգամ հանձնաժողով ստեղծվի, ապա այս բոլոր հուզող հարցերի պատասխանները տալու է:
Բայց մյուս կողմից շեշտեց. «Նախ առաջին հերթին օրակարգում է պահվում մարտի 1-ի հանցագործության իրավական գնահատական տալու հարցն ու անհրաժեշտությունը: Ցանկալի կլիներ, որ դա զուտ օրացուցային մարտի մեկի հետ կապված չլիներ, այլ վեց տարվա ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով լիներ առաջնային խնդիր: Դա նաև ինդիկատոր է հանդիսանում, որ ՀՀԿ-ն` քաղաքական մեծամասնությունը, որը այն ժամանակ ևս եղել է քաղաքական մեծամասնություն և իշխանության պատասխանատուն, անմիջական պատասխանատվություն է կրում այդ ոճրագործության համար»:
Արթուր Սաքունցը սոփեստություն է համարում այն, որ ՀՀԿ-ականները կարծիք են հնչեցնում, թե իրենք էլ են կողմ, որ նման հանձնաժողով ստեղծվի ու նկատում. «Եթե իրենք կողմ լինեին այնպես, ինչպես հիմա հայտարարում են, թե իրենք էլ մտահոգված են մարտի 1-ի հանցագործությամբ, իրենք էլ այդ հանձնաժողովը ստեղծելու առաջարկով հանդես կգային»: Որպես իշխանության «անգործության» վկայություն` Արթուր Սաքունցը նշեց այն հանգամանքը, որ անուշադրության է մատնվել իրենց նամակ-առաջարկը, որ ՀՔԾ հրավիրվեն բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք անմիջականորեն պատասխանատու են եղել այդ ոճրագործության համար:
Արթուր Սաքունցը նշեց, թե իշխանությունը դրանում շահագրգռված չէ ու ասաց. «Շահագրգռված չեն, քանի որ գործադիր իշխանությունն իրենց քաղաքական մեծամասնությունն է ղեկավարում և հենց իրենք կարող էին իրավապահ մարմիններին պահանջ ներկայացնել, որ այդ պաշտոնատար անձանց ՀՔԾ-ն հարցաքններ, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց ու օլիգարխներին, որոնց թիկնապահներին` ըստ փաստահավաք խմբի կողմից ներկայացված զեկույցների, զինվորական համազգեստ է բաժանվել և ներգրավված են եղել քաղաքացիների նկատմամբ բռնություններում: Քաղաքական մեծամասնությունը, եթե ուզենար, որ մարտի 1-ի հանցագործությունը բացահայտվեր, դրան իրավական գնահատական տալու և բացահայտման հնարավորություններն առավել քան ուներ»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2014/02/27/435811/