Արթուր Սաքունցը վերահաստատում է ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելու փաստը
00:45, November 14, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիպել է նոյեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանին, ով վերահաստատել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, ինչպես նաև վերջիններիս ուղեկցող ոստիկանների կողմից իրեն բռնությունների ենթարկելու, սեռական բնույթի հահոյանքներ և ընտանիքի մասնավորապես 14 ամյա որդուն նկատմամբ, սպառնալիքներ հնչեցնելու մասին փաստերը:
Արթուր Սաքունցը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է նաև Շանթ Հարությունյանի մարմնի վրա կապտուկների առկայության մասին:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին և նոյեմբերի 5-ին ձերբակալված այլ անձանց նկատմամբ ոստիկանապետի և փոխոստիկանապետի կողմից բռնություններ կիրառելու մասին ձերբակալվածներին առաջին այցելությունից հետո. հայտարարել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հանրությանը իրազեկել էր այդ մասին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախ հայտարարությամբ, ապա Ազատություն ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հերքել էր իր կողմից Շանթ Հարությունյանին բռնությունների ենթարկելու իրողությունը:
«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն», – ասել էր ոստիկանապետը:
Ոստիկանապետի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ևս երկու փորձ արեց այցելելու Նուբարաշենի մեկուսարանում պահվող Շանթ Հարությունյանին, սակայն ՔԿՀ դռները նրա առջև չբացվեցին: Պատգամավորը օրենքով նախատեսված իր լիազորությունները սահմանափակելու հարցով երեկ դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հարցը քննարկվեց և Նիկոլ Փաշինյանի առաջարկով որոշվեց ԱԺ հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանին և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ առաջացած խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:
Սակայն այսօր ԱԺ-ում այս հարցով նախատեսած հարց ու պատասխանը տեղի չի ունեցել: Այլ կերպ ասած բարձրաստիճան պաշտոնյաներից պարզաբանումներ ստանալու և Նիկոլ Փաշինյանի մուտքը ՔԿՀ արգելելու հարցի պատասխանը ձգձգվում է, ինչը, ըստ ամենայնի, միտումնավոր է արվում՝ բռնության ենթարկվածների մարմնական վնասվածքների հետքերը կորցնելու նպատակով:
Սակայն, ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդական խմբի փորձագետ Արթուր Սաքունցի այցը ևս մեկ անգամ բացահայտում է ձերբակալվածների նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բռնություն գործադրելու փաստերը:
Արթուր Սաքունցը նաև հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին, ինչին միանում են նաև այլ իրավապաշտպաններ:
Աղբյուրը` http://forrights.am/?ln=1&id_=19&page_id=41
Այս մասին այլ նյութեր՝
«Շանթն ինձ էլ ասաց, որ Վովա Գասպարյանը իրեն մի քանի անգամ խփել է» – galatv.am
Ոստիկանությունը հերքում է Արթուր Սաքունցի հայտարարությունը – civilnet.am