Արթուր Սաքունցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի
13:41, October 29, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀաղթանակն առայժմ ոստիկանապետինն է
Հոկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը` ընդդեմ առաջին ատյանի դատարանի, որն ընդունել էր որոշում` հօգուտ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռ 2011-ի նոյեմբերի 10-ին Վլադիմիր Գասպարյանի կողմից «կազմակերպության պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի» մասին հայցադիմում էր ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Այդտեղից գործն ուղարկվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հայցադիմումի հիմք էին դարձել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում և 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» հեռուստահաղորդմանը տրված հարցազրույցները: Իրավապաշտպանի պնդմամբ` ոստիկանապետը դեռ ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ վերոնշյալ հարցազրույցներում զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին: Վլադիմիր Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Ցավող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն` բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Հայցադիմումի մեջ նշվում է նաև, որ Վ. Գասպարյանն իր ելույթներում առանց անուններ նշելու (սակայն իր խոսքից արդեն իսկ պարզ է՝ ում մասին է խոսում), վիրավորում է նաև քաղաքացիական հասարակության այն բոլոր ակտիվ և համարձակ ներկայացուցիչներին, ովքեր ձայն են բարձրացրել ընդդեմ անօրինականությունների և ներկայումս մեր հասարակության մեջ ավելին քան արդիական թեմայի, այն է՝ բանակում մահացությունների թվին, դրանց անարդյունավետ քննությանը և մեղավորներին չպատժելուն: Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի՝ «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցին, ապա դրա ժամանակ նա հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուներն էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք` հերթ կանգնեք»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը նշել էր, որ «Հրապարակ» թերթի էլեկտրոնային էջում տպագրված հոդվածում ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի արտահայտություններն իրենց մեջ ներառում են վիրավորանք և զրպարտություն և դատարանից պահանջել էր կազմակերպությանը և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել խորհրդանշական 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
Անդրադառնալով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ իր դեմ ներկայացրած հայցադիմումին` Վլադիմիր Գասպարյանը 2011-ի նոյեմբերի 22ին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ ներել է իրեն դատի տված Արթուր Սաքունցին: «Ես ներել եմ Սաքունցին վաղուց», ասել էր Վլադիմիր Գասպարյանը: «Ես անցած էտապ եմ համարում էդ ժամանակահատվածը և կարծում եմ, որ Սաքունցն էլ պետք է հետևություն անի: Լավ չի, որ մարդիկ չեն ընկալում խնդիրը և վերածում են ձևի, և շատ հասկանալի է, որ գրանտակերները գրանտներն ստանում են մի նպատակի համար և օգտագործում այլ նպատակի համար, նրանք խաբում են, գրանտակերներ են և խաբում են դրանք հատկացնողներին ու այն հասարակությանը, որի համար տրված է», ասել էր Վլադիմիր Գասպարյանը:
Ինչևէ, առաջին ատյանի դատարանն ընդունել էր որոշում` հօգուտ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերաքննիչ բողոքով դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Սակայն հոկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց գրասենյակի վերաքննիչ բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի:
ՀՀ վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ գործում առկա փաստական հանգամանքներով հաստատվում է, որ բողոք բերող անձի կողմից վկայակոչված երկու դեպքում էլ կատարված արտահայտություններն ուղղված են անձանց անորոշ շրջանակի և կոնկրետ հայցվորի անվանումը ոչ մի կերպ չի հիշատակվում, այսինքն՝ երկու դեպքում էլ ընդհանուր արտահայտությունների տրամաբանությունից հետևում է, որ հայցվորին չի քննադատել պատասխանող կողմը, հետևաբար արված արտահայտությունները չեն արատավորում հայցվորի գործարար համբավը:
«Այն ապացույցները, որ մենք ներկայացրինք, թե Վլադիմիր Գասպարյանն իր արատավորող արտահայտություններով ում նկատի ուներ, դատարանը հաշվի չառավ», մեզ հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը` հավելելով, որ առանձնապես մեծ ակնկալիքներ դատարանից չուներ:
«Տվյալ դեպքում օրենսդրության մեկնաբանման հարց կա, գործարար համբավն արդյոք կարո՞ղ է վերաբերել միայն շահույթ հետապնդող կազմակերպություններին, թե նաև ՀԿ-ներին, սա կդառնա Սահմանադրական դատարանի հարց», նշեց Սաքունցը: Ըստ նրա` Վերաքննիչ դատարանն ինքը կարող էր ըստ օրենսդրության` ընդմիջել դա-տաքննությունը և նորմի սահմանադրականությունը պարզելու համար դիմել ՍԴ: «Բայց դատարանը չօգտվեց իր լիազորությունից, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ այն ոչ թե միտված է արդարադատություն իրականացնելուն, այլ ըստ նախապես մշակված պահանջի, դատական ակտ կայացնելուն», նշեց Սաքունցը: Ըստ նրա` պաշտոնատար անձինք իրենց հրապարակային արտահայտություններում գնահատական տալիս պետք է իմանան իրենց թույլատրելիության սահմանները: Իմանան, որ պատասխանատվություն ունեն քաղաքացիների առջև: «Պարզվում է` պաշտոնատար անձինք կարող են հայտարարություններ, գնահատականներ տալ, հետո հրաժարվել, ասել` ձեզ նկատի չունեինք: Շատ անպատասխանատու են: Մինչդեռ երբ քաղաքացիների կամ լրատվամիջոցների կողմից է նման հայտարարություն լինում, տեսնում ենք, թե ինչ հզոր մեքենա է ամբողջ ուժով գործադրվում: Պաշտոնատար անձանց դեպքում, որոնք ավելի հանդուրժող պետք է լինեն քննադատությանը, դատական պրակտիկան համարժեք մոտեցում ցույց չի տալիս, ցավոք», նշեց Սաքունցը տեղեկացնելով, որ դիմելու է Վճռաբեկ դատարան:
Աղբյուրը՝ http://sobesednik.am/am/social/3435-2012-10-27-20-08-04